Օգոստոսի 4-ին նախատեսված է անդրանիկ չվերթը Երեւան-Մադրիդ-Երեւան երթուղով: Այն կիրականացնի հայկական «Արմավիա» ընկերությունը: Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Իսպանիայի Թագավորության տնտեսական զարգացման նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության եւ Իսպանիայի Թագավորության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը: Իսպանական կողմից համաձայնագիրը ստորագրել է Իսպանիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Մանուել Ամեիխեիրաս Վալեսը, Հայաստանի կողմիցՙ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Ստորագրման արարողությունից հետո Իսպանիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենն ու ՀՀ գործերի հավատարմատարը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում կանոնավոր օդային կապ հաստատելու երկու երկրների մայրաքաղաքների միջեւ, ինչն առավել դյուրին կդարձնի երկկողմ գործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջության բնագավառներում:
Հ. Ա.