«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2011-07-23 | #137, 2011-07-26 | #138, 2011-07-27


ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԴԵՌ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի եւ երաժշտագետ Իրինա Տիգրանովայի միակ զավակըՙ Ռուբեն Տերտերյանը դեռ մանկուց երաժշտական միջավայրում է մեծացել ու արմատների կանչով շարունակել է երաժշտական ուսումը Երեւանի կոնսերվատորիայի երաժշտական բաժնում, հետագայումՙ Մոսկվայի արվեստի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի երաժշտության բաժնում, պաշտպանել ատենախոսությունըՙ «Ժամանակակից սիմֆոնիկ երաժշտությունը» թեմայով: 1994-ին Հայաստանից մեկնել է Արգենտինա, այնուհետեւՙ Էկվադոր, որտեղ էլ զբաղվել է բարձրագույն եւ հետբուհական երաժշտական կրթության ծրագրերի մշակման եւ իրականացման խնդիրներով: 17 տարվա ընդմիջումից հետո Ռուբեն Տերտերյանը վերադարձել է հայրենիք եւ անմիջապես նրան է վստահվել Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայում ներքին որակավորման եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտորի պաշտոնը:

Ռուբեն Տերտերյանը սիրով ընդունեց «Ազգին» հյուրընկալվելու հրավերը: Նրա հետ զրույցն ընթացավ ընդհանուր առմամբ ներկայիս երաժշտական աշխարհում տիրող մթնոլորտի շուրջը:


- Երկարատեւ ընդմիջումից հետո վերադարձել եք: Կոնսերվատորիայում ի՞նչ փոփոխություններ նկատեցիք:

- Էական փոփոխություններ չեմ տեսել: Առաջին տպավորությունս այն էր, որ բոլոր ինձ ծանոթ երաժիշտներին ու մասնագետներին տեսա սպիտակ մազերով եւ ավելի շատ ուսանողներՙ հայ երգի ու ժողգործիքների բաժիններում: Ասել կուզեմ, որ կոնսերվատորիայի ընդհանուր մթնոլորտն ինձ վրա հոգնածի տպավորություն թողեց եւ պատասխանելով իմ հարցին, թե ինչպե՞ս են, հիմնականում լսեցիՙ «կյանքներս քաշ ենք տալիս...»: Այդ պատասխանները ինձ շատ զարմացրեցին այն առումով, որ այն եզակի հնարավորությունը, որ տրվեց մեզ մեր կրթական մոդելն ու ոճը ստեղծելու, մենք չնկատեցինք խանդավառություն եւ դրան հակառակՙ անցած ժամանակների վերհուշը գրավեց ամբողջ մթնոլորտը: Ասելով, որ անցյալում լավ էր, ոչ թե ավանդույթն ենք պահպանում, այլ պահպանում ենք խորհրդային կայսրության կեղծ բարոյականությունը եւ ինչ-որ կերպ արդարացնում 37 թվականըՙ ստալինյան ռեժիմը...

- Ի՞նչն է տիրում ներկայումս մեր երաժշտական կյանքում:

- Պահպանվել է խորհրդային ժամանակների բովանդակությունն ու ձեւը, որոնք իմ կարծիքով հակասում են ներկայիս հասարակության պահանջմունքներին: Օրինակՙ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող Կոմպոզիտորների միությունն ի սկզբանե գործում էր տվյալ համակարգի պահանջմունքներով, առաջ քաշելով այն գաղափարախոսությունը, որը հրահանգվում էր «վերեւներից»: Սակայն երբ մենք անկախացել ենք եւ ազատ մտածելու հնարավորություն ենք ստացել, պետք է օգտագործենք այդ հնարավորություններըՙ ստեղծելով տարբեր ստեղծագործական միավորումների մի նոր կառույց, որի միջոցով հնարավոր կլինի երկխոսության մթնոլորտ ձեւավորել ու առաջ քաշել եւ լուծել բոլոր այն ծառացած խնդիրները, որ գոյություն ունեն ներկայումս երաժշտական ընտանիքներում:

- Մի՞թե նույն հնամենի գաղափարախոսությունն է տիրում կոնսերվատորիայում:

- Կոնսերվատորիան վերջին 20 տարիներին կարծես թե հետապնդում է միայն ուսանողների քանակական աճի խնդիրը, երբ մեր լավագույն երաժիշտ ուսանողները շարունակում են լքել Հայաստանը, քանզի նրանց նկատմամբ չկա պետական հատուկ ուշադրություն եւ վերաբերմունք: Ասեմ նաեւՙ աշխարհի շատ հայտնի նվագախմբերում մեր հայ երաժիշտներն իրենց տեղն են գտել ու վայելում են փառք ու պատիվ: Հարցն այն չէ, որ մեկնում են հայրենիքից, այլ այնՙ թե ինչպես են ներկայանումՙ որպես հայ արվեստի դեսպա՞ն, թե՞ որպես փախստական:

- Այս ամենից ի՞նչ ելք եք տեսնում եւ ինչպե՞ս կարելի է փոխել վիճակը:

- Առաջին հերթինՙ պետք է մշակվի հստակ պետական ծրագիրՙ երաժշտության ու նաեւ ընդհանուր մշակութային զարգացման շուրջը: Կարծում եմ, որ վաղուց ժամանակն էՙ ստեղծել ազգային պետական արվեստի համալսարանՙ իր բազմաբնույթ ճյուղերով, որտեղ հստակ մշակված կլինեն արվեստի ու մշակույթի զարգացման տենդենցները, գաղափարախոսությունըՙ պահելով ու զարգացնելով մեր հնամենի ազգային արժեքներն ու ավանդույթները: Այսինքնՙ այսօր դաստիարակելով բարձր մակարդակի արվեստագետ, պետք է հստակեցնենք նրա դերը մեր մշակույթում, այլ ոչ թե դառնանք մատակարարողՙ օտար երկրների համար: Անհրաժեշտ է հստակեցնել, թե որ բնագավառից ինչ մասնագետի կարիք կա, որպեսզի գերարտադրությունից երկիրը ստիպված չլքեն աշխատատեղեր չունենալու, կամ էլ օտարների կողմից ավելի լավ պայմաններ առաջարկելու պատճառով: Այսօր եթե չլուծվեն այս խնդիրները, ապա հետագա սերունդների առաջ արդարանալու եզրեր անգամ չենք կարող գտնել: Հենց այստեղ է, որ պետությունը յուրաքանչյուր արվեստագետի համար պատասխանատվություն պիտի կրի: Պետք է նայել առաջ, այլ ոչ թե հետահայաց փորձենք վերաձեւավորել մեր պատմությունը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4