Յունիբանկն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Երեւանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված մայրաքաղաքի բարեկարգման մեծածավալ ծրագրին: Բանկը ֆինանսական աջակցություն` 15 մլն դրամ է տրամադրել Կիեւյան կամրջի լուսավորման աշխատանքների իրականացման համար: Կամրջի երկկողմանի վառ լուսավորումը ոչ միայն կնպաստի անվտանգ երթեւեկությանը, այլեւ գեղագիտական նոր տեսք կհաղորդի 375 մ երկարություն, 27 մ լայնություն եւ 60 մ բարձրություն ունեցող կառույցին:
Ինչպես նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը, Բանկը որպես "կորպորատիվ քաղաքացի" ակտիվ մասնակցություն է ունենում քաղաքի սոցիալ-հասարակական կյանքին: "«Ուրախ ենք, որ մեզ հնարավորություն է ընձեռվել մեր ավանդը եւս ներդնելու մայրաքաղաքի բարեկարգման գործում: Կիեւյան կամուրջն այն յուրահատուկ ճարտարապետական կառույցներից է, որը նաեւ պետք է ներկայանալի տեսք ունենա: Քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակներում կամրջի երկու կողմերում կտեղադրվի ժամանակակից եւ գեղեցիկ լուսավորություն», ասել է Վ.Աթայանը: Յունիբանկը պատրաստ է առաջիկայում եւս իր աջակցությունը բերել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից ձեռնարկված` քաղաքի բարեկարգման արդիական ծրագրի իրականացմանը:
Սոցիալական եւ մշակութային միջոցառումները մշտապես եղել են Յունիբանկի ուշադրության ներքո: Վերջերս Բանկը 3 մլն դրամի ֆինանսական օգնություն տրամադրեց Երեւանի Լ.Ն.Տոլստոյի անվան N128 հիմնական դպրոցի ուսումնական դասասենյակի վերակառուցման եւ կահավորման համար: Շարունակվում է համագործակցությունն Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ: Յունիբանկն ակտիվորեն մասնակցում է "«Նվիրիր կյանք»" հիմնադրամի բարեգործական ծրագրերին: Մեծ ուշադրություն է հատկացվում սպորտային միջոցառումներին, հատկապես` մանկական սպորտի զարգացմանը: Բանկը ֆինանսական աջակցություն է տրամադրել 13-14 տարեկան մարզիկների միջեւ սամբոյի հանրապետական ընտրական մրցաշարի եւ միջազգային թիմային մրցաշարի եզրափակչի անցկացման համար: Մրցույթները կայանալու են այս տարվա հուլիս եւ հոկտեմբեր ամիսներին` Երեւանում եւ Մոսկվայում: