«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2011-07-19 | #133, 2011-07-20 | #134, 2011-07-21


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԳԼԽԱՎՈՐԵՑԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը մրցաշարի հետնապահ Եգիպտոսի ընտրանին էր, որը պարտվել էր նախորդ 3 հանդիպումներում: Ուստի հայ շախմատիստներից այդ մրցախաղում խոշոր հաշվով հաղթանակ էր ակնկալվում, ինչն էլ ի վերջո գրանցվեց:

Եգիպտացիների հետ մրցավեճում մեր հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը հանգստանալու հնարավորություն էր ընձեռել թիմի առաջատար Լեւոն Արոնյանին: Նրան առաջին խաղատախտակի վրա փոխարինել էր Սերգեյ Մովսիսյանը, որը սպիտակներով 40-րդ քայլին պարտության մատնեց Ահմեդ Ադլիին: 2-րդ խաղատախտակի վրա էլ իր 2-րդ հաղթանակը տոնեց Վլադիմիր Հակոբյանը, որը պարտության մատնեց Բասեմ Ամինին: Որոշ ժամանակ անց մրցաշարում իր առաջին հանդիպումն անցկացնող Հայաստանի այս տարվա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթական 3-րդ միավորը պարգեւեց մեր թիմինՙ առավելության հասնելով Մոհամեդ Էզաթի նկատմամբ, միաժամանակ վճռելով մրցակցության ելքը: Վերջինն իր մրցավեճն ավարտած Գաբրիել Սարգսյանը 59-րդ քայլին հաշտություն կնքեց Սամի Շոկերի հետ:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը 6 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Դրան նպաստեց նաեւ Ադրբեջանի հավաքականի հաղթանակը ռուսների նկատմամբՙ 3-1: Ադրբեջանցիների հաղթանակն ապահովեցին Վուղար Հաշիմովն ու Գադիր Հուսեյնովը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկին եւ Պյոտր Սվիդլերին: Կարյակին-Ռաջաբով, Նեպոմնյաչնի-Մամեդյարով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Անհաջողության մատնվեց նաեւ Ուկրաինայի հավաքականը, որը 1,5-2,5 հաշվով պարտվեց հունգարացիներին: Վերջիններիս հաղթանակն ապահովեց Պետեր Լեկոնՙ առավելության հասնելով Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Չինաստանի հավաքականը մոտեցավ առաջատարինՙ 3,5-0,5 հաշվով պարտության մատնելով ԱՄՆ-ի ընտրանուն: Առաջին հաղթանակը տոնեցին հնդիկ շախմատիստներըՙ 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով իսրայելցիներին:

4 տուրից հետո առաջատարների խմբում նեղվածք է: Միանգամից չորս հավաքականներՙ Ադրբեջանը, Չինաստանը, Ռուսաստանն ու Հունգարիան 5-ական միավորով հետապնդում են հայ շախմատիստներին, որոնք միակ անպարտելիներն են: 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Չինաստանի ընտրանու հետ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Ադրբեջան-Ուկրաինա հանդիպումը: Կկայանան նաեւ Եգիպտոս-Ռուսաստան, Հնդկաստան-ԱՄՆ, Հունգարիա-Իսրայել մրցախաղերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4