«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2011-07-23 | #137, 2011-07-26 | #138, 2011-07-27


ՌԱՈՒՆԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ ՆՈԿԱՈՒՏՈՎ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երկխոսության երկրորդ ռաունդի սկզբում, չեզոք վայր կառավարության ընդունելությունների տանը, երեկ ՀԱԿ-ը ներկայացրել էր իր ծավալուն հայտարարությունը (այն հետո տարածվեց լրատվամիջոցներում), որտեղ էլի առաջարկվում էր արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում հոկտեմբերի կեսերին (վայ-վայ), որից հետո անմիջապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, այդ ընտրությունների անցկացման օրինականության ապահովման փաթեթի ընդունում եւ այլն: Ահա այս հայտարարության առիթով էր, որ երկխոսող իշխանական խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը երկխոսությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս մտահոգություն հայտնեց, որովհետեւ եթե կողմերը երկխոսում են, ապա, ըստ նրա, չի կարելի միմյանց հետ խոսել հայտարարությունների լեզվով: Դա հարցականի տակ է դնում այն ներկայացուցիչների լիազորությունները, ովքեր մասնակցում են երկխոսությանը, քանի որ ընդհանուր եզրակացության են եկել, որ բոլոր հարցերը ներկայացվեն երկխոսության սեղանի շուրջը: Կառավարության ընդունելությունների տանը (ինչպիսի չեզոք վայր` անվտանգության առումով, այո, լավ ստերիլացված, այդ թվում` լրագրողներից) երկու ժամից ավելի երկխոսելուց հետո լրագրողներին երեւացած Լեւոն Զուրաբյանը հստակեցրեց` լիարժեք բանակցային ռեժիմում էին երեկ, առաջին հանդիպման ժամանակ ձեւաչափ ձեւավորեցին, երեկ` օրակարգ: Օրակարգը ներառում է երկու հարց` կողմերից յուրաքանչյուրի մեկական առաջարկով: Թիվ 1 հարց` ՀԱԿ-ի առաջարկ. «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ»: Կոալիցիայի առաջարկ. «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցության կանոնների ապահովում»: Մի խոսքով` Զուրաբյանը օրակարգի իրենց առաջարկի գրավոր տարբերակին կցեց բանավոր ամրագրում, թե հոկտեմբերին պահանջում են նախագահական արտահերթ ընտրությունների անցկացում, սա քննարկվելու է հաջորդ հանդիպմանը` օգոստոսի 4-ին: Իսկ ՀԱԿ-ի մյուս պահանջները երկխոսող կողմը մերժում է փաստորեն, ըստ Զուրաբյանի` ամեն հանդիպումից հետո կես ժամ եթերի տրամադրում, հանդիպման ուղիղ հեռարձակում: Իսկ հանրահավաքների տեսահոլովակների ցուցադրման պահանջի պատասխանը դեռ չկա: Այս հարցերի վերաբերյալ Դավիթ Հարությունյանը լրագրողներին ավելի ուշ ասաց, թե իրենց կարծիքով ուղիղ հեռարձակումը նվազեցնում է արդյունավետությունը եւ այդ հարցի շուրջն ընդհանուր եզրակացության են եկել` ի տարբերություն այն հարցի, թե արդյոք կողմերն ունե՞ն հավասար քարոզչական հնարավորությունՙ իրենց տեսակետը հանրությանը ներկայացնելու ԶԼՄ-ներով:

Հարությունյանն ասում էր, թե առաջին հանդիպումից հետո ՀԱԿ-ը պակաս հնարավորություն չի ունեցել օգտվելու ԶԼՄ-ներով հանդես գալուց, ապա խմբի անունից կոչեց ԶԼՄ-ներին` լուսաբանման նույնպիսի հնարավորություն ապահովել ՀԱԿ-ի համար, ինչ կոալիցիոն խմբի համար է, մանավանդ` իշխանական խումբը միակողմանի հայտարարել է, որ հեռուստաընկերությունների հրավերին կհամաձայնեն, եթե իմանան, որ ՀԱԿ-ն էլ հրավիրվել է:

Մեկնաբանելով օրակարգի կոալիցիոն առաջարկը` Դ. Հարությունյանը նկատեց, թե այն հնարավորություն կտա քաղաքակիրթ մրցակցության կանոններ ձեւավորելու, որոնց տակ պետք է ստորագրեն քաղաքական միավորները, կամովին ստանձնելով քաղաքական մրցակցության համապատասխան պարտավորություններ:

Իսկ թե ի՞նչ է նշանակում ՀԱԿ-ի այն ասածը, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, իրենք առճակատման են գնալու (դա ե՛ւ ՀԱԿ-ի հայտարարության մեջ էր հնչում, ե՛ւ Լ. Զուրաբյանն էր ասում), Դ. Հարությունյանի կարծիքով` այդ ձեւակերպումը մարտավարական նպատակներով է արվել, իսկ քննարկման ընթացքում լարվածություն չկար` արդյունավետ աշխատել են: Ընդդիմության եւ իշխանության առաջարկած օրակարգերը չեն հակասում իրար, համադրել հնարավո՞ր է, այս հարցին ի պատասխան Դ. Հարությունյանը նկատեց, որ կոալիցիոն առաջարկն ավելի գլոբալ է, պակաս վիճելի եւ շատ ավելի կարեւոր: Արտահերթ ընտրությունների անցկացման համար Դ. Հարությունյանը շարունակում է որեւէ հիմք չտեսնել, դրա համար է երկխոսությունը, որ կողմերը տեսակետներ փոխանակեն առնվազն, բերեն իրենց հիմնավորումները եւ փորձեն հասկանալ միմյանց: Կոմպրոմիսներ միշտ հնարավոր են, սակայն կոմպրոմիսները չեն կարող աղավաղել բուն հարցի էությունը, որի վերաբերյալ, ասենք, կողմերը ունեն տարբեր տեսակետներ:

Արտահերթ ընտրությունների հարցը, այսպես թե այնպես, օրակարգում է, եւ առնվազն հաջորդ հանդիպման ժամանակ կիմանանք, թե խմբերին ուղղորդողները ի՞նչ են ապսպրում կողմերին` միմյանց հայտնելու օգոստոսի 4-ի հանդիպմանը (հազիվ թե բանակցողները որոշում կայացնողներ են թեկուզ նյուանսային հարցերում), եւ ի՞նչ է արդյոք առճակատումը` այդ գաղափարի չընդունումից հետո: Համենայն դեպս` իշխանական աշխատանքային խմբից Գագիկ Մինասյանը նորից կրկնեց մեզ համար, որ արտահերթ ընտրությունների հիմքերը բացակայում են, սակայն իրենք պատրաստ ենք լսելու եւ քննարկելու ընդդիմախոսների տեսակետները այդ հարցի վերաբերյալ. «Որքան էլ մենք համոզված լինենք, որ մեր սկզբունքները շատ զորեղ են, մենք պետք է փորձենք միմյանց համոզել»: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե երկխոսություն` նշանակում է նաեւ լսել դիմացինի տեսակետները, բայց դա բացառապես չի նշանակում համաձայնել եւ ընդունել դիմացինի տեսակետները: Դավիթ Շահնազարյանին հարցրինք, որ ռաունդ են ասում` բռնցքամարտի 12 ռաունդի չափ երկխոսությունը պետք է երկարի՞: Շահնազարյանի կարծիքովՙ ռաունդ հասկացությունը միայն բռնցքամարտին չի վերաբերում, մանավանդ` օրակարգը երեկ շատ արագ ձեւավորվեց: Մենք էլ ասում ենք` կա նաեւ սիրողական բռնցքամարտ, որտեղ 4 ռաունդ է ընդամենը, իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտի 12 ռաունդները կարող են ընդհատվել շատ ավելի շուտ` նոկաուտով:

Հաջորդ հանդիպումը` օգոստոսի 4-ին, նույն վայրում, նույն ժամին, նույն կազմով (չաթ արեք, պրծեք, ֆեյսբուքում):

Միանանք միայն լրագրողական այն նկատառումներին, որ հանդիպումից հետո հարկ է մի սրահում նստակյաց ասուլիս կազմակերպել, որտեղ կողմերը բավարարեն լրագրողների ողջ հետաքրքրասիրությունը, եւ հարկ չլինի խառնաշփոթի մեջ հարց բղավել` բանախոսին լսելի լինելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4