«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2011-07-23 | #137, 2011-07-26 | #138, 2011-07-27


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգ» օրաթերթի ս. թ. հունիսի 3-ի համարում հրապարակվել է «Երեւանի քաղաքացու նամակը արդարադատության նախարարին» վերտառությամբ հոդվածը, որին ի պատասխան ԴԱՀԿ ծառայությունը ներկայացրել է իրական փաստեր: Այնուհետեւ, հուլիսի 22-ի համարում, նույն հարցի առնչությամբ հրապարակվում է «ԴԱՀԿ ծառայության հերթական կամայականությունը» հոդվածը, որտեղ ներկայացված են հեղինակի եզրահանգումներն այն մասին, թեՙ «հերթական անգամ գործ ունենք քմահաճույքի հետ»: Այդ եզրահանգումները սուբյեկտիվ են եւ կողմնակալ, ուստի ներկայացնում ենք իրականությունը:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԴ1/0389/02/ կատարողական թերթի հիման վրա 24.01.2011թ. ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքում վերսկսված թիվ 04/01-61/11 կատարողական վարույթով պետք է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում գտնվող 7.600 ք/մ վարելահողից Զավեն Արարատի Հարությունյանի բաժնեմասն (1.520ք/մ) առանձնացնել եւ դրա վրա 117.337 ՀՀ դրամի չափով բռնագանձում տարածել:

Նշենք, որ ՀՀ վարչական դատարանի կողմից տրված վճիռը դեռեւս հիմք չէ վիճելի բաժնեմասի պետական գրանցումը կատարելու, սեփականության իրավունքի վկայական ստանալու, ինչպես նաեւ հարկադիր էլեկտրոնային աճուրդ կազմակերպելու համար: Այսինքնՙ կատարողական գործողությունների ընթացքում Զավեն Արարատի Հարությունյանի բաժնեմասը հանդիսացող 1.520 ք/մ վարելահողը հնարավոր չի եղել գնահատել եւ ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի` բաժնեմասի վերաբերյալ սեփականության իրավունքի վկայական չլինելու պատճառով: ՀՀ ԿԱ ԱԳԿ Վաղարշապատի տարածքային ստորաբաժանումից բազմիցս գրավոր պահանջվել է տրամադրել վերոհիշյալ բաժնեմասի սեփականության իրավունքի վկայականը, սակայն, Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման կողմից տրված գրության համաձայն, պարտապանի բաժնեմասի պետական գրանցումը կատարելու եւ վկայական տրամադրելու համար պետք է կատարվեն համապատասխան վճարումներ:

Վերոգրյալի համաձայն, պահանջատեր Պողոս Թելֆեջյանին բազմիցս առաջարկվել է, որ պետք է վճարել կադաստրային ծախսերի գումարը, սակայն վերջինս հրաժարվել է կատարել վճարումներՙ հայտարարելով, որ ՀՀ վարչական դատարանի վճիռը ներկայացրել եմ ԴԱՀԿ ծառայություն եւ դրա համաձայն պետք է առանձնացված բաժնեմասի վրա տարածվի բռնագանձում:

Բռնագանձման ենթակա մնացորդ գումարը 22.07.2011 թ. դրությամբ կազմում է 42.300 ՀՀ դրամ:

Քանի որ պարտապան Զավեն Հարությունյանը բացակայում է ՀՀ-ից եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, այդ իսկ պատճառով վերջինիս կինը պարտավորվել է սույն թվականի հուլիսի 29-ին վճարել մնացորդ 42.300 ՀՀ դրամը:

Կատարողական վարույթը գտնվում է ընթացիկ փուլում:

ԴԱՀԿ մամուլի ծառայություն

Խմբ. կողմից - Կուզենայինք հավելել, որ Պողոս Թելֆեջյանը կադաստրին վճարել է 20 հազար դրամ դեռ 2009 թվականին: Հենց այդ վճարման հիման վրա կադաստրը տվել է Զավեն Հարությունյանի բաժնեմասն առանձնացնելու վկայականը: Հետեւաբար ԴԱՀԿ-ի պարզաբանումը, թե պարոն Թելֆեջյանը հրաժարվել է վճարել կադաստրային ծախսերի գումարը, չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Վարչական դատարանի վճիռը դեռեւս հիմք չէ վիճելի բաժնեմասի պետական գրանցումը կատարելու, սեփականության իրավունքի վկայական ստանալու եւ հարկադիր էլեկտրոնային աճուրդ կազմակերպելու համար, այս առնչությամբ էլ կուզենայինք նշել` եթե ԴԱՀԿ-ը կարծում էրՙ վճիռն անօրինական է, ապա 1 ամսվա ընթացքում կարող էր բողոքարկել, սակայն ԴԱՀԿ-ը չի բողոքարկել:

Նկար 1. Պարտապան Զավեն Հարությունյանի բնակարանը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4