Հուլիսի 23-ին Ծաղկաձորում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ: Նա, պատասխանելովՙ Արեւմտյան Հայաստանն ու Արարատը վերադարձնելու աշակերտի հարցին, ասել է. «Իմ սերունդն իր առջեւ դրված պարտականությունը կատարեց, երբ 90-ական թթ. սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկըՙ Ղարաբաղը, պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու լավ կատարել»:
ՀՀ նախագահի խոսքերը բուռն հակազդեցություն են առաջացրել Թուրքիայում: Այս խոսքերի համար նրան հուլիսի 26-ի հայտարարությամբ պաշտոնապես դատապարտել է Թուրքիայի արտգործնախարարությունը, որին նույն օրը արձագանքեց թուրքական հանրային հեռուստատեսությունը, իսկ երեկՙ էլեկտրոնային եւ տպագիր մամուլըՙ լրատվական գործակալություններով հանդերձ:
Հայտարարությունն անձամբ արել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուկ Ունալըՙ վերագրելով ՀՀ նախագահին «Մենք Ղարաբաղն ազատագրեցինք թշնամուց, Արարատ լեռն ու շրջակայքի ազատագրումը թողնում ենք ձեզ» արտահայտությունը: Ըստ երեւույթին, Թուրքիայի արտգործնախարարությունն ի դեմս նախագահի Հայաստանին դատապարտելու առիթ էր որոնում:
Համենայն դեպս, խոսնակ Ունալի հայտարարության մեջ, ըստ թուրքական հանրայինի, ասված է. «Մենք խստիվ դատապարտում ենք նախագահ Սարգսյանի հուլիսի 25-ին Հայաստանում կազմակերպված հայոց լեզվի եւ գրականության մրցույթում աշակերտի հարցին տված պատասխանը: Ժողովուրդների միջեւ թշնամանք սերմանելը, երիտասարդությանն ու ապագա սերունդներին ատելություն ներշնչող խորհուրդներ տալը վերին աստիճանի անպատասխանատու վեաբերմունք է: Սարգսյանի արտահայտությունները, որոնց օգտագործումից նա հարկ չի համարում խուսափել, ընդ որում այն ժամանակ, երբ թափ են ստանում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, ցույց են տալիս, որ հաշտեցման ուղղությամբ աշխատելու մտադրություն չունի: Համոզված ենք, որ բոլոր նրանք, ովքեր տարածաշրջանում ձգտում են խաղաղության, անդորրի եւ կայունության հաստատման, անհրաժեշտ հետեւություններ կանեն Սարգսյանիՙ մեզ համար ցավալի անփառունակ այս արտահայտություններից»:
Թվում է, թե Թուրքիայի արտգործնախարարության խնդիրը ոչ այնքան նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն են, որքան դրանց միջոցով Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանին բանավեճի մեջ ներքաշելը:
Այլապես, խոսնակ Ունալը ՀՀ նախագահի ասածի հետ նաեւ չասած արտահայտություններ չէր վերագրի:
Հ. ՉԱՔՐՅԱՆ