Կրկնենք մեր նախորդ ասածըՙ ՀՌԱԿ-ի կայացման արգելքը 2003 թվականից ի վեր եղել է ատենապետ (այժմՙ նախկին) Հարություն Առաքելյանը, ով կուսակցության իշխանությանը բռնատիրանալուն պես, անցած 8 տարիների ընթացքում լծված է եղել քայլ առ քայլ եւ քար առ քար կուսակցական կառույցները քանդելու գործին, միշտ եւ ամենուր առաջնորդվելով իր բնատուր եւ արտակարգ ընչաքաղցությամբ, որը նրան մղել է ֆինանսական արկածախնդրություններիՙ հօգուտ սեփական գրպանի յուրացնելով իր նախորդների բազում զոհողություններով ձեռք բերած կուսակցական անշարժ գույքն ու տարածքները:
Անհրաժեշտ է խոսել փաստերով:
Մինչեւ այն պահը, երբ Հարութն իր երկու դավադիրներով 2003 թվականին իրականացրեց կուսակցականՙ այսպես կոչված հեղաշրջում ու տիրացավ կնիքին, ՀՌԱԿ-ը Հայաստանում ուներ սեփական գրասենյակային տարածքներ 5 քաղաքներում եւ մեկ վարձակալած ընդարձակ տարածքՙ մայրաքաղաքի կենտրոնում:
Վերոհիշյալ 5 գրասենյակներից առաջինը, որը գնվել էր փարիզաբնակ հայտնի ռամկավար եւ բարերար Արա Ահարոնյանի նվիրատվությամբ, գտնվում էր Գորիս քաղաքում, Անկախության 2/4 հասցեում եւ զբաղեցնում էր 40 քմ տարածք: Երկրորդըՙ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Մարքսի 22ա/1 հասցեում եւ ՀՌԱԿ գրասենյակներից ամենաընդարձակն էր իր 71.2 քմ տարածքով: Այն կուսակցությանը նվիրել էր Դետրոյթից հայտնի ռամկավար, նշանավոր վանեցի Սուրեն Աբրահամյանըՙ 101 տարեկանին Հայաստան այցելելու կապակցությամբ: Մյուսըՙ Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում, Տռոզյան 15/14 հասցեում, վետերան մեկ այլ ռամկավարիՙ Չիկագոյից Արսեն Դեմիրճյանի նվիրատվությամբ, 29,5 քմ տարածքով: Չորրորդ գրասենյակը գտնվում էր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Երեւանյան 7ա 1-ին հարկում, 41 քմ մակերեսով, իսկ 5-րդը, ինչպես նշել էինք նախորդ հոդվածում, ՌԱԿ Մ. Նահանգների եւ Կանադայի վարչության համաատենապետ, Ջավախքում եւ Աշտարակում իր նվիրատվություններով հայտնի բարերար Բաբգեն Մկրյանի նվիրատվությամբ ձեռք բերված գրասենյակըՙ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 8 շենքի 42 հասցեում, 37, 47 քմ տարածքով: Նշել էինք նաեւ, որ այս վերջինը Հարութը վաճառել է բոլորովին անօրինական գործարքովՙ շուրջ 30 հազար դոլար արժեցող տարածքը նա պարզապես «նվիրաբերել» է ոմն Պարգեւ Դավթյանիՙ առանց տեղի կուսակցական կառույցի գիտության, նշյալ անձի «երկարամյա կուսակցական շինարարության օրինակելի գործունեության» դիմաց: Հասկանալի է, որ «նվիրաբերումի» համար Հարութը եւ այդ կեղծ փաստաթղթերը ստորագրողները մի կլորիկ գումար են գրպանել:
Կուսակցության սուղ միջոցները, իր նախորդների կաթիլ-կաթիլ հավաքած-հանգանակած կուսակցական սեփականությունն այսպես առատաձեռնորեն սրան-նրան «նվիրաբերած» Հարութի շահատակությունների գլուխգործոցը, սակայն, հանդիսանում է նրա առաջին մեծ գործարքըՙ ՀՌԱԿ Հանրապետական վարչության գրասենյակի (Երեւան, Կորյունի 19ա շենքի 3-րդ հարկը ամբողջությամբ, շուրջ 500 քմ մակերեսով) օտարումը: Ճիշտ է, հիշյալ տարածքը հիմնադրման օրից կուսակցության հաշվեկշռում է եղել վարձակալական հիմունքներով, սակայն դրա օտարման դիմաց Հարութը տեր է դարձել Երվանդ Քոչար 19/6 հասցեում գտնվող շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերին որպես անձնական սեփականությունՙ իր եւ ընտանիքի պետքերի համար, իսկ առաջին հարկը վերածել կուսակցական գրասենյակիՙ վարձակալական հիմունքներով... (Ի դեպ, այդ գրասենյակն այժմ փակ է):
Անշուշտ, այս բոլոր գործարքները Հարութն իրականացրել է այսպես կոչված ՌԱԿ Կենտրոնական վարչության եւ նրա ատենապետ Մայք Խարապյանի եթե ոչ անմիջական մեղսակցությամբ, ապա գիտությամբ ու համաձայնությամբ: Քանի որ նա, Հարութը, հանդիսանում է աշխարհատարա՜ծ եւ աշխարհասփյո՜ւռ այդ ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ եւ Մայքի վստահելի գործընկերն ու գործակիցը Հայաստանում, նաեւՙ անշարժ գույքի ոլորտում:
Այս պայմաններում, իսկապես աննախանձելի է ՀՌԱԿ նորընտիր ատենապետ Էդվարդ Անտինյանի վիճակը: Նա ոչ մի գրասենյակ այժմ չունի իր կուսակցական աշխատանքները առաջ տանելու: Ավելին, նա կուսակցական ոչ մի կենդանի կառույց չունի իր տրամադրության տակ, քանի որ Հարութը փչացրել է ոչ միայն ՀՌԱԿ-ի անշարժ գույքը, այլեւ ավելի կարեւորըՙ դրանց շուրջը 1990-ական թվականներից ձեւավորված կուսակցական շրջանային ու տեղական կառույցներն ու մարդուժը: Ավելին, անշուշտ, քաջ իմանալով այս բոլոր մեքենայությունների մասին, պրն Անտինյանը չի կարող նախկին ատենապետի հետ հանձնման-ընդունման որեւէ փաստաթուղթ ստորագրել, այլապես ինքն էլ կդառնա այդ բոլոր շահատակությունների մեղսակիցը, Հարութի հանցակիցը:
Ահա՛ թե որն է իրական պատճառը ՀՌԱԿ համագումարի 2-րդ փուլի ձգձգման:
Անշարժ գույքի անօրինական վաճառքի խնդիրը միայն մի փոքր մասն է այն հանցանքների, որ կատարել է Հարութն իր ատենապետության օրոք, սակայն նաեւՙ ամենազազրելին: Սեփական ընչաքաղցությունը բավարարելու համար նա վաճառել եւ գրպանել է այն, ինչը եւ ոչ մի օրենքով նրան չէր պատկանում:
«Ազգը» հետագայում եւս շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել ՀՌԱԿ «անշարժ գույքի» շարժման գործընթացը:
Ռ. Ա.