Տիգրան Պետրոսյանը հիանալի հանդես եկավ իսպանական Բենասկ քաղաքում անցկացված շախմատի մրցաշարումՙ արժանանալով 4 հազար եվրո գլխավոր մրցանակին: Տիգրանը 10 հնարավորից վաստակեց 8,5 միավոր ու գրավեց առաջին տեղը: Ավարտական 2 տուրերում հայ գրոսմայստերը նախ ոչ-ոքի խաղաց Գեորգի Տիմոշենկոյի հետ, ապա շահեց վճռորոշ պարտիան Թվան Բուրգի հետ մրցավեճում, որը Պետրոսյանի, Ալեքսանդր Դելչեւի եւ Խուլիո Գրանդայի հետ վաստակել էր 7,5-ական միավոր: 10-րդ տուրում Դելչեւն ու Գրանդան հաշտություն կնքեցին ու Պետրոսյանից հետ մնացին կես միավորով:
Տիգրան Պետրոսյանը գերազանց անցկացրեց մրցաշարըՙ չկրելով ոչ մի պարտություն: Անցկացրած 10 պարտիաներից 7-ում նա հաղթեց, 3-ն ավարտեց ոչ-ոքի: Ընդ որում մեկնարկից Տիգրանը 6 անընդմեջ հաղթանակ էր տոնել:
Անպարտելի մնաց նաեւ Զավեն Անդրեասյանը, որը 7,5 միավորով գրավեց 14-րդ տեղը: Զավենը վերջին 2 տուրերում հաշտություն կնքեց չեխ Իրժի Ստոչեկի եւ իրանցի Էլշան Մորադիաբադիի հետ: Հայաստանի 3-րդ ներկայացուցիչըՙ Կարեն Մովսիսյանը վերջնագծում անհաջող խաղաց ու արդյունքում 6,5 միավորով զբաղեցրեց 46-րդ տեղը: 9-րդ տուրում նա հաղթեց իսպանացի Դանիել Մորենոյին, իսկ մրցաշարն ավարտեց իսպանացի մեկ այլ շախմատիստիցՙ Դավիթ Պարդոյից կրած պարտությամբ: