Թեպետ Ճարտարապետների միության բոլոր անդամները, անվանի ճարտարապետներն ու Ալեքսանդր Թամանյանի թոռը վստահեցնում են, որ կառավարության շենքի բակում նախատեսված թմբուկը կառուցվում է Ալ. Թամանյանի նախագծով, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը նախագծի հեղինակն է, հակառակն է պնդում: Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նարեկ Սարգսյանը նշել է, որ թմբուկի կառուցման հարցը նոր չէ:
«2008-ից բազմիցս անդրադարձ է եղել խնդրին: Ակտիվ քննարկումները վերսկսվել են, երբ կառավարությունը մի շարք նախարարությունների համար տարածք հատկացնելու խնդիր է դրել: «Կառուցել, թե չկառուցել թմբուկը» հարցն իր պատասխանն է ստացել վերջերս Երեւան քաղաքի քաղաքաշինական խորհրդի նիստում: Ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է, որ թմբուկի կառուցումը անհրաժեշտություն է», մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի խոսքն է փոխանցում Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նարեկ Սարգսյանի մեկնաբանությամբ` առանց ճարտարապետական այդ բաղադրիչի Հանրապետության հրապարակի տեսքը ամբողջական չէ: Անդրադառնալով ճարտարապետների ահազանգին, որ թմբուկի թամանյանական նախագիծը Սարգսյանը խեղաթյուրում է, Երեւանի գլխավոր ճարտարապետը հավաստիացրել էՙ նախագծից էական որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել:
«Բոլոր համամասնությունները ստուգված են, չափերը, արխիվային նյութերը երկար տարիներ ուսումնասիրված, ծավալների եւ արտաքին լուծումների մասով ամբողջական ճշգրիտ վերծանված են Թամանյանի նախագծի չափերը»:
Ճարտարապետը չի բացառել, որ շինարարության ընթացքում որեւէ նախագիծ կարող է որոշակի փոփոխություններ կրել, բայց ոչ գաղափարախոսության, ընդհանուր կոնցեպցիայի կամ ոճական լուծումների առումով: Վերջինիս խոսքով, Օպերայի եւ բալետի թատրոնի շենքի նախագիծը 20% շեղում ունի Թամանյանի բուն նախագծից. «Փոփոխությունները վերաբերում են վերեւից լուսավորության ապահովմանը: Այն տարիներին նման բան չէին անում տեխնիկական հնարավորությունների առումով»:
Թմբուկի ներքեւի մասում նախատեսված բաց տարածքներն էլ, ըստ Սարգսյանի, կթողնվեն հակահրդեհային անվտանգության ապահովման համար:
Երեւանի գլխավոր ճարտարապետի վստահեցմամբՙ նախագիծը պրոֆեսիոնալ է, բավականին բարձր դիրքի շնորհիվ մի շարք ուղղություններով լայն տեսադաշտ է ապահովվում:
13 հազար քմ, 50 մետր բարձրությամբ 13-հարկանի շինության կառուցման համար կպահանջվի 10 մլն դոլար: Երեւանի գլխավոր ճարտարապետի փոխանցմամբ` միջոցները կտրամադրվեն ոչ թե պետբյուջեից, այլ ներդնողներից` գույքային փոխանակմամբ:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկուկես տարում:
Հ. Հ.