ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Չգիտենք` աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ ընտրություններից հետո մի երեք տարի շարունակ խոսում են արտահերթ ընտրությունների եւ ոչ լեգիտիմ իշխանության մասին կամ (այս պահին) ամեն օր մամուլը գրում է ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին: Ու թվում է` ողջ ժողովուրդն ուրիշ բան ու գործ չունի, բացի ՀԱԿ-ի եւ իշխանության մասին մտածելուց, քնում-արթնանում է, չի ուտում, չի խմում, չի լողանում` միայն ՀԱԿ-ի եւ իշխանության երկխոսության մասին է մտածում: Աշխարհն էլ չգիտե, որ կառավարական գործերը ողջ ժողովրդով լուծելու սովորությամբ մենք Բելգիայից ավելի առաջ ենք, որովհետեւ Բելգիայում, ճիշտ է, ամիսներով, երբեմն էլ տարիներով չեն կարողանում կառավարություն ձեւավորել, բայց դա չի խանգարում, որ ազգովին լծված լինեն իրենց առօրյա գործին, ժողովուրդն էլ հումորով վերաբերվի իր կառավարություն չունենալուն, ոչ թե` լրջացնի, ողբերգություն դարձնի: Իսկ մեզ մոտ, արտաքին տպավորությամբ, լրիվ հակառակն է, ժողովուրդը բան ու գործը թողած, զբաղված է իշխանության ապագա պատկերը ձեւավորելով, իշխանություն-ընդդիմություն երկխոսությամբ: Իրականում` ժողովուրդն այդ բոլորին ականջի պոչով է հետեւում միայն, ու անգամ` զգալի մասը չի էլ հետեւում, էնքան դարդ ու ցավ ունի: Իրականում միայն քաղաքական էլիտան` հավակնություն ունեցողներն ու հավակնություններ չզիջողներն են զբաղված դրանով, իսկ խեղճ ժողովուրդը...
Մենք էլ մոդայից հետ չմնալու համար հետեւում ենք այդ էլիտայի շարժընթացին, փաստորեն ու այդպիսով ժողովրդով քիչ ենք զբաղվում: Ինչեւէ` առաջ, դեպի այսօր կայանալիք երկխոսության երկրորդ ռաունդ (ռաունդը` ՀԱԿ-ի բնորոշումն է): Դեռ լրագրողներն էլ կարող էին հավատարմագրվել` ՀԱԿ-ին հարողները` ՀԱԿ մամուլի ծառայությունում, իշխանամետները` ԱԺ մամուլի ծառայությունում: Չեզոք լրագրողների մասին ոչինչ չի ասված, մեզ մոտ չեն պատկերացնում, որ լրագրողը չի կարող լինել ընդամենը լրագրող, նա անպայման պետք է քաղաքական համակրանք ունենա: Այս ռաունդը, փաստորեն, որոշիչը պետք է լինի: Վերջապես կիմանանք` ինչի՞ շուրջն են պայմանավորվելու, ո՞րն է մեր թանկագին երկխոսողների օրակարգը:
Իսկ մինչ այդ` ենթադրություն անողների պակաս չկա: Բոլորն այժմ վերլուծում են, թե ի՞նչ կլինի արտահերթ ընտրությունների դեպքում, ինչ` սովորական-հերթական: ՀԱԿ-ը շարունակում է պնդել նախագահական արտահերթ ընտրություններ, բայց հավանաբար կբավարարվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, պարզ է` համապատասխան զիջումներ ստանալով իշխանական կողմից:
Մի խոսքով` արտահե՞րթ, թե՞ հերթական: Արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում մեզ սպառնում է մի իրավիճակ, երբ առաջին, երկրորդ եւ ներկա նախագահները կարող են առաջադրվել նախագահի թեկնածու: Քանի որ, դատելով երկխոսական մեղրից եւ որոշ արտահոսքերից, արտահե՞րթ, թե՞ հերթական` երկու դեպքում էլ եթե միայն գործող նախագահը առաջադրվի, Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի, իսկ եթե Քոչարյանն էլ առաջադրվի` Տեր-Պետրոսյանն անպայման կառաջադրվի, սա է արտահոսքի հմայքը: Եվ երկխոսական մեղրի ողջ հմայքը: Իսկ Քոչարյանն առաջադրվելու է, թե՞ ոչ` ոչ ոք դեռեւս չի կարող իմանալ, քանի որ նրան ճանաչողները գիտեն` եսիմ ինչ պետք է լինի, որ չառաջադրվի, իսկ որ ոմանք պնդում են, թե նա չի առաջադրվի, մենք էլ գտնում ենք, որ դա հոգեբանական հնարք է, եւ իրականությունը կարող է բոլորովին այլ լինել: Ի՞նչ է ստացվում. երկխոսելուց հետո հարցն այն է, թե ո՞ւմ վարկանիշը կավելանա, ումը` կնվազի` Տեր-Պետրոսյանի՞, թե՞ նախագահ Սարգսյանի: Բացի դրանից` նայած այստեղ խնդիրն ի՞նչ է. եթե ՀԱԿ-ն ուզում է ողջ խորհրդարանը (նկատի ունենք 50+1)` ԱԺ նախագահի տեղով հանդերձ, սա եւս փաստորեն իշխանափոխություն է: Ու կապ չունի, որ երեք ամիս է պետք` խորհրդարանի անգործունակության համար, որ նախագահն այն լուծարելու հնարավորություն ունենա: Միշտ էլ օրենսդրական լուսանցք կարելի է գտնել` այնպիսի փոփոխություն իրականացնելու համար, որն արտահերթը հնարավոր դարձնի: Ինչո՞վ սա իշխանափոխություն չի լինի, եթե նոր շիլաշփոթ մեծամասնությունը ապահովի ներկա նախագահի ընտրությունը, իսկ ԱԺ նախագահ դառնա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մնում է հասկանալ` սրան համաձայն կլինե՞ն ՀԱԿ-ի արմատական տրամադրված թեւը` վերնախավի եւ շարքերի, մյուս ոչ կոալիցիոն ուժերը, որոնց հանդեպ եւս հարկ կլինի վերաբերմունք ճշտել, այլապես նրանք կարող են լրջորեն խանգարել այսպիսի ծրագրերին: Մյուս կողմից` ի՞նչն է խանգարում այդպիսի ծրագիր իրականացնել հերթական խորհրդարանական ընտրություններին, անունը դնելով վստահելի ու թափանցիկ ընտրություններ (քիչ հետո կասենք, թե ինչո՞ւ այդպիսի բան հնարավոր չէ): Երկխոսությանը կամաց-կամաց կսովորեն, անգամ «Միասնություն» դաշինքի նմանությամբ նախընտրական դաշինքը գուցե ընտրություններին մոտիկ արդեն ուտվի` դե երկիր ենք փրկում, մանավանդ, եթե Ղարաբաղի վատ զարգացումներով ամեն կողմից անընդհատ սպառնան:
Շատ հնարավոր է` նոր հանրահավաքում, օգոստոսի 2-ին արդեն փաղաքշական բառեր հնչեն հանդեպ երկխոսող իշխանությունը, անգամ արտահերթի մասին խոսակցությունը շատ չպնդեն` նայած, թե ի՞նչ տեսակի պայմանավորվածություն է սկիզբ առնում այսօր (մինչ այդ եթե սկիզբ չի առել ստվերում):
Վերը նշված սցենարներով եթե անգամ շատ բարձր կլասի ընտրություն լինի, ընտրողների մի շոշափելի մաս ընտրի ՀԱԿ-ին (ինչը նվազող հանրահավաքավորի պարագայում գրեթե անհնար ենք համարում), հետո էլ իր տոկոսը հավաքած ներկա կոալիցիայի հետ նոր կոալիցիա կազմի, ապա ի՞նչ կլինեն մարդկանց բողոքի տարած այսօրվա խնդիրները, քանի որ դուրս կգա, որ մարդկանց մի խումբ, նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, չի կարողանում լուծել խնդիրները, բայց մի ուրիշ խումբ, էլի նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, խնդիրները կլուծի՞:
Այս սցենարը, իշխանական ուժերի հնազանդեցման դեպքում, ներքին բովանդակությամբ նույնն է, թե նախ արտահերթ նախագահական ընտրություններ լինեին, որովհետեւ ի վերջո այդ բոլորի նպատակը խորհրդարանի գրավումն ու նոր, բավական ՀԱԿ-ական կառավարության ձեւավորումն է, այն դեպքում, երբ ՀԱԿ-ի վարկանիշն այժմ ամենացածրն է: Իսկ ՀՀԿ-ի նորացման խոսակցությունները կարող են ծառայեցվել նրան, որ նոր ՀՀԿ-ական համամասնական ցուցակում այս սցենարին համաձայն մարդիկ կարող են լինել, իսկ այս սցենարին անհամաձայն հներից նորացման անվան տակ կազատվեն:
Բոլոր դեպքերում` դավադրությունների տեսությամբ չենք փորձում առաջնորդվել: Եթե անգամ մեկը, լինի դա ներկա նախագահը, թե ՀԱԿ-ի առաջնորդը, կամ երկրորդ էշելոնի ներկայացուցիչ, հիմնավորված արգումենտներ կբերի, որ այս սցենարը Հայաստանին, հայ ժողովրդին ու հայոց պետականությանը օգուտ կբերի ու ավելի իրատեսական է, երկխոսությանը անհամաձայն մարդկանցից շատերը կկարողանան մի կողմ դնել հակակրանքը, որ երկակի ստանդարտի կիրառման բույրից է առաջանում եւ այն մտքից, թե մարդկանց մի խումբ փոխարինվելու մյուսով, իսկ խնդիրները մնալու են, եւ այս բոլորը նորից մի քանի տարի է խլելու հայ ժողովրդից: Ամեն դեպքում ՀԱԿ-իշանություն երկխոսության երկրորդ ռաունդն այսօր ցույց կտա, թե դեպի ուր է գնում երկխոսությունը` դեպի երկակի մոտեցումնե՞ր, թե՞ իրոք դեպի մտահոգություն երկրի ճակատագրի հանդեպ: Մանավանդ` նախագահ Սարգսյանը մեկ օր առաջ ասել է` մի հավատա, երբ ասում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է` քաղաքականության մեջ կան անբարոյական մարդիկ, բայց այդ մարդիկ իրենց ընտանիքում էլ անբարոյական են, եւ ընդհանրապես` իրենց կյանքի ընթացքում են անբարոյական:
Հ. Գ.- Մինչ մենք երեք տարի խոսում ենք հակադրության ու երկխոսության մասին ու դոփում-դոփում-դոփում ենք, աշխարհում կյանքը լույսի արագությամբ է շարժվում. Ասանժը փոխեց մարդկանց պատկերացումները պետությունների եւ նրանց ղեկավարների մասին, արաբական աշխարհն ու Մերձավոր Արեւելքն այլեւս այլ տեսք ունեն, ու անգամ Եվրոպան այլեւս այն չէ` այստեղ հակաիսլամական տեռորի սկիզբը դրվեց, ու որքան էլ զարմանալի` այս անգամ ինչ-որ ձեւով առնչություն գտավ հայերի խնդրի հետ. Նորվեգիայում սարսափելի եւ անմարդկային ջարդ կազմակերպած ահաբեկիչ Անդրես Բերինգ Բրեյվիկը իր հակաիսլամական նշումներում իր պատկերացրած նոր «խաչակրաց պատերազմի» մասին ասել է.
«Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության տարածքը պետք է վերադարձվի Կիպրոսի հույներին, Արեւելյան Անատոլիա կոչվածըՙ Հայաստանին, Արեւմտյան Անատոլիանՙ Հունաստանին: Այդ տարածքները նորից քրիստոնեականացնելու համար պետք է պատերազմ սկսել: Իսկ ռազմական գործողություններից առաջ պետք է վերացնել Պակիստանի միջուկային զենքերը, քանի որ վերջինս դրանք կարող է տրամադրել Թուրքիային»: Աշխարհն էլի կանգնած է մարդաստեղծ մեծ կատակլիզմների շեմին, այդ թվում` բարոյական արժեքների առումով: