«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2011-07-19 | #133, 2011-07-20 | #134, 2011-07-21


ԲԵԼԱ ՏԱՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԿԻՆՈՅԻՑ

Հունգարացի հայտնի ռեժիսոր Բելա Տարը իր կարիերան որպես սիրող կինոռեժիսոր սկսել է 16 տարեկանից: 20 տարեկանում «Ընտանեկան բույն» խաղարկային ֆիլմով կայացել է նրա դեբյուտը: Այժմ նա Գերմանիայում Բեռլինի կինոյի եւ հեռուստատեսության ակադեմիայի դոցենտ է: «Ոսկե ծիրան» երեւանյան 8-րդ կինոփառատոնին ներկայացրել էր «Նզովք», «Լոնդոնցի մարդը», «Թուրինյան ձին» ֆիլմերը: Փառատոնի եզրափակիչ հանդիսությունից առաջ Բելա Տարը պատասխանեց «Ազգի» հարցերին:

Բելա Տարի համար կինոյի լեզուն խոսքերը չեն, այլ պատկերները: «Ազգի» այն հարցին, թե ռեժիսորը որոշել է թողնե՞լ կինոն, Բելա Տարը ասաց. «Անկեղծորեն ասեմ, չեմ հոգնել, բայց եթե լուրջ խոսենքՙ 34 տարի է, որ զբաղվում եմ այս գործով եւ ինչ-որ առումով գտել եմ իմ լեզուն, իմ ոճը եւ կարծում եմ, որ կարողացել եմ ստեղծել ինչ-որ բան: Եվ այդ ամենից հետո ինձ համար կարծես շրջանը փակվել է եւ իմաստ չունի որեւէ բան կրկնել, կամ այլ ձեւով անել: Դա առաջին հերթին հարգանք է ձեր, հանդիսատեսի հանդեպ, որովհետեւ դուք հասուն մարդիկ եք եւ ամեն անգամ ռեժիսորից ակնկալում եք նոր բան: Իսկ թե ինչով կզբաղվեմ, կփորձեմ կյանքից վերցնել այն ամենը, ինչը բաց եմ թողել այս 34 տարիների ընթացքում ու իմ տիկնոջ հետ, որը մոնտաժող է, կվայելենք կյանքը, կշրջագայենք: Երեւի նաեւ Հայաստան գանք, որովհետեւ այս բիբլիական հողը շատ հետաքրքրական պատմություններ ունի իր խորքերում: Իսկ մինչ այդ մենք Հունգարիայում կինոֆիլմ արտադրող ընկերություն ունենք եւ փորձում ենք պաշտպանել այն մարդկանց, ովքեր կինոինդուստրիայում տեղ չունեն եւ իրենց ֆիլմը կինոշուկա չեն կարողանում ներկայացնել: Ես լավ ռեժիսոր համարում եմ նրանց, ովքեր ունեն ուրույն ձեռագիր, կինոյի լեզու, որ թեկուզ մի քանի կադրից արդեն ճանաչում ես ու հիանում, օրինակ, Ֆելլինին, Էյզենշտեյնը եւ շատ ուրիշներ»:

Ինտերնետը որքանո՞վ կարող է օգնել կամ վնասել կինոյի զարգացմանը մեր հարցին Բելա Տարը պատասխանեց. «Ես տանը ինտերնետ չունեմ եւ չեմ սիրում այդ հաղորդակցման միջոցը: Դեմ եմ կյանքը, սերը, սեքսը համացանց տեղափոխելուն եւ ինտերնետը ոչ մի բանով չի օգնում մարդկային հարաբերությունները ճիշտ ներկայացնելու գործում: Կյանքի իմաստը չգիտեմ, ես ֆիլմեր եմ արել պարզ ու հասարակՙ ցույց տալով, թե ինչպիսին են մարդիկ: Այնպես եմ ես իմ ֆիլմերի տեսարանները նկարահանում, որ մոնտաժելու շատ քիչ բան է մնում եւ քիչ ժամանակ եմ ծախսում: Մի անգամ Գոդարն ասել է, որ մոնտաժը պետք է անել հենց կամերայով նկարելիս: Հենց այդպես էլ անում եմ, քանի որ չեմ ցանկանում երկար մնալ մոնտաժի մութ սենյակումՙ կյանքիս լավագույն օրերը անցկացնել այդ վայրում»:

Տարը ցավով էր նշում, որ մեկ տարի է հունգարական կինոյում ոչինչ չի կատարվում, ֆիլմ չի արտադրվում, չնայած որ ունեն լավ ռեժիսորներ: Իսկ պատճա՞ռը: «Դա գալիս է քաղաքական գործիչներից»: Այնուհետեւ նա անդրադառնալով Աստծո գոյության հարցին ասաց. «Երբ խոսում ենք Աստծո մասին, կարծես ուզում ենք ասել, որ գտել ենք մեկին ու ամեն ինչ ուզում ենք բարդել նրա վրա: Մինչդեռ ամեն ինչ կախված է մեզանից եւ մենք ենք ստեղծում այս աշխարհը իր գույներով»:

Բելա Տարը կտրականապես որոշել է այլեւս ֆիլմ չնկարել: Հիշեցնեմ, որ նրա վերջին ֆիլմըՙ «Թուրինյան ձին» (2011 թ.) Բեռլինի միջազգային կինոփառատոնին արժանացել է «Արծաթե արջ» FIPRECI-ի ժյուրիի մրցանակին: Ռեժիսորը նկարահանել է շուրջ 30 ֆիլմ, որոնք համաշխարհային կինոֆոնդի գանձարանը հարստացրեցին: Իսկ երեւանյան «Ոսկե ծիրան»-ից Բելա Տարը իր հետ տուն տարավ «Փարաջանովյան տալեր» գլխավոր մրցանակըՙ կինոարվեստում ունեցած մեծ ավանդի համար:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4