Հիշեցնելով Քլինթոնին, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հետ ժխտում է նաեւ ազգային փոքրամասնությունների գոյությունը
Հուլիսի 19-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը, այցելելով Հյուսիսային Կիպրոս, կասկածի էր ենթարկել Կիպրոսի Հանրապետության գոյությունը: «Ազգ»-ը հուլիսի 21-ի համարում, անդրադառնալով Էրդողանի այցին, նշել էր նրա ի լուր աշխարհի արված հայտարարության հանդեպ մեծ տերությունների ցուցադրած հանդուրժողականության մասին եւ ավելացրել. «Հենց դրանում է միջազգային ուժերի որդեգրած քաղաքականության երկերեսանիությունը, ստորությունն ու չարանենգությունը»:
Թուրքական «Ռադիկալ» թերթից տեղեկանում ենք, որ մոտավորապես նույն նկատառումով լիբանանյան «Նահար» թերթի հուլիսի 18-ի համարում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին է մեղադրել Նայլա Թուվեյնին: Ի դեպ, Քլինթոնն այդ օրերին Ստամբուլում տարածաշրջանի համար ժողովրդավարության մոդել էր առաջադրել Թուրքիային:
Ահա թե ինչ է գրում «Թուրքիան ժողովրդավարության մոդել չէ» վերնագրով լիբանանյան թերթի հեղինակը. «Հիլարի Քլինթոնի Թուրքիա այցելության ամենանշանակալի պահը Կ. Պոլսո հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Բարդուղիմեոս Ա պատրիարքի հետ ունեցած հանդիպումն էր: Առանց պաշտոնական թույլտվության որեւէ մեկին ընդունելու իրավունքից զրկված պատրիարքը կարծես ձերբակալված լինի: Դրանով հանդերձ, հանդիպումից հետո տիկ. Քլինթոնը դրա առնչությամբ ոչինչ չասաց, պարզապես բավարարվեց «խոսքի ազատությունն ու ազգային փոքրամասնություններին հարգելու» մասին թուրքական իշխանություններին հասցեագրված կոչով: ԱՄՆ-ն այդ ի՞նչ մոդել է մեզ առաջարկում, որը նույնիսկ հրաժարվում է ճանաչել ազգային փոքրամասնությունների գոյությունը երկրում: Աշխարհիկության քողի տակ այս պետությունը փակել է երկրի միակ հոգեւոր ճեմարանն ու ոչ մի տեղ չի թողնում, որ արտերկրից քահանաներ գան պատրիարքարանում ծառայելու: Մի՞թե Քլինթոնը չգիտի, որ թուրքական դատարանի որոշումով Բարդուղիմեոս պատրիարքն աշխարհի ուղղափառների հոգեւոր առաջնորդը չէ, ոչ էլ ուղղափառ հույն համայնքի ղեկավարը: Նրան արդյո՞ք ծանոթ չէ որոշման «Թուրքիայի տարածքում կացության թույլտվություն ստացած պատրիարքը ենթարկվում է թուրքական օրենքներին եւ նրա տիեզերականության հավակնությունները զուրկ են իրավական հիմքից» դրույթին: Քլինթոնը չգիտի՞, թե երկրում ինչ պայմաններում են ապրում 1915-ի ցեղասպանության ենթարկված հայերը, որոնցից եվրոպական ընտանիքի մաս կազմելու հավակնություն ունեցող Թուրքիան առ այսօր ներողություն չի խնդրել: Չէ՞ որ Եվրոպան Հոլոքոսթի ամեն տարելիցին հրեաներից ներողություն պարտադիր խնդրում է: Միջպետական հարաբերություններում առանցքայինը քաղաքական շահերն են, ինչպես Թուրքիայի եւ հրեաների հարաբերությունների պարագայում... ԱՄՆ-ի եւ Իսրայելի սերտ հարաբերությունների շնորհիվ Թուրքիայի հրեաները միանգամայն այլ կարգավիճակում են, քան ազգային մյուս փոքրամասնությունները: Հետեւաբար, թուրքական իրականությունը հակասում է Թուրքիային մոդել առաջադրելու Քլինթոնի տեսակետներին»:
Հ. Չ.