«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2011-07-15 | #131, 2011-07-16 | #132, 2011-07-19


«ՈՒՂՏԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ»ՙ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ

Նյու Ջերսիում գործող Վարդան Գառնիկի Օգանեսյանի «Հայ թատրոն-ստուդիայի» կազմակերպությամբ հունիսի 11-ին «Հայ-ամերիկյան կրթության եւ խրախուսման կենտրոնի» դահլիճում տեղի է ունեցել «Ուղտին հայրենիքը» տիկնիկային ներկայացման պրեմիերան: «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 25-ի համարի փոխանցմամբ, յոթ տղաներ եւ աղջիկներ արեւմտահայերենով բեմադրել են երեւանցի Սերգեյ Վարդանյանի կարճ պատմվածքըՙ վերցված 1989-ին հրատարակված «Արեւածաղիկ» ժողովածուից, որը 1994-ին վերահրատարակվել էր Ստամբուլում, Մաքրուհի Հակոբյանի կողմից արեւմտահայերենի վերածված տարբերակով: Վարդանյանը հիմնադիր-խմբագիրն է «Ձայն Համշենական» ամսաթերթի եւ հեղինակ Հայաստանի 12 պատմական մայրաքաղաքներին նվիրված հատորի:

Պիեսի հիմքում ընկած է հայրենիքի որոնման գաղափարը: Ուղտը համոզում է մյուս կենդանիներին (սկյուռին, ճագարին, գորտին) միասին ճանապարհ ընկնել, բայց երբ նրանք հասնում են անապատՙ ուղտի հայրենիքը, հասկանում են, որ իրենց հարմար չէ այդ վայրը եւ ցրվում են տարբեր վայրերՙ վերագնահատելով իրենց նախկին օրրանները ու տեղի արժեքները:

Վարդան Օգանեսյանը Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի դերասաններից էր, որն հետագայում դարձավ նաեւ գլխավոր ռեժիսոր: 1988-ին Կապանում հիմնել էր տիկնիկային թատրոն, իսկ 1990-ականներին արտագաղթել Մ. Նահանգներ: Վեց տարի եղել է ԹՄՄիության Մհեր Մկրտչյանի անվան թատերախմբի գեղարվեստական ղեկավարը: Ներկայիս ապրուստը վաստակում է հիմնականում զբոսաշրջիկներին ուղեկցելով դեպի Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Ատլանտիկ Սիթիի եւ այլ քաղաքների ու նահանգների տեսարժան վայրերը:

Երեխաների շրջանում մեծ ոգեւորություն առաջացրած տիկնիկային ներկայացումը, որի բեմական հարդարումներն ու տիկնիկների պատրաստությունը կատարել է Վարդանի կինըՙ Անահիտը, նախատեսվում է աշնանը բեմականացնել նաեւ Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի տարածաշրջաններում գտնվող հայկական դպրոցներում եւ եկեղեցիներին կից գործող դահլիճներում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4