«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2011-07-23 | #137, 2011-07-26 | #138, 2011-07-27


ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ

Պարզաբանում է էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը

Ստուգող պետական կառույցների կողմից ստուգումների անկանոնությունը վերացնելուն եւ գործարարներին անհարկի ստուգումներից ձերբազատվելուն են կոչված օրենսդրական նոր փոփոխությունները, որոնց մասին մանրամասներ իմանալու համար դիմեցինք էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանին:

- Տիկին Մինասյան, նախ հստակեցնենք, թե որքա՞ն ստուգող կազմակերպություններ կան Հայաստանում, եւ նոր օրենքը նրանց ո՞ր մասին է վերաբերում:

- Օրենքը վերաբերում է բոլորին, որոնք ստուգումներ են իրականացնում տնտեսվարող սուբյեկտների մոտ, այդ թվում հարկային եւ մաքսային մարմիններին: Դրանց թիվն այժմ 26-ն է:

- Ի՞նչ է օրենքով ամրագրված նոր մոտեցումըՙ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը:

- Դա ենթադրում է, որ ամեն մի ստուգող մարմին պետք է ունենա ռիսկերի գնահատման համակարգ: Այդ համակարգի նկարագիրն ու չափանիշները հաստատում է կառավարությունը, իսկ դրանց հաշվարկման եւ գնահատման կարգըՙ ստուգում իրականացնող տվյալ մարմինը: Տնտեսվարող սուբյեկտի համար թափանցիկ են լինելու ստուգման չափանիշները: Նոր գաղափար է մտցվելՙ ստուգաթերթ, որը պետք է ունենան բոլոր ոլորտների ստուգողները: Տնտեսվարողն էլ կարող է այդ ստուգաթերթի միջոցով տեսնել, թե ի՞նչն է իր մոտ կարգավորված, ինչըՙ ոչ: Այսինքն, ինքնաստուգում իրականացնել: Ստուգաթերթի հարցերը լինելու են կոնկրետ եւ սպառիչ: Չեն կարող լինել հարցեր, որտեղ ասվի, թե պետք է տվյալ պահանջը համապատասխանի այսինչ օրենքի այսինչ կետին, որը գտնելու համար գործարարը պետք է լրացուցիչ ժամանակ ծախսի, փնտրի տվյալ փաստաթուղթը եւ այլն: Ստուգաթերթի միջոցով ինքնաստուգում իրականացնելիս գործարարը կտեսնի, թե ո՞ր պահանջն իր մոտ կատարված է, որըՙ ոչ: Դրանից հետո նա կորոշի կատարել այն պահանջը, որ իր մոտ կատարված չէ եւ ազատվի տուգանվելուց: Ստուգող մարմինը կարող է տուգանել միայն ստուգաթերթում նշված պահանջի չկատարման դեպքում:

- Ինչպե՞ս են ստուգող մարմինները որոշելու, ո՞ր ընկերություններում ստուգում իրականացնել, որումՙ ոչ, եւ ի՞նչ պարբերականությամբ:

- Ըստ ռիսկայնության չափանիշների, տնտեսվարող սուբյեկտները բաժանվելու են երեք խմբերի: Բարձր ռիսկայնության ընկերությունները ստուգման են ենթարկվելու տարին մեկ անգամ, միջին ռիսկայնության ընկերություններըՙ 3 տարին մեկ անգամ, ցածր ռիսկայնության ընկերություններըՙ 5 տարին մեկ անգամ: Ամենակարեւոր պահերից մեկն այն է, որ ստուգող կառույցը մինչեւ դեկտեմբերի 1-ը պետք է հրապարակի, թե ո՞ր կազմակերպություններին է ինքը ստուգելու: Ըստ օրենքի, այդ տարվա ստուգվող կազմակերպությունների ցանկի 70 տոկոսը պետք է լինեն բարձր ռիսկայնության խմբի մեջ մտնող տնտեսվարողները, իսկ բարձր ռիսկայիններն էլ չեն կարող լինել ընդհանուրի 20 տոկոսից ավելին: Այդ ամենի հիման վրա, մենք կունենանք պատկերը, թե ո՞ր ստուգող կազմակերպությունները ո՞ր ընկերություններում, ե՞րբ, քանի՞ անգամ եւ ինչի՞ համար են ստուգումներ կատարում: Տարիների ընթացքում կպարզվի, թե ո՞ւմ մոտ անընդհատ են ստուգում, եւ ո՞ւմ մոտ ընդհանրապես չեն մտնում, որպեսզի մենք դա տեսնենք ու հասկանանք, թե ի՞նչ նպատակով են կատարվում այդ ստուգումները:

- Ովքե՞րՙ մենք:

- Հասարակությունն ընդհանրապես եւ էկոնոմիկայի նախարարությունը, որը պատասխանատու է գործարարությամբ զբաղվելու խոչընդոտները վերացնելու համար:

- Տիկին Մինասյան, նոր օրենքի ընդունումը մի կողմից զերծ պահելով գործարարներին անհարկի ստուգումներից, մյուս կողմից չի՞ վտանգի արդյոք սպառողներիս առողջությունն ու կյանքը, կապված սննդամթերքի անվտանգության կամ առողջապահական ծառայությունների հետ:

- Բացի առանձին ընկերությունների ռիսկայնությունից, օրենքով սահմանվում է նաեւ ոլորտային ռիսկայնությունը: Օրինակՙ սննդամթերքի արտադրությամբ, առեւտրով զբաղվողները, հիվանդանոցները, մանկապարտեզները համարվելու են բարձր ռիսկայնության ոլորտներ: Եթե տվյալ ընկերությունում ստուգումներով հայտնաբերվում են սանիտարական, ժամկետայնության, պահպանման, հիգիենիկ վիճակի խնդիրներ, ապա այդ ընկերությունը հայտնվում է բարձր ռիսկայնություն ունեցողների շարքում: Դա նշանակում է, որ նա 3 ամիս անց նորից ստուգման կենթարկվի: Այսինքն, օրենքն այնպիսին է, որ ավելի շահավետ է ընկերության համար ներդրում կատարել եւ վերացնել խախտումը, քան թե անընդհատ տուգանվել:

- Ստուգող կազմակերպությունները ե՞րբ են անցնելու ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգին:

- Դա թողնված է նրանց հայեցողությանը, քանի որ նրանց շահերից է բխում շուտ կատարել այդ անցումը: Բանն այն է, որ սահմանել ենք անցումային նորմ, ըստ որի, եթե ստուգող մարմինը չի անցել ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգին, ապա չի կարող ստուգել ընկերություններին 5 տարին մեկ անգամից ավելի հաճախ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4