Վրաստանում կրոնական համայնքներին որպես հանրային իրավունքի սուբյեկտ գրանցվելու հնարավորություն տվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո վրաց պատրիարքարանի բարձրացրած աղմուկն ու բացասական արձագանքը հանդարտվելու միտումներ ցույց չեն տալիս: Ամեն դեպքում, վրաց պատրիարքարանը, առանձնակի չշեշտելով ունեցվածքային հարցերի կարեւորությունն իր համար, հանրության աչքին փորձում է զբաղվել իր կարգավիճակին որեւէ սպառնալիք թույլ չտալու մտահոգության հիմնավորմամբ:
Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հիշատակված օրենսդրական փոփոխություններից հետո վրաց պատրիարքարանին խոստացված եւ ստեղծվելիք համատեղ հանձնաժողովը, որ պիտի զբաղվի եկեղեցական հարցերով, կկոորդինացնի Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Վերջինիս հետ հանդիպմանը Վրաստանի խորհրդարանական մեծամասնության եւ վրաց պատրիարքարանի սուրբ սինոդի ներկայացուցիչները համաձայնության են եկել հանձնաժողովը ձեւավորելու 12-ական անդամներով յուրաքանչյուր կողմից, ընդ որում` որոշումների ընդունման 2/3 կշռի հաստատմամբ:
Գիլաուրին տեղեկացրել է, որ հանձնաժողովը միավորելու է չորս հանձնաժողով` աշխատելով չորս հիմնական ուղղություններով: Մեկ հանձնաժողովը կզբաղվի արտերկրում վրաց եկեղեցու կարգավիճակի հարցերով: Երկրորդ հանձնաժողովը, որն, ըստ վարչապետի խոսքերի, արդեն իսկ փաստացի գործում է, կքննարկի ունեցվածքային հարցերը: Եվս մեկ հանձնաժողով կկարգավորի շինությունների, կառույցների եւ մշակութային հուշարձանների հարցերը, իսկ վերջին հանձնաժողովը կվերահսկի վրաց եկեղեցու հետ պետության կնքած սահմանադրական պայմանագրի կատարումը:
Բնավ էլ պատահական չէ, որ դեռեւս քննարկման փուլում, բայց արդեն իսկ մեկ ուղղությամբ պետություն-վրաց եկեղեցի հանձնաժողովն արդեն գործում է, նկատի ունեմ ունեցվածքային հարցերը:
Այդուհանդերձ, եթե անգամ հաշվի առնենք պետական չինովնիկների հայտարարությունները, թե վրաց եկեղեցու ունեցվածքը որեւէ մեկը չի վիճարկի, ապա այնքան էլ հստակ չէ, թե ինչու է ունեցվածքային հարցերով զբաղվելու մի հանձնաժողով, որի թեմատիկ հարցերից մեկն էլ Վրաստանում վիճահարույց ներկայացվող հայկական եկեղեցիների խնդիրն է լինելու: Եվ դա այն դեպքում, երբ այդ եկեղեցիները որեւէ առնչություն չունեն վրաց եկեղեցու հետ, այլ վաղուց արդեն գտնվում են Վրաստանի պետական հաշվեկշռում, այսինքն` դրանք Հայ առաքելական եկեղեցուն վերադարձնելու հարցը զուտ պետության խնդիրն է, այլ ոչ վրաց հոգեւորականների հետ հավասարազոր պայմաններում քննարկելիք թեմա:
Մյուս կողմից, այս համատեղ հանձնաժողովի ստեղծումը ակնհայտորեն ձգձգելու է Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններից բխող քայլերը, որոնք բնականաբար վերաբերում են Վրաստանում կրոնական համայնքների ունեցվածքային հարցերին: Իսկ որ վրաց եկեղեցին հավակնություններ ունի թեմեր ունենալու այնպիսի վայրերում, որտեղ անգամ վրացի չկա, չխոսելով վրացական եկեղեցիների չգոյության մասին, անհարմար վիճակի մեջ է դնում հենց վրաց եկեղեցուն, քանի որ որեւէ թեմ, անգամ ստեղծվելու դեպքում, ինքնանպատակ ու առանց հոտի երկար կյանք ունենալ չի կարող:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ