Արդեն մի քանի օր Սանահինի վանական համալիրի անմխիթար վիճակն են բարձրաձայնում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ու անդամները: Մոտ մեկշաբաթյա լռությունից հետո երեկ մշակույթի նախարարությունը վերջապես արձագանքեց իրեն վերագրվող մեղադրանքներին եւ հայտարարեց, որ համալիրը մոտ ապագայում վերանորոգվելու է:
Նախարարության ուղարկած հաղորդագրության համաձայնՙ վերջին մեկ տարվա ընթացքում Հայ առաքելական եկեղեցին ձեռք է բերել վանական համալիրի նկատմամբ գույքային իրավունքի գրանցման վկայական, գերմանացի մասնագետների խումբը չափագրել է եկեղեցու հարավային ճակատը, որը խախտվել էր նստվածքների պատճառով: Հուշարձանի մասնակի պեղման աշխատանքները կմեկնարկեն աշնանը: Պետբյուջեն նախատեսել է 6 միլիոն դրամ տրամադրել այդ աշխատանքների կատարման համար, իսկ հուշարձանի վերականգնման աշխատանքների համար` 90 միլիոն դոլար:
«Իմ ուսանողական տարիներին` 1965-1970թթ., գործում էր հուշարձանների վերանորոգման արհեստանոց, որը Հուշարձանների պահպանության պետական գործակալությանը կից կառույց էր: Արհեստանոցի մասնագետները ամառային արձակուրդներին հավաքագրում էին մեզՙ ուսանողներիս, տարբեր եկեղեցիների ու վանքերի բարեկարգման աշխատանքները կազմակերպելու համար: Այդ կերպ ուսանողները բազմաթիվ վանքեր են բարեկարգել: Ուսանողները բարձրանում էին եկեղեցու գմբեթը, մաքրում բուսականությունից եւ քարերի արանքում լցնում նախապես մեզ տրամադրված քիմիական հատուկ նյութ: Այն ուժեղ ազդեցություն ուներ, եւ մի քանի տարի քարերի վրա բուսականություն չէր աճում», հիշում է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը : Նրա գնահատմամբ` փոխանակ խոսքին ուժ տալու, պետք է գործել, օգնել: «Այսօր էլ երիտասարդները կարող են նման նախաձեռնություններ իրականացնել: Անշուշտ, այս հարցում երիտասարդներին պետք է օժանդակեն գերատեսչությունները, նրանց տրամադրեն հագուստ եւ գույք, միջոցներ»:
«Չենք լռելու»-ն առաջարկում է լռել
«Չենք լռելու» երիտասարդական կազմակերպություն facebook սոցիալական ցանցի օգտատերերին խնդրում է վերջ դնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող խմբերի զարգացմանն ու տարածմանը:
«Այդ խմբերի գոյությունը որեւէ օգուտ չի տալու եւ իզուր ջուր է լցնում հակահայկական գործունեությամբ զբաղվող օտարածին կրոնական աղանդների ջրաղացին», ասում է իր ոգեւորությունից նոր ուշքի եկած կազմակերպությունը:
Հ. Հ.