«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2011-07-19 | #133, 2011-07-20 | #134, 2011-07-21


ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՆՕԹԵՎԱՆ ՈՐՈՇ ԹՎՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

Աղետի գոտում երկրաշարժից անօթեւան ընտանիքների բնակապահովման ավելի քան երկու տասնամյակ ձգձգվելու պատճառով բնակարանի հավակնորդ շատ ընտանիքների հարցում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք նրանց այսօր հնարավորություն չեն տալիս համալրել պահանջվող փաստաթղթերի փաթեթը եւ մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին: Մասնավորապես, անցած 23 տարիների ընթացքում բնակարանի շահառու շատ ընտանիքների ներսում ձեւավորվել են մեկից մինչեւ մի քանի նոր ընտանիքներ, որոնք սակայն, գործող կարգի համաձայն, միասին ստանալու են մեկ բնակարան, այն էլ` երկրաշարժին նախկին փոքր ընտանիքի կորցրած սենյակների քանակով:

Գյումրու «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության երեկ տարածած հաղորդագրության մեջ այս ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշում է, թե իրենց գրասենյակ են դիմում բազմաթիվ ընտանիքներ, որոնց կազմում հաշվառված մեկ կամ մի քանի անդամներ, համաձայնության չգալով ստանալիք բնակարանների ապագա պատկանելիության հարցում կամ ինչ-ինչ այլ դրդապատճառներով` հրաժարվում են ընտանիքի մյուս անդամներին տրամադրել իրենց անձնական փաստաթղթերը, ինչի պատճառով հնարավոր չի լինում ամբողջացնել բնակարան ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը: Գյումրիում ներկայումս ընթացող բնակբաշխման գործընթացին չեն կարողանում մասնակցել նաեւ այն 150 ընտանիքները, որոնք թեեւ երկրաշարժին բնակարան են կորցրել եւ մինչեւ օրս չեն փոխհատուցվել, սակայն անօթեւաների հերթացուցակում հաշվառված չեն: Կենտրոնի ուսումնասիրություններով` այդ ընտանիքների գերակշիռ մասը վերահաշվառման ժամանակ բացակայել են Հայաստանից եւ փաստորեն զրկված են բնակարան ստանալու իրավունքից, քանի որ աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հաշվառման կարգը սահմանող կառավարական որոշումներով անօթեւանների հերթացուցակում հաշվառվելու դիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանված է եղել 2008 թ. նոյեմբերի 1-ը:

Բնակարանների բաշխման գործընթացին բոլոր անօթեւան ընտանիքների մասնակցությունն ապահովելու, նրանց խարխուլ տնակներից օր առաջ ձերբազատվելու հնարավորություն ընձեռելու եւ Գյումրիում անօթեւանության խնդրի թեթեւացման նպատակով «Շիրակ կենտրոնը» դիմել է ՀՀ վարչապետին եւ քաղաքաշինության նախարարին, առաջարկելով առկա իրողություններից բխող նոր փոփոխություններ կատարել բնակբաշխման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշումներում: Դիմումում առաջարկվում է բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռել բնակարան ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթները մասնակի համալրած այն ընտանիքներին, որոնց մեկ կամ մի քանի անդամներ գրավոր եւ պատշաճ իրազեկվելուց հետո էլ հրաժարվում են տրամադրել իրենց անձնական փաստաթղթերն ու մասնակցել գործընթացին, իսկ իրենց փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվող քաղաքացիներին այլեւս չճանաչել բնակարան ստանալու շահառու: Առաջարկվում է երկրորդ փոփոխությամբ այդ գործընթացին մասնակցելու հնարավորություն տալ անօթեւանների հերթացուցակում հաշվառման եւ վերահաշվառման ժամանակ Հայաստանից ժամանակավորապես բացակայելու եւ տարաբնույթ այլ պատճառներով հաշվառումից դուրս մնացած այն ընտանիքներին, որոնք երկրաշարժին բնակարան են կորցրել, սակայն մինչեւ օրս չեն փոխհատուցվել:

Անհրաժեշտ է համարվել նաեւ ՀՀ կառավարության կողմից մինչեւ 2013 թվականը աղետի գոտում իրականացվող բնակարանաշինության ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել երկրաշարժի հետեւանքով սեփական տուն կորցրած եւ նախկինում բնակարանով ոչ ամբողջովին ապահովված ընտանիքներին:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4