«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2011-07-23 | #137, 2011-07-26 | #138, 2011-07-27


«Ilhamaliev.news-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ...»

Մի քանի օր առաջ հարեւան հանրապետությունում նշվեց «ազգային մամուլի» օրը: Այդ առթիվ Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատու Ալի Հասանովը հերթական «մաոական իմաստնությունն» ասաց. «Ադրբեջանցի լրագրողը պետք է ոչ այնքան պրոֆեսիոնալ լինի, որքան` հայրենասեր»: Իսկ թե «հայրենասեր» ասելիս ինչ են նկատի ունենում Ադրբեջանում, պարզաբանելու կարիք չկա:

Այդ է թերեւս պատճառը, որ 1news.az-ը, որ իրեն համարում է «անկախ», հազիվ թոթափած հետտոնական խումարը, անմիջապես հարձակման է անցել ռուսաստանցի պաշտոնաթող դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի դեմ: Պարոն Կազիմիրովն ինքը մեծ եռանդով եւ բավական հաջող կարողանում է հակադարձել ադրբեջանցիներին: Մենք չենք փորձի ստանձնել նրա փաստաբանի դերը, այլ կբավարարվենք մի մեջբերումով եւ դրանից բխող հետեւություններով:

«Ուզում ենք մեկ անգամ էլ Ձեր գիտությանը հասցնել պաշտոնական Բաքվի դիրքորոշումը: Հայ- ադրբեջանական հակամարտությունը ՄԻՋՊԵՏԱԿԱՆ է: Այդ պատճառով տվյալ փուլում Բաքուն բանակցություններ է վարում եւ կարող է վարել միայն Երեւանի հետ, որ օկուպացրել է միջազգային մակարդակում ճանաչված ադրբեջանական տարածք` Լեռնային Ղարաբաղը եւ յոթ շրջաններ:

Երբ Հայաստանը կդադարեցնի օկուպացիան, հակամարտությունը միջպետականից կվերափոխվի ներպետականի, եւ միայն դրանից հետո Բաքուն կկարողանա բանակցություններ սկսել իր Լեռնային- Ղարաբաղյան ռեգիոնի ողջ բնակչության կողմից օրինավոր ընտրված ներկայացուցիչների հետ... Եթե Դուք, հնարավոր է, կատարելով որեւէ մեկի պատվերը, ուզում եք հասնել նրան, որ ղարաբաղցի հայերը նստեն բանակցությունների սեղանի շուրջը, բարի եղեք համոզել, որ Երեւանը դադարեցնի Ադրբեջանի տարածքի օկուպացիան, եւ Դուք այն ժամանակ կհասնեք ձեր նպատակին», դիմելով Կազիմիրովին իր խմբագրականում գրել է հիշյալ լրատվամիջոցը:

Ի՞նչն է այստեղ ուշագրավ: Նախ, ո՞վ է 1news.az-ին լիազորել, որ ռուսաստանցի պաշտոնաթող դիվանագետի հետ հեռակա բանավեճն ավարտի «պաշտոնական Բաքվի դիրքորոշումը» շարադրելով: Մի՞թե, ի դեմս այդ լրատվամիջոցի, գործ ունենք Ադրբեջանի իշխանությունների հետ: Այդ դեպքում արդարացի չէ՞ր լինի 1news-ն այսուհետեւ անվանել Ilhamaliev.news: Երկրորդ, ըստ պաշտոնական Բաքվի դիրքորոշման, «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի օկուպացիան դադարեցնելուց հետո» հակամարտությունը չի վերանա: Այն «միջպետականից կփոխակերպվի ներպետականի»: Այսինքն, ադրբեջանական կողմը համոզված է, որ «օկուպացիայի դադարեցումից հետո» էլ Լեռնային Ղարաբաղի հարցն ըստ էության չի լուծվի: Մինչդեռ հրապարակային ելույթներում Իլհամ Ալիեւը հակառակն է պնդում` ասելով, որ «ամեն ինչ սկսվել է տարածքների օկուպացիայից, եւ եթե այն վերացվի, ամեն ինչ իր տեղը կընկնի»: Երրորդ, «պաշտոնական Բաքուն գտնում է, որ օկուպացիան դադարեցնելուց հետո կկարողանա բանակցել իր Լեռնային-Ղարաբաղյան տարածաշրջանի ողջ բնակչության կողմից օրինավոր ընտրված ներկայացուցիչների հետ»: Սա նշանակում է` «դադարեցնել օկուպացիան», «Լեռնային Ղարաբաղ վերադարձնել բռնությամբ արտաքսված ադրբեջանցիներին», «կազմակերպել օրինավոր ընտրություններ», «բանակցություններ սկսել դրանց արդյունքով ընտրված ներկայացուցիչների հետ»:

Թուրքերեն մի ասացվածք կա. «Հարսանիքից հետո դհոլ զարկելն ո՞ւմ է պետք»: Այս դեպքում` եթե ամեն ինչ «արվի-ավարտվի, բանակցություններն ո՞ւմ են պետք, ինչի՞ շուրջը կկարողանա Բաքուն բանակցել իր Լեռնային-Ղարաբաղյան ռեգիոնի ողջ բնակչության կողմից օրինավոր ընտրված ներկայացուցիչների հետ»: Ըստ էության` ոչնչի: Քանի որ եթե Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի ռեգիոն լինի», ապա դրանով իսկ «հարցը կհամարվի լուծված»:

Խնդիրն այն է, թե ինչպե՞ս Լեռնային Ղարաբաղը «կդառնա Ադրբեջանի Լեռնային-Ղարաբաղյան ռեգիոն»: Դրան Ադրբեջանը «կարող է հասնել երկու ճանապարհով` բանակցությունների, եթե ԼՂ հայ մեծամասնությանը համոզի, երկրորդ` պատերազմի, եթե վերստին ուժի դիմի եւ հասնի հաջողության»:

Դատելով Ilhamaliev.news-ի` Կազիմիրովին, իրականում` ողջ միջազգային փորձագիտական հանրությանը հղած «պաշտոնական ուղերձից», Բաքուն ԼՂ օրինավոր ընտրված իշխանությունների հետ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ երբեւէ բանակցությունների լեզվով խոսելու մտադրություն չունի: Ուժի կամ ուժի իրական գործադրման սպառնալիքը շարունակում է գերակայել ադրբեջանական կողմի մոտեցումներում:

Բայց այդ դեպքում ինչո՞ւ պիտի հայկական կողմերը շահագրգռված լինեն «օկուպացիայի դադարեցմամբ»: Չէ՞ որ «օկուպացիան երկնքից չի եղել», այլ հետեւանք է այն բանի, որ Բաքուն փորձել է ուժի բիրտ գործադրմամբ բացառել ԼՂ օրինական ներկայացուցիչների հետ երկխոսության անհրաժեշտությունը: Ադրբեջանն այսօր էլ դա հնարավոր չի համարում: Ուրեմն եւ անհնար է դարձնում հակամարտության «փոխակերպումը միջպետականից ներպետականի»:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4