«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2011-07-22 | #136, 2011-07-23 | #137, 2011-07-26


ՀԲԸՄ-Ն ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԵՋ ԲՈՐԲՈՔՈՒՄ Է ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԶԳԱՑՈՒՄԸ

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Անդրանիկ» սկաուտական ճամբարն արդեն չորրորդ տարին անընդմեջ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում կազմակերպում է միության հայաստանակենտրոն երիտասարդական տարբեր ծրագրերին մաս կազմող սկաուտական ճամբարը:

Ճամբարի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող սփյուռքահայ երիտասարդներին, պահպանել նրանց հայեցի կերպարը:

«Անդրանիկ» սկաուտական ճամբարի պատասխանատու, ՀԲԸՄ-ՀԵԸ Լիբանանի վարիչ-քարտուղար Գեւորգ Սանթուրյանը հավաստիացնում է. միջոցառումը մակերեսային բնույթ չի կրում: Ունի գաղափարախոսություն, նպատակներ, առաջադրանքներ եւ շատ հաճախ հասնում է իր նպատակների կատարմանը:

«Մեր փափագն է, որ սփյուռքահայ երիտասարդները գան եւ հայրենիքում անցկացնեն իրենց ամառային բանակումը», ասում է նա: Այս տարվա առաջին խումբը բաղկացած էր Ուրուգվայի եւ Իրանի երիտասարդներից: «Այդ երկու, միմյանցից հեռու երկրների հայ երիտասարդները որտե՞ղ պետք է հանդիպեին, եթե ոչ Հայաստանում», ասում է Սանթուրյանը` հավելելով, որ երիտասարդները դարձել էին մեկ ընտանիք, միասին ոգեւորվում էին, ուրախանում եւ միմյանց խնդիրներով ապրում: Երկրորդ խմբի երիտասարդները Սիրիայից եւ ԱՄՆ-ից են: Երրորդ խմբում Լոռվա մարզի գեղեցկությամբ կհիանան Հայաստանի եւ Արցախի երիտասարդները:

Կիրակի Լերմոնտովո գյուղում խարույկահանդես էր: Հայաստանին հրաժեշտ էին տալիս սիրիահայ ու ամերիկահայ ավելի քան 120 երիտասարդներ: Ճամբարի մասնակիցները խոստովանում են, որ 14 օրվա ընթացքում նրանց կյանքը, մտածելակերպը անգամ հույզերն ու զգացմունքներն են փոխվել: Սկաուտական կյանքին զուգահեռ ճանաչել ու սիրել են հայրենիքը, հպարտացել նրա ձեռքբերումներով, նոր ընկերներ ձեռք բերել ու պարտավորվածություն զգացել հայրենիքի հանդեպ:

«Երիտասարդների համար կազմակերպում ենք այցելություններ հուշարձաններ, կոթողներ, պատմական վայրեր: Նրանք շփվում են Էջմիածնի հայորդաց տների սաների հետ, կազմակերպում տարբեր միջոցառումներ», ասում է Սանթուրյանը:

Կալիֆոռնիայում բնակվող Արան երկրորդ անգամ է Հայաստանում: «Երբ օդանավակայանից դուրս եկա, առաջինը, որ աչքիս զարնեց, այն էր, որ բոլորը հայ են, գրությունները` հայերեն: Ես ինձ մի տեսակ պաշտպանված զգացի: Մի քանի օր առաջ մանկատուն էինք գնացել: Երեխաների համար նվերներ էինք պատրաստել, նրանք մեզ համար` բեմադրություն: Խաղում էինք, կատակում: Սա մեր այցելության ամենատպավորիչ դրվագն էր»:

Հալեպից Մառնին նույնպես երկրորդ անգամ է Հայաստանում:

«Շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Հպարտություն է հայրենիքում գտվելը, հայրենիքը տեսնելը: Կփափագեմ, որ բոլոր սփյուռքահայերն էլ գան ու իրենց հայրենիքը տեսնեն, չկորցնեն կապը Հայաստանի հետ: Շատ տխուր եմ, որ հրաշալի օրերը վերջանում են, որ պետք է վերադառնանք», ասում է նա` հավելելով, որ իր համար առանձնահատուկ տպավորիչ էր Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումը:

«Հայաստանում ինձ հանգիստ, հպարտ ու ապահով եմ զգում», ասում է ամերիկահայ Արմանը : Նրա համար Հայաստանում ամեն ինչն է նորություն: «Առաջին անգամ եմ Հայաստանում, բայց այն տպավորություն է որ ամբողջ կյանքս այստեղ է անցել: Շատ սիրեցի Հայաստանը: Հայրենիքի մասին բազմաթիվ գրքեր եմ կարդացել, սակայն նրանցից որեւէ մեկում գրված չէր, որ Հայաստանն այդքան գեղեցիկ բնություն ունի: Տպավորիչ էր Ծիծեռնակաբերդ այցելությունը: Երբ մոտեցանք հուշահամալիրին` չդիմացա եւ արտասվեցի», ասում է Արմանը:

ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ եւ ՀԲԸՄ Դամասկոսի վարչության ատենապետ Վազգեն Յակուբյանն էլ հավելում է, որ ծրագրի նպատակն է հայրենիքից հեռու ապրող երիտասարդների մեջ հայ լինելու զգացումի կայծը նորացնել ու բորբոքել:

«Այն երիտասարդները, ովքեր վերադառնում են իրենց գաղութները, շատ ավելի աշխույժ ձեւով են մասնակցում հայկական գաղութային գործունեությանը եւ ավելի ամուր թելերով կապվում հայրենիքին»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Լերմոնտովո-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4