«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2011-07-15 | #131, 2011-07-16 | #132, 2011-07-19


ՍԱՐՈՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՖՐԵԶՆՈՅԻ ԱՊՐԱՆՔԱՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 25-ի համարը Ֆրեզնոյում հրատարակվող «Ֆրեզնո Բի» թերթից արտատպել է Թարա Ալբերտի հոդվածը, որտեղ նշված է, որ Սարոյան անունը այլեւս չի կապվում Պուլիցերյան մրցանակի արժանացած աշխարհահռչակ գրող-դրամատուրգ կամ կարճ պատմվածքների վարպետի հետ: Այն ընդամենը Ֆրեզնո քաղաքի կենտրոնում գործող թատրոնի անունն է այժմ:

«Վերջին տարիներին հետաքրքրությունը նրա հանդեպ զգալիորեն նվազել է», նշում է Ֆրեզնոյի հանրային գրադարանի հատուկ հավաքածոների բաժնի մասնագետ Բիլ Սեկրեստը:

«Իսկ նրա անձնական ունեցվածքի մեծ մասը եւ հուշագրությունները այժմ գտնվում են քաղաքի ապրանքապահեստներից մեկում, փոշու մեջ կորած, անմխիթար վիճակում, ավելացնում է Սան Ֆրանցիսկոյում «Վիլյամ Սարոյան հիմնադրամի» նախագահ Հայկ Մարտիկյանը , հավելելով, որ առայժմ այդպիսով պահպանվում են` մինչեւ որեւէ թանգարան կամ համալսարան համաձայնի իր հարկի տակ «պատսպարել» դրանք:

Ճիշտ է, 2008-ին Ֆրեզնոն նշեց մեծ գրողի ծննդյան հարյուրամյակը, նրա պիեսների բեմադրություններով արվեստի գործերի, լուսանկարների ցուցադրումներով եւ գրքերի քննարկումներով, սակայն տունը, որտեղ երկար ժամանակ ապրել է, արդեն վաղուց չկա, քանդվել էՙ «ճանապարհ հարթելու համար քաղաքաշինության զարգացմանը»:

1981-ին նրա մահվանից հետո Ֆրեզնոյի պետական համալսարանը, գրադարաններն ու թանգարանները հիանալի առիթ ունեին տիրանալու նրա տպագրված եւ անտիպ գործերին եւ պահպանելու դրանք կործանումից: Սակայն նրանք թույլ տվեցին, որ նրա ունեցվածքի մեծ մասը տեղափոխվի Բերքլիի Կալիֆոռնիա համալսարան ու Ստենֆորդ համալսարան: Մնացած նյութերն ու անհատական օգտագործման որոշ իրեր (գրամեքենա, նամակներ, լուսանկարներ եւ նույնիսկ «Օսկարը», որ նա վաստակել էր «Մարդկային կատակերգության» վեպի սցենարի համար), երկար ժամանակ մշտական ցուցադրման էին դրվել մետրոպոլիտեն թանգարանում:

Ֆրեզնոն փաստորեն կորցրել է մեծ վարպետին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4