Նախագահ Բարաք Օբաման հատուկ կարգադրությամբ պատժամիջոցներ է սահմանել համաշխարհային հանցագործ խմբավորումների դեմ: Կարգադրությունը զետեղված է Սպիտակ տան կայքում:
Համաձայն փաստաթղթի, ԱՄՆ-ում համաշխարհային հանցախմբերի ակտիվները կսառեցվեն: Արգելված է գործառնություններ իրականացնել դրանց տերերի հետ:
Պատժամիջոցները վերաբերում են 4 խոշոր հանցագործ խմբավորումների: Դրանք են հիմնականում ԱՊՀ տարածքում գործող «Բրատվան» (The Brothers՛ Circle), նեապոլյան «Կամոռան», ճապոնական յակուձան եւ մեքսիկական «Զետաս» խմբավորումը (Los Zetas):
ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում նշվում է, որ «Բրատվայի» մեջ մտնում են ոչ միայն հետխորհրդային հանրապետությունների խմբավորումների ներկայացուցիչները, այլեւ մերձավորարեւելյան, աֆրիկյան եւ լատինամերիկյան հանցագործներ:
Նախագահ Օբամայի կարգադրության մեջ ասվում է, որ խոշոր հանցախմբերի գործունեությունը սկսել է սպառնալ աշխարհի տնտեսական եւ քաղաքական համակարգի կայունությանը:
Պ. Ք.