Հայաստանի հավաքականը մոտ է վերջնական հաջողությանը
Շախմատի Հայաստանի հավաքականն իր գերազանց ելույթներով շատ մոտ է աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ մեր շախմատիստները 13 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակըՙ 2 միավորով գերազանցելով մոտակա հետապնդողներ Չինաստանի եւ Ուկրաինայի ընտրանիներին: Այսօր կայանալիք ավարտական տուրում մեր հավաքականը կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ, որում նույնիսկ ոչ-ոքի արդյունքը մեզ բավարար է աշխարհի չեմպիոն հռչակվելու համար:
Վերջին 3 տուրերում հայ շախմատիստները շարունակեցին վստահ ելույթներըՙ ամրապնդելով առաջատարի դիրքերը: 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց հնդիկներին: Որոշիչ էր Լեւոն Արոնյանի հաղթանակը Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ: Մովսիսյան-Սասիկիրան, Հակոբյան-Գանգուլի, Սարգսյան-Նեգի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Այդ տուրում մեր թիմի գլխավոր հակառակորդները մեկական միավոր կորցրին: Ոչ-ոքի ավարտվեցին Ռուսաստան-Ուկրաինա, Իսրայել-Ադրբեջան, ԱՄՆ-Հունգարիա մրցախաղերը: Հաղթեց միայն Չինաստանի հավաքականըՙ 3,5-0,5 հաշվով պարտության մատնելով բացահայտ հետնապահ Եգիպտոսի շախմատիստներին:
7-րդ տուրում հայ շախմատիստները նոր հաղթանակ տոնեցին հունգարացիների հետ մրցավեճումՙ 2,5-1,5: Այս անգամ մեր թիմի հաղթանակն ապահովեց Սերգեյ Մովսիսյանը, որը պարտության մատնեց Զոլթան Ալմազիին: Արոնյան-Լեկո, Հակոբյան-Պոլգար, Սարգսյան-Բալոգ մրցախաղերում գրանցվեցին ոչ-ոքիներ:
Չինաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց ռուսներին: Վճռորոշ էր 1-ին խաղատախտակի վրա կայացած Հաո Վանի եւ Սերգեյ Կարյակինի պարտիան, որում հաղթեց չինացի շախմատիստը:
Ադրբեջանցիները 1,5-2,5 հաշվով պարտվեցին ԱՄՆ-ի շախմատիստներին: Ռաջաբովը պարտվեց Կամսկուն, Մամեդյարովըՙ Սեյրավանին: Միակ հաղթական միավորը թիմին պարգեւեց Ռաուֆ Մամեդովըՙ առավելության հասնելով Յուրի Շուլմանի նկատմամբ: Հուսեյնով-Օնիշչուկ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Ուկրաինացիները 2,5-1,5 հաշվով հաղթեցին Իսրայելի թիմին, նույն հաշվով հնդիկները պարտության մատնեցին եգիպտացիներին:
Առաջնության նախավերջինՙ 8-րդ տուրում կայացավ Հայաստան-Ադրբեջան սկզբունքային մրցախաղը, որում հաղթելու դեպքում մեր հավաքականը ժամկետից շուտ աշխարհի չեմպիոն կհռչակվեր: Դա լավ էին հասկանում նաեւ ադրբեջանցիները, որոնք թեեւ մրցանակային տեղերի չեն հավակնում, սակայն ամեն կերպ ջանում էին խանգարել հայերի վաղաժամկետ հաղթանակին:
Առաջինն ավարտվեց Վուղար Հաշիմովի եւ Սերգեյ Մովսիսյանի պարտիան, որում 31-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Ապա նրանց օրինակին հետեւեցին Լեւոն Արոնյանն ու Թեյմուր Ռաջաբովըՙ երկու քայլ ավելի կատարելով: Դրությունը բարդացավ, երբ 4-րդ խաղատախտակի վրա խաղացող Գաբրիել Սարգսյանը սեւերով 45-րդ քայլին պարտվեց Շահրիյար Մամեդյարովին: Մրցախաղի ելքը կախված էր Վլադիմիր Հակոբյանի եւ Ռաուֆ Մամեդովի մրցավեճից: Սպիտակներով խաղացող Հակոբյանը կարողացավ իրացնել առավելությունը եւ 72-րդ քայլին ստիպել մրցակցին հանձնվել, թեպետ ադրբեջանցի շախմատիստը կարող էր ավելի շուտ կանգնեցնել ժամացույցը: Հակոբյանի հաղթանակը հնարավորություն տվեց մրցախաղն ավարտել ոչ-ոքի եւ ավելի իրական դարձնել աշխարհի չեմպիոնի նվաճման հարցը:
8-րդ տուրում հաղթեցին նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր հակառակորդներ Չինաստանի եւ Ուկրաինայի շախմատիստները: Ուկրաինացիները 2,5-1,5 հաշվով պարտության մատնեցին ամերիկացիներին: Թիմի հաղթանակն ապահովեց Ալեքսանդր Արեշչենկոնՙ պարտության մատնելով Ռոբերտ Հեսին: Չինաստանի շախմատիստներն էլ առավելության հասան հնդիկների նկատմամբ (3-1): Հունգարացիները 4-0 հաշվով հաղթեցին Եգիպտոսի ընտրանուն: Ռուսները 4-0 հաշվով ջախջախեցին Իսրայելի հավաքականին:
Եվ այսպես, այսօր կայանալիք ավարտական տուրից առաջ Հայաստանի հավաքականը 13 միավորով գլխավորում է աղյուսակը: 11-ական միավոր են վաստակել Չինաստանի եւ Ուկրաինայի հավաքականները, ռուսներն ու հունգարացիներն ունեն 10-ական միավոր: Մրցանակային տեղերի բաշխման հարցում կարեւոր նշանակություն կունենան Հայաստան-Ուկրաինա, Հունգարիա-Չինաստան եւ Ռուսաստան-Հնդկաստան մրցախաղերը: