Զինված ուժերի գլխավոր շտաբը ընկրկումը վերագրում է հրամանատարական կազմի թերացումներին
Հուլիսի 8-ին Դիարբեքիրում առեւանգված 2 զինծառայողին եւ մեկ բուժաշխատողին ազատելու համար PKK-ի դեմ իրականացվող գործողությունների ընթացքում համանուն վիլայեթի Սիլվան գավառի մոտ սպանվել էր հատուկ նշանակության զորքերում ծառայող 13 թուրք զինվոր: Մինչ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդագրություն էր տարածում, թե միջադեպը տեղի է ունեցել անտառածածկ վայրում, եւ ահաբեկիչների ծուղակում հայտնված զինծառայողների վրա նռնակ են նետել, որոնք մահացել են առաջացած հրդեհից, թուրքական մամուլը կասկածի տակ դրեց հրդեհի վարկածը:
Ավելին, որոշ թերթեր առաջ քաշեցին զինծառայողների թուրքական ռազմական ինքնաթիռների ռմբակոծությունից սպանվելու վարկածը, միաժամանակ նշվեցին հրամանատարության թերացումները, թե սպանությունից 4 ժամ առաջ իրազեկված է եղել նախապատրաստվող հարձակման մասին: Հրդեհի վարկածը հերքեց նաեւ դիահերձման արդյունքը, քանի որ սպանվածների մարմնում հայտնաբերվել էին փամփուշտներ:
Այլ կերպ, սպանված թուրք զինծառայողները Դիարբեքիրի Սիլվան գավառի շրջակայքում հակաահաբեկչական գործողություններ ծավալելիս, ընթացքից մարտի էին բռնվել PKK-ականների հետ եւ ոչնչացվել: Ըստ գլխավոր շտաբի, սպանվել էին նաեւ 7 PKK-ականներ, որոնցից 5-ի դիակը առ այսօր հայտնաբերված չէ:
Սա նշանակում է, որ տվյալ վայրում զենքով, զինամթերքով եւ թվակազմով PKK-ին գերազանցող օդուժի եւ զրահատեխնիկայի աջակցություն ստացող թուրքական զինված ուժերին հաջողվել էր չեզոքացնել հակառակորդի ընդամենը երկու մարտիկ:
Ըստ երեւույթին, թուրքական զինված ուժերը ահաբեկչության դեմ պայքարում ընկրկում են PKK-ի առջեւ: Թուրքական մամուլը նաեւ այդ մասին նշեց, իսկ «Զամանը» գրեց, որ Սիլվանի մոտակայքում թուրքական ստորաբաժանման վրա ձեռնարկված հարձակումն իրականացրել է PKK-ի Անկարայի խումբը: Սա այն խումբն է, որը լինելով «խորքային պետության» հետ սերտ կապի մեջ, սերտորեն համագործակցել է այս պետության հարվածող ուժը համարվող «Էրգենեքոնի» հետ:
Թուրքական մամուլի հրապարակումները, 13 զինծառայողի սպանության մասին զինված ուժերի գլխավոր շտաբի հավատ չներշնչող հայտարարությունները, ինչպես նաեւ երկրում պետականորեն բարձրացված հակաքրդական ալիքի ներքո ժողովրդական զանգվածների շուտափույթ վրեժխնդրության պահանջները գլխավոր շտաբից զատ ստիպեցին նաեւ կառավարությանը միջադեպի առնչությամբ ինքնուրույն հետաքննություն անցկացնել եւ դա հանձնարարել ներքին գործերի նախարարությանը, այսինքնՙ քաղաքացիական իշխանություններին:
Գլխավոր շտաբը, սակայն, առաջ անցնելով նախարարությունից, երեկ հրապարակեց իր անցկացրած հետաքննության արդյունքները: Նախքան արդյունքներին անդրադառնալը նշենք, որ PKK-ի հետ բախումները շարունակվեցին նաեւ զույգ հետաքննությունների ընթացքում: Հուլիսի 21-ին Հաքքարիի Շեմդինլի գավառում PKK-ականներին հաջողվեց ծանր վիրավորել իրենց հետ կռվի բռնված ստորաբաժանման լեյտենանտին, որը երեք օր հետո մահացավ Անկարայի հոսպիտալում:
Հուլիսի 24-ին Մարդինի Օմարլի գավառի մոտակայքում PKK-ականները ծուղակի մեջ գցելով սպանեցին 3 թուրք ենթասպայի: Հուլիսի 25-ին Դիարբեքիրում PKK-ն կրակ բացեց զինվորներ տեղափոխող ավտոմեքենայի վրա, հարձակման հետեւանքով, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, վիրավորվեց 4 զինծառայող, իսկ հուլիսի 26-ին նորից Դիարբեքիրում PKK-ի հարձակման հետեւանքով վիրավորել է 5 ոստիկան:
Այլ կերպ, հակաահաբեկչական պայքարում PKK-ի առջե բացի թուրքական զինված ուժերից, ընկրկում են նաեւ ոստիկանության զորքերը, իսկ գլխավոր շտաբը հրապարակած զեկուցագրում հերքելով իր իսկ արած նախորդ հայտարարությունները, փորձում է այդ ընկրկումը բացատրել թուրք զինծառայողների հրամանատարական կազմի թերացումներով:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ