Արտագաղթի թեման Հայաստանի համար միշտ էլ եղել է կարեւորագույն խնդիրներից մեկը, սակայն ուշագրավ է, որ այս հարցը այնքան չի շոշափվել մինչեւ 2001 թվականը, որքան վերջին շրջանում: Բնականաբար, ներքին որոշ ուժերի ոգեւորված շահարկումներն այս թեմայով իսկույն սկսեցին օգտագործել ադրբեջանցիները: Այն էլ` մեծ ոգեւորությամբ: Թեպետ, եթե անկեղծ լինենք, ոչ պակաս ոգեւորությամբ թե ներքին շահարկումները, թե առավել եւս ադրբեջանական բարբաջանքները «ռասկրուտկա» են անում մեր առանձին լրատվամիջոցներ: Իսկ որ նշյալ արծարծումները հաճախ շահարկումներ են, ցույց են տալիս բազմաթիվ փաստեր:
Նախ, 2001 թվականը պատահական չնշեցինք: Հուլիսի 20-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը նշեց, որ մինչեւ 2001-ը արտագաղթածների թիվը տատանվում է 1-1,1 մլնի սահմաններում: Այնինչ, հենց այդ տարիներին թեմայի քննարկումներն ավելի քիչ էին, քան այսօր, առավել եւս, որ դրա մասին խոսում են հենց նշյալ տարիների արտագաղթի գլխավոր պատասխանատուներն ու հեղինակները:
Շահարկումների մասին շատ հստակ արտահայտվեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ` միգրացիոն քաղաքականությանը նվիրված խորհրդակցության ժամանակ. «Եթե մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում թվերի ու միտումների պարբերական հրապարակային մեկնաբանությանը, ապա կիսատ-պռատ եզրակացությունների ու մակերեսային վերլուծությունների միջոցով բավականին ակտիվ շահարկումներն ուղղակի անխուսափելի են դառնում»: Ավելին, հանրապետության ղեկավարը նշել է, որ շատ ուշադիր հետեւել է այս հարցի շուրջը ծավալված հանրային բանավեճին եւ կարծում է, որ ո՛չ մեր փորձագետները, ո՛չ համապատասխան կառույցների ղեկավարները չկարողացան կամ չփորձեցին իրենց հրապարակային խոսքով ազդեցիկ կերպով բացատրել ու հորդորել մեր քաղաքական գործիչներին` որեւէ ցուցանիշ թմբկահարելուց առաջ ավելի համակողմանի ներկայացնել պատկերն ու հիմնվել օբյեկտիվ միտումների վրա»:
Հիմա փորձենք փաստացի թվերի ու միջազգայնորեն ընդունված հաշվարկների միջոցով հասկանալ` իրականում որքանով է արդարացված բարձրացված աղմուկը: Այն, որ արտագաղթը եւ միգրացիոն գործընթացները Հայաստանում համընդհանուր հետաքրքրությունների եւ մտահոգության առարկա են, նշեց նաեւ հանրապետության նախագահը: Սակայն, այսպես կոչված, օդից փախցրած որեւէ թվի հիման վրա նման աղմուկ բարձրացնելը որեւէ տրամաբանության չի ենթարկվում:
ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքներով` ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3213011 մարդ, իսկ առկա բնակչության քանակի ցուցանիշը` 3002594 մարդ:
Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների, 2002-2010թթ. հանրապետությունում պաշտոնապես վարչական գրանցումների եղանակով արձանագրվել է 351100 կենդանի ծնունդ եւ 240500 մահվան դեպք, այսինքն`բնակչության բնական հավելաճի ցուվանիշը կազմել է 110600 մարդ: Նույն ժամանակահատվածում պաշտոնապես վարչական հաշվառման ենթարկվող բնակչության տեղաշարժերի վերաբերյալ տվյալներով` հաշվառումից հանվածների թվաքանակը (69,2 հազ.) 57500 մարդով ավելի է եղել, քան հաշվառման կանգնածների թվաքանակը, ինչի հաշվին բնակչության ընդհանուր հավելաճի ցուցանիշը կազմել է 53100 մարդ (110600-ից հանած 57500): Ընդ որում, բնակչության թվաքանակի ցուվանիշի հաշվարկի ժամանակ կիրառված վիճակագրական ճշգրտման արդյունքում 2002-2010թթ. ընթացքում բնակչության թիվն աճել է 49700 մարդով, այլ ոչ թե նվազել, ինչպես փորձում են ներկայացնել:
Հաշվի առնելով, որ պաշտոնապես վարչական հաշվառմամբ չի ապահովվում բնակչության տեղաշարժերի ամբողջական ընդգրկումը, այդ իսկ պատճառով այլընտրանքային եղանակով բնակչության տեղաշարժերի վերաբերյալ տվյալներ են ստացվում նաեւ ըստ սահմանահատումների: Վերը նշված ժամանակահատվածում ՀՀ սահմանային կետերով իրականացված արտաքին ուղեւորշրջանառության կազմում` հանրապետությունից դուրս ուղեւորությունների ցուցանիշը 57,8 հազարով գերազանցել է դեպի հանրապետություն ուղեւորությունների թվին: Այսինքն, երկու աղբյուրների տվյալները վիճակագրորեն շատ մոտ են:
Ինչ վերաբերում է 2011-ի առաջին կիսամյակի տվյալներին, ապա, ինչպես նշեց հանրապետության նախագահը, Հայաստանից մեկնողների թվաքանակն առաջին 6 ամիսներին 67 հազար մարդով գերազանցել է ժամանողներինը: «Սա որեւէ նոր միտում չի ենթադրում եւ ամբողջությամբ համապատասխանում է անցած տարիների միտումներին, սակայն այն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը: Դա հիմնականում պետք է բացատրել այն հանգամանքով, որ համաշխահային տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամի հետեւանքները, եւ, մասնավորապես, Ռուսաստանում տնտեսության վերականգնմանը զուգընթաց, Հայաստանից վերսկսվել է եւ տեղի ունի աշխատանքային միգրացիայի տեմպերի աշխուժացում», ասաց Սերժ Սարգսյանը` միեւնույն ժամանակ հավելելով, որ «Հայաստանից դուրս, օտար ափերում հաջողություններ փնտրողների թվաքանակը պետք է համարել մեծ, եւ մենք պետք է, իհարկե, լուրջ անհանգստանանք այս խնդիրներով ու բազմապատկենք մեր ջանքերը բարեփոխումների արագացման գործում: Միակ գործոնը, որ կարող է իսպառ բացառել Հայաստանից մեկնողների ու ժամանողների թվաքանակի բացասական տարբերությունը` մեր երկրում այնպիսի պայմանների ստեղծումն է, ինչպիսի պայմանների համար մարդիկ հեռանում են երկրից»:
Ինչ վերաբերում է անընդհատ շահարկվող 45000 թվին, ապա դժվար է չհամաձայնել հանրապետության նախագահի հետ, որ եթե որեւէ մեկը նեղություն կրեր դիտարկել այս ցուցանիշի դինամիկան ամսական կամ եռամսյակային կտրվածքներով, ապա կարող էր հեշտությամբ նկատել, որ այս տարի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն հակառակ պատկերը կլինի եւ Հայաստան վերադարձողների ու Հայաստանից մեկնածների տարբերությունը կգերազանցի 40 հազարը, կամ, այսպես ասած, Հայաստանը լքածներից 40 հազարը կվերադառնա:
Ընդ որում, պետք է հաշվի առնել թե՛ սեզոնայնությունը, թե՛ նաեւ այն հանգամանքը, որ վերջին տարիներին Հայաստան մուտք գործած եւ Հայաստանից դուրս եկած մարդկանց թվաքանակը փոքր-ինչ ավելի է եղել Հայաստանի մշտական բնակչության համեմատ, ինչը նախ եւ առաջ խոսում է երկրի եւ հասարակության ընդհանուր զարգացումների մասին:
Հ.Գ.- Ինչ վերաբերում է ադրբեջանցիների ոգեւորությանն ու շահարկումներին այս թեմայով, ապա դրանց ուղղակի պետք չէ լուրջ վերաբերվել, նրանց այս նոր թեզն իրոք ծիծաղ առաջացնող է, ինչպես եւ նկատեց ՀՀ նախագահը:
Մ. ՍԵՄԵՐՋՅԱՆ