Ֆրանսահայ հայտնի դերասան, բեմադրիչ ու պրոդյուսեր, նաեւ Ֆրանսիայում մեծ հեղինակություն վայելող Իրինա Բրուկի թատերախմբի առաջատար դերասան Ժիրայր Փափազյանի (Բաբազյանՙ այսպես է սիրում նա գրել իր ազգանունը) ստեղծագործական ուղուն եւ հաջողություններին «Ազգ»-ը պարբերաբար անդրադարձել է: Այս օրերին կրկին Երեւանում է Ժիրայրը: Նա հրավիրվել էր մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Դերասանի խիստ հագեցած ծրագրերը նրան հնարավորություն չտվեցին վարելու փառատոնի հանդիսավոր մեկնարկի եւ փակման հանդիսությունները: Ժիրայրը նախորդ օրը հյուրընկալվելով «Ազգ» օրաթերթին, որն իր խոսքերովՙ «հարազատ օջախ է ինձ համար...», պատմեց իր առաջիկա ծրագրերի, պետական ու մշակույթի մարդկանց հետ հանդիպումների, բանակցությունների ու նաեւ առաջարկությունների մասին, որոնք արվել էին երկուստեք:
«Նախ սկսենք «Ոսկե ծիրանից»: Փառատոնից հրաշալի տպավորություններ ունեմ: Լավ թրջվեցինք, բոլորս դեղին ճուտիկների էինք նմանվել, բայց դա ոչ թե խանգարում, այլ ավելի հետաքրքրական ու խորհրդավոր մթնոլորտ էր ստեղծել: Շատ հայտնի մարդկանց հանդիպեցի, զրուցեցի, եւ բոլորի կարծիքը միանշանակ շատ դրական էր եւ օգտակար: Այդ առիթից օգտվելով ես եկա Հայաստանՙ նախորդ իմ այցից կիսատ մնացած մի խոսակցություն շարունակելու: Դա վերաբերում էր Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետին, որը մենք ֆրանսերենով ներկայացրինք Փարիզում ու Մարսելում, եւ այն հրաշալի ընդունելության արժանացավ» («Ազգ»-ը ժամանակին գրել է այս մասին):
Տեղեկացնեմ, որ Ժիրայրը երկար տարիներ լրջորեն աշխատել է «Կարինե» օպերետի վրա, այն փոխադրել ֆրանսերեն ու ծանոթացրել ֆրանսիացի դերասաններին: Վերջիններիս ու նաեւ ֆրանսիացի դիրիժոր Վենսան Բոնզոմի առաջարկով, գեղղեկ եւ պրոդյուսեր Ժիրայր Փափազյանի ջանքերով, Սեն Մորի նույնանուն պետական թատրոնի, Մարսելի Օդեոնի պետ. թատրոնի (վերջինս համարվում է օպերետների ծննդավայր), «Տիգրան Չուխաջյան» հետազոտական կենտրոնի (տնօրեն Ժ. Փափազյան) եւ Փարիզի Համազգային մշակութային միության աջակցությամբ բեմադրվեց «Կարինե» օպերետը, Կարինեի դերումՙ Օրոր Քենտար: Այնուհետեւ հենց այս դերասանական խմբից ստեղծվեց «Արեւածաղիկ» անվանումով դասական քառյակը, ուր սկսեց տարածել հայկական երաժշտությունը տարբեր երկրներում: Հետաքրքրական է, որ եւ ֆրանսիացի արվեստագետները, եւ մամուլը «Կարինե» օպերետը անվանել են «օպերա-բուֆո, որի մակարդակը շատ բարձր է»: Դա ֆրանսիացիների գնահատանքն է Չուխաջյանին: Ի դեպ, ֆրանսիացի դիրիժոր Վենսան Բոնզոմը սփյուռքահայ անվանի բանաստեղծ Վահան Թեքեյանի երկու բանաստեղծությունների վրա ու նաեւ Վիլյամ Սարոյանի հայտնի «Հայը եւ հայը» պատմվածքի մոտիվներով գրել է երգեր ու դրանք հնչեցնում է ամենուր:
Ժիրայրը ցավով էր նշում, որ սփյուռքում ապրող մեծահարուստ հայերը «ձեռքները գրպանները չեն տանում ու մշակույթի կողքին չեն կանգնում, դրանց շարքում են նաեւ հիմնադրամները: Մեզՙ հայերիս համար շատ կարեւոր է իմիջի հարցը, մենք չունենք իմիջ, որով աշխարհը մեզ կճանաչի, ինչպես օտար ազգերին», ասում է Ժիրայրը եւ պատասխանում իմ հարցին, թե հայի իմիջը բարձրացնելու համար ի՞նչ է պետք անել. «Գոնե մշակույթի բնագավառում հայ անվանի մշակութային գործիչների ստեղծագործությունները միջազգային բեմահարթակներում ներկայացնելՙ բարձր ճաշակով, այլ ոչ թե ցածրաճաշակ եւ անորակ մակարդակով: Միջակությունով իմիջ հնարավոր չէ բարձրացնել, հակառակ ազդեցությունը կունենա եւ կարող է շատ վնասակար լինել: Միակ միջոցըՙ շատ ֆինանսներ տրամադրել ու բարձրարժեք գործեր ներկայացնել: Սա է ճիշտ ճանապարհն ու ելքը»: Ժիրայրն իր ասածը հաստատեց մեկ օրինակով, երբ ԱՄՆ-ում ինչ-որ թատերախումբ «Անուշ» էր ներկայացրել ու հանդիսատեսի վրա թողել շատ վատ տպավորություն: Դերասանը կարեւորելով մատուցման ձեւը, շեշտեց. «Ներկայացնողը պետք է դա հստակ գիտակցի ու օտարին հայ մշակույթը ներկայացնի այնպես, որ դառնա սիրելի ու գնահատելի, աշխարհը իմանաՙ ով է հայը: Մի նեղացեք հայաստանցի արվեստագետներ, այլ փորձեք արտերկիր դուրս գալուց առաջ ձեր մատը դնել օտարի զարկերակին ու նրա պահանջմունքներով ներկայացեք, եթե չեք ուզում, որ տապալվեք ու նաեւ ազգի իմիջը գցեք...»:
Ժիրայրը մանկուց շրջապատված է եղել մշակութային մթնոլորտով եւ իր արմատներից սնուցված մշակույթը փորձում է ներկայացնել աշխարհով մեկՙ բարձրարժեք հայկական մշակույթ տարածելով: Երեւանում գտնվելու օրերին Ժիրայրը հանդիպել է նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, առաջարկել «Կարինե» օպերետան ներկայացնել Հայաստանումՙ ֆրանսիացի դերասանների կատարմամբ: Առաջարկը ընդունվել է, եւ շուտով Ժիրայրը նախարարին կներկայացնի պաշտոնական գրավոր ձեւակերպումը, որից հետո պարզ կլինի, թե 2012 թ. հայաստանցի հանդիսատեսին բախտ կվիճակվի՞ ըմբոշխնելու այդ բացառիկ օպերետը: Ի դեպ, տարիներ առաջ, հենց Ժիրայր Փափազյանի առաջարկով, երեւանյան «Շեքսպիրյան» թատերական փառատոնին մասնակցեց նաեւ Իրինա Բրուկի թատրոնը երկու ներկայացումովՙ «Ամառային գիշերվա երազը» եւ «Դոն Կիխոտը Լամանշից» (որտեղ Ժիրայրը խաղում էր Սանչո Պանսայի դերը): Այդ ներկայացումներն այս տարի թատերախումբը ներկայացրել էր ԱՄՆ-ում, Չեխիայում, Կանադայում, եւ դեռ հյուրախաղերը շարունակվում են, պատմում էր Ժիրայրը: Բացի այդ ամենից, Ժիրայրը նաեւ նկարահանվում է կինոյում: Ֆրանսիական կինոակադեմիայում նա նկարահանվել է Ժան Մաշի գիտաֆանտաստիկ «8-րդ հրաշքների երկիր» ֆիլմում, որն արդեն մի շարք միջ. կինոփառատոներում արժանացել է մրցանակների: Ֆրանսիական հեռուստատեսությունում նկարահանվել է գեղարվեստական հեռուստաֆիլմերում ու նաեւ ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Թոմաս Տաստարելի «Հմայակ» կարճամետրաժ ֆիլմում (գլխավոր դեր): Իսկ բոլորովին վերջերս Ժիրայրը նկարահանվել է Լեւոն Մինասյանի «Դաշնամուրը» ֆիլմում, որը ներկայացվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնին եւ հասցրել է արդեն շահել մի քանի մրցանակներՙ միջազգային կինոփառատոներում:
Արվեստով ապրող, արվեստով սնված արվեստագետ Ժիրայր Փափազյանն իր գեներից փոխանցված սերն արվեստի նկատմամբ գնահատում է յուրովի: «Մշակույթն ինձ համար օդի եւ ջրի պես մի բան է, որ առանց դրա հնարավոր չէ գոյատեւել, իսկ հայ ազգիս համարՙ ամենաէականն է: 3000 տարվա մշակույթ ունենք, եւ հենց դրանով էլ մենք պետք է ներկայանանք աշխարհին: Սակայն քչերն են կոչված այդ գործին: Եղածներին էլ օգնող, աջակցողներ հայերի կողմից, դժբախտաբար, չկան: Պետք է մշակվի մշակութային հստակ քաղաքականություն, միջազգային կապեր ստեղծել, վարպետության դասեր կազմակերպել ու չմնալ միայն խխունջի պես իր կեղեւի մեջ, եթե չենք ուզում, որ սփյուռքը կորչի: Երբ սփյուռքի երիտասարդին ասում եսՙ մնա հայ, առաջին հարցը, եթե չբարձրաձայնի, ապա մտքում հաստատ հարցնում էՙ «ինչո՞ւ»: Հենց այստեղ է, որ պետք է փորձենք նրանց մեջ արթնացնել հայ լինելու, հայ մնալու գաղափարն այնպես, ինչպես օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճելու բերկրանքն է: Սփյուռքում հայերի մտածելակերպը փոխվել էՙ ինչը շահ է բերում, զբաղվել դրանով... Սփյուռքում հայկական մշակույթ չկա, ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից բացի ոչինչ չկա: Հենց դրա համար է, որ մշակույթը կարեւոր է, եւ առանց այդ հպարտության զգացողության, հային հայ չես կարող պահել: Անհրաժեշտ է նրան որակ մատուցել, որ կարողանա համեմատել ու գնահատել»:
Այժմ Ժիրայրը լծված է Վահան Թեքեյանի ստեղծագործությունների ծաղկաքաղը անգլերեն լեզվով ներկայացնելու գործին: Իսկ բոլորովին վերջերս Մոնրեալում (Քվեբեկի տարածքում) տեղի Թեքեյան մշակութային միության խնդրանքով ու աջակցությամբ բեմադրել է Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կոմեդիանՙ ֆրանսերեն սուբտիտրերով: Ժիրայրը ամենաշատը հավանում ու գնահատում է հայ կնոջը, իսկ գեղեցկադեմ հայուհիներին, ովքեր կցանկանան իր սիրտը գրավել ու իրեն զավակ պարգեւել, «թող ինձ հետ կապվեն...», կատակեց Ժիրայրը եւ հրաժեշտ տվեցՙ «շուտով կտեսնվենք» բառերով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հ. Գ.- Հարցազրույցը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ «Նարեկացի» արվեստի միությունում հրաշալի էր անցել «Կարինե» օպերետի տեսագրության ցուցադրությունն ու դրան հետեւած բանավեճը երաժշտագետների, արվեստաբանների ու երաժշտասերների ներկայությամբ: Իսկ «Ուրբաթ» ակումբում Ժիրայրը հանդիպել է լրագրողների հետ ու պատասխանել նրանց հարցերին: