«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2011-07-22 | #136, 2011-07-23 | #137, 2011-07-26


ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԲԱԼԱՆ` «ՌԵԱԼ ՊՈԼԻՏԻԿՍ»

Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է արդիականացնել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը: Այդ մասին, ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Բաքվում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: Վերջինս նշել է, որ Ռուսաստանը Գաբալայի կայանի առնչությամբ իր առաջարկներն է պատրաստել ու ներկայացրել ադրբեջանական կողմին:

Սերդյուկովի ներկայացմամբ, առաջարկները վերամշակվել են, ընդլայնվել ու դրանցում ներառվել է նաեւ կայանի արդիականացման հարցը: Ըստ այդմ, մոտակա օրերին աշխատանքային խումբ կկազմվի, որը երկու շաբաթ կանցկացնի Բաքվում առաջարկների տեխնիկական հարցերը մշակելու համար: «Արդեն օգոստոսի 15-ից ես եւ իմ գործընկերը կարող ենք մանրամասն քննարկել կայանի հետագա շահագործման առնչությամբ համաձայնագրի յուրաքանչյուր դրույթ», ասել է Սերդյուկովը:

Դեռեւս խորհրդային ժամանակներում կառուցված ռադիոլոկացիոն կայանը հետխորհրդային շրջանում շարունակում է շահագործվել Ռուսաստանի կողմից, եւ միայն 2002-ին ստորագրվեց կայանի վարձակալության 10-ամյա համաձայնագիրը: 2006-ից էլ Ադրբեջանում սկսեցին քննարկել կայանի վարձավճարի կրկնակի ավելացման հարցը` տարեկան 7 մլն դոլարից հասցնելով մինչեւ 14,4 մլն:

Ինչեւէ, Սերդյուկովի Բաքու այցելությունը չի սահմանափակվել Գաբալայի կայանի առնչությամբ համաձայնագրի հետագա ընթացքի հարցերի քննարկմամբ, նաեւ անդրադարձ է եղել ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը, ներառյալ Ադրբեջանի զինված ուժերի կադրերի պատրաստման քվոտաների ավելացումը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4