Օգոստոսի 13-ին Երեւանում կտրվի Համահայկական 5-րդ խաղերի մեկնարկը, որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին: Խաղերի նշանաբանն էՙ «Միասնություն սպորտի միջոցով»: Համահայկական առաջին խաղերը կայացել են 1999-ին, որին մասնակցել են 62 քաղաքների 1150 մարզիկներ: 3-րդ խաղերից հետո որոշվեց 2 տարվա փոխարեն խաղերն անցկացնել 4 տարին մեկ: Այսօր արդեն հայտեր են ստացվել 86 քաղաքների 2214 մարզիկներց: Սպասվում է, որ քաղաքների թիվը կհասնի 100-ի, իսկ մարզիկներինըՙ 3 հազարի: Այս մասին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի մամուլի սրահում երեկ տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրեց Համահայկական 5-րդ խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը , որը բոլորովին վերջերս է ստանձնել այդ պաշտոնըՙ փոխարինելով Արմեն Գրիգորյանին:
Իշխան Զաքարյանը նշեց, որ խաղերի օրերին սպասվում է 8-10 հազար զբոսաշրջիկների այց Հայաստան: Մասնակիցները բոլոր ծախսերն իրենք են հոգալու: Խաղերի կազմակերպման եւ անցկացման համար պետբյուջեից 80 մլն դրամ է հատկացվել, որը դեռեւս չի ստացվել: Ըստ Զաքարյանի, այդ գումարը չի բավականացնի, ուստի կազմկոմիտեն մի խումբ հովանավորների է ընդգրկել, որոնք կաջակցեն միջոցառման բարձր մակարդակով անցկացմանը:
Համահայկական 5-րդ խաղերի ծրագրում ընդգրկված է 10 մարզաձեւ. ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, լող, թեթեւ ատլետիկա, բադմինտոն, թենիս, սեղանի թենիս եւ շախմատ: Արդեն հստակ որոշված են այն մարզադահլիճներն ու մարզադաշտերը, որոնցում անցկացվելու են մրցումները: Ընդ որում նույնիսկ մասնավոր անձանց պատկանող մարզակառույցները տրամադրվելու են անվճար: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանում խաղերի ժամանած մասնակիցներից վիզայի համար գումար չի գանձվելու:
Իշխան Զաքարյանը տեղեկացրեց նաեւ, որ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները կհսկեն խաղերի կազմակերպման հետ կապված ֆինանսական բոլոր հարցերը: Նա խոստացավ խաղերի ավարտից հետո լրատվամիջոցներին ներկայացնել ֆինանսական հաշվետվություն Համահայկական 5-րդ խաղերի կազմակերպման եւ անցկացման նպատակով ծախսած գումարների: