Պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու եւ մեր երկրում առկա իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույց պատրաստելու համար Հայաստան պետք է այցելեին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը: Սակայն Պրեսկոտը չի ժամանել, քանի որ ուշացել է ինքնաթիռից (Լոնդոն մեկնող այն գնացքի տակ, որի մեջ Պրեսկոտն է եղել, ինքնասպան է նետվել): Այնպես որ երեկ Աքսել Ֆիշերը միայնակ հանդիպեց Հայաստանի ԱԺ խմբակցությունների հետ (ՕԵԿ-ը չի եղել այդ հանդիպմանը)` խոսելով Հայաստանի վերաբերյալ աշնանը ներկայացվելիք զեկույցի մասին:
Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության լրատվության` Ֆիշերն իր այցը լավ հնարավորություն է համարել` այդ զեկույցում Հայաստանի վերջին զարգացումները ներառելու համար. նա նկատի է ունեցել ե՛ւ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ե՛ւ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը (ահա թե ինչու էր հարկավոր իշխանություն-ՀԱԿ երկխոսության այս ամառային հանգրվանը-Մ.Խ.), որոնցում Ֆիշերը դրական պահեր է նկատել:
Կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչներն էլ անմիջապես շեշտել են հայաստանյան իրականության մեջ քաղաքական նոր մշակույթի, հակասություններից համագործակցության անցնելու հնարավորության մասին` չնայած դժվարություններին (Ն. Զոհրաբյան, Դ. Հարությունյան):
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դ. Հարությունյանը մանրամասն անդրադարձ է արել ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընթացքին` նշելով, որ Վենետիկի հանձնաժողովից ստացված առաջարկների 90 տոկոսը արտացոլվել է նախագծում: Նա խոսել է նաեւ դատաիրավական բարեփոխումների մասին, ապա անհամաձայնություն է հայտնել 1416 բանաձեւով ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքի վերսկսման վերաբերյալ, ինչը հայկական կողմը անարդյունավետ եւ վտանգավոր է համարում:
Ն. Զոհրաբյանն էլ համազեկուցողի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում հայատյաց քարոզչության վրա` ադրբեջանական դասագրքերի վերաբերյալ իր հետազոտությունը ներկայացնել խոստանալով եւ նշելով, թե ԵԽԽՎ-ում երկու հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորելու հարցից պետք է սկսեին եւ ոչ թե ԼՂ վերաբերյալ ենթահանձնաժողովից:
Հետաքրքրական է, որ Ա. Ֆիշերը հասկանալի է համարել հայկական պատվիրակության դիրքորոշումը ԼՂ ենթահանձնաժողովի հարցում, քանի որ, իր խոսքով, մասնակցելով ենթահանձնաժողովի նիստին, տպավորություն է ստացել, որ այնտեղ գաղափար չունեն, թե ի՞նչ հարցով են զբաղվելու:
Այնուհետեւ Ռ. Ֆիշերը հանդիպել է նախ ՀՅԴ, ապա «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ՀՅԴ-ից Արտյուշա Շահբազյանն ու Հրայր Կարապետյանը նախ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը ողջունելի են համարել` որպես ներքաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց, բայց եւ նշել են, թե պարզ չէ երկխոսության թեման, իսկ ՀԱԿ-ի առաջարկած արտահերթ ընտրություններն իրենց հետ անկայունություն կբերեն: Հրայր Կարապետյանը, որպես գլխադասային համապատասխան հանձնաժողովի նախագահ ոստիկանությունում սկսված բարեփոխումները նույնպես ներկայացրել է: Ա. Ֆիշերը խոսել է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԶԼՄ-ների ազատության մասին:
«Ժառանգության» ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետը` ԵԽԽՎ բանաձեւերով Հայաստանի պարտավորությունների անբավարար կատարման մասին, մտահոգություն հայտնել վերջին կոալիցիոն հուշագրի բովանդակության եւ հետապնդած նպատակների, միակողմանի ընտրական օրենսգրքի եւ ԿԸՀ կազմավորման արատավոր գործընթացի, ԶԼՄ-ների շուրջն ստեղծված իրավիճակի առումով, նշել մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտման անհրաժեշտությունը:
Օրվա երկրորդ կեսին, ՀԱԿ-ի հաղորդագրության համաձայն, հանդիպել են նաեւ Ա. Ֆիշերն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին` մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանն ուղղված ջանքերի համար, ապա ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական գործընթացները, հատկապես իշխանություն-ընդդիմություն երկխոսության ընթացքը: Նա խոսել է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ-ի պահանջի, ազատ ընտրություններով Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու եւ ընտրական մեխանիզմները բարելավելու, ինչպես նաեւ 2000 հազար միջազգային դիտորդ ուղարկելու անհրաժեշտության մասին, չի մոռացել նաեւ հեռուստաեթերի տոտալ վերահսկողությունը բացառելը:
Իսկ ավելի վաղ նախագահ Սարգսյանն էր երեկ ընդունել Ա. Ֆիշերին` բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի եւ ԵԽԽՎ-ի հետ ձեւավորված համագործակցությունը եւ շեշտելով, որ Եվրոխորհրդի իրականացրած աշխատանքը շատ կարեւոր է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ ներքաղաքական գործընթացներին:
Ա. Ֆիշերի փաստահավաք առաքելությունը կավարտվի հինգշաբթի օրը:
Մ. Խ.