«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2011-07-22 | #136, 2011-07-23 | #137, 2011-07-26


ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ԵՎՍ 10 ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10-րդ նիստը, որում ամփոփվել են 2011թ. I կիսամյակում կատարված աշխատանքները եւ նախանշվել են հանձնաժողովի հետագա գործունեության ուղիները:

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար, եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ է արձանագրել 2011թ. մայիսի 20-ին ԵՄ-ի հրապարակած Հայաստանի առաջընթացի զեկույցում դրական գնահատականները Հայաստան-ԵՄ գլոբալ քաղաքական համագործակցության վերաբերյալ եւ նշել է, որ մեր հարեւան Ադրբեջանի մասով զեկույցի համեմատ Հայաստանում արձանագրված առաջընթացը բավականին էական է: ԵՄ-ը ողջունել է Հայաստանում քաղաքական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, ինչպես նաեւ իշխանության եւ ընդդիմության միջեւ սկիզբ առած քաղաքական երկխոսությունը: Եվրոպական հանձնաժողովը ողջունել է նաեւ օրենսդրության ապաքրեականացման ուղղությամբ կատարված քայլերը` ապաքրեականացվել է զրպարտությունը, տնտեսական հանցագործությունների համար բազմաթիվ ուղղություններով այսուհետեւ պատժի տեսակ է կիրառվելու ոչ թե ազատազրկումը, այլ տնտեսական սանկցիաները: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է նաեւ պետական սահմանի համալիր կառավարման ոլորտում դրական տեղաշարժը եւ տեղեկացրել, որ օգոստոսի 25-ին ավարտվում է ՀՀ պետական սահմանի երեք անցակետերի համալիր բարեփոխմանն ուղղված աշխատանքների սկզբնական փուլը, Հայաստանը կունենա ԵՄ-ի չափանիշներին համապատասխան տեխնիկական առաջադրանք եւ անհրաժեշտ նախագիծ: ԱԱԽ քարտուղարը նշել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կմեկնարկի Վրաստանի հետ պետական սահմանի երեք խոշոր անցակետերի շինարարական աշխատանքները, ինչը հնարավորություն կտա մեր երկրում ներդնել մեկ պատուհան/մեկ կանգառ սկզբունքը եւ վերջ տալ նաեւ այն բազմաթիվ խոչընդոտներին եւ արգելքներին, որոնք այսօր առկա են պետական սահմանում:

Ոգեւորիչ են զեկույցում տեղ գտած մի շարք դրական շեշտադրումները, մասնավորապես արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտներում առաջընթացը, ինչպես նաեւ ընգծվել է որակի ենթակառուցվածքների զարգացման 2010-2020թթ.. ռազմավարության կարեւորությունը: Ի լրումն, ԵՀ-ն առաջարկել է բարեփոխումներն առաջ տանել շուրջ 10 ուղղություններով:

Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանն ընդգծել է ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կարեւորությունը, քանի որ անհրաժեշտ է կատարված աշխատանքի ամփոփմանը զուգընթաց աշխատել նաեւ նոր` 2012-14թթ ծրագրի մշակման ուղղությամբ:

ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների ուղղությամբ կատարված աշխատանքների, 2011թ. հունիսի 29-ին Երեւանում կայացած ՀՀ-ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի 10-րդ նիստի արդյունքների եւ 2011թ. հուլիսի 14-ին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի 2-րդ լիագումար նիստի արդյունքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել միջգերատեսչական հանձնաժողովի` համապատասխան գերատեսչությունները ներկայացնող անդամները: ԵՄ խորհրդատվական խմբի մոտեցումները եւ առաջարկություններն է ներկայացրել խմբի ղեկավար Անթի Հարթիկայնեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4