«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2011-07-26 | #138, 2011-07-27 | #139, 2011-07-28


ՈՒ՞Մ Է ՁԵՌՆՏՈՒ ԾՈՎԱՀԵՆՈՒԹՅՈՒՆԸ

Մաս առաջին

Էլեկտրոնային փոստով «Արմենիա» ուղարկեցին մի տեքստ ինտերնետից: Կարդացի եւ բոլորովին չզարմացա: Առանց այդ էլ դա ինձ պարզ ու հասկանալի է: Բերեմ ընդամենը մեկ պարբերություն. «Երիտասարդությունը Սոմալիում, հիմա արդեն նաեւ Եմենում, իր կուռքն է համարում ծովահեններին, ինչպես որ տիեզերագնացության արշալույսին համարում էին Յուրի Գագարինին եւ Նեյլ Արմսթրոնգին, կամ ինչպես Հին Հունաստանումՙ օլիմպիական չեմպիոններին»: Իսկ չզարմացա այն պատճառով, որ գիտեմՙ երիտասարդությունը բոլորովին մեղավոր չէ: Չէ՞ որ, պարզվում է, այդ «կուռքերը», բացի ամենայնից, նաեւ մեկենասներ են, որոնք օգնում են հաշմանդամներին, ծերերին ու երեխաներին: Ծովահեններն իրենք իրենց երբեք չէին կարող գոյություն ունենալ: Մանավանդ հիմա, երբ տիեզերքից նույնիսկ ասեղը կարող են տեսնել խոտի մեջ, էլ ուր մնաց ծովահեններինՙ նավերով, բաց ծովում:

Ըստ իս, ճիշտ կլինի այս հրատապ թեման արծարծելու փորձ կատարել, սկսելով պատմությունից, համաշխարհային ծովահենության ակունքներից: Խաչբառերում հաճախ կարելի է գտնել «ծովային ավազակ» բնորոշումը, որը մեկ հինգ, մեկ վեց, եւ կամ տասը տառից բաղկացած բառ է: Կամ էլ նորից հինգ տառից, բայց բոլորովին այլ պատասխան ունի: Պատճառը բազմաթիվ հոմանիշներն են, որ ծնվել են տարբեր դարերում, տարբեր լեզուներով: Ի դեպ, ամենահինը բոլորովին էլ «պիրատ»-ը չէր: Դեռեւս մ.թ.ա. 15-11-րդ դարերում պաղեստինյան ափեզերքի ծովային ավազակներին կոչում էին «տժեկերներ»: «Պիրատ» տերմինը հին Հունաստանում հայտնվել է մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում: Թեեւ հույների մոտ այլ արտասանություն ուներՙ պեյրատես: Եվ նշանակում էր «բախտ փորձել»: Հռոմեացիների մոտ այն հնչում էր պիրատա: Այստեղից էլ տերմինի ներկայիս, այսպես ասած պաշտոնական հնչունաբանությունը, որն արդեն ավելի մոտ է մեզ մոտավորապես միջնադարիցՙ տարբեր տարածաշրջանների, հիմնականում Եվրոպայի հետ կապված: Կար ժամանակ, երբ այդ հրեշավոր զբաղմունքն այնքան տարածված էր, որ իրենքՙ ծովահենները դարձան ռոմանտիզմի դարաշրջանի անհամար գրքերի հերոսներ: Ո՞ր պատանին չի հիացել գլխի գույնզգույն թաշկինակը ծոծրակին քարկապած քաջ, առնական ու ռոմանտիկ կերպարով, որի նավակայմին ծածանվում է իր «համքարության» սեւ դրոշըՙ գանգով ու երկու խաչված ոսկրերով «Ուրախ Ռոջերը», կամ չի սարսռացել գանձերի կղզում հետեւելով միոտանի, աչքին սեւ փաթաթան եւ ատամների արանքում ծխամորճ սեղմած ծովահենին եւ մանավանդ մտովի ունկնդրելով հարբած ավազակների երգըՙ մեռելի սնդուկի եւ մի շիշ ռոմի մասին: Իսկ որքա՜ն խորհրդավոր են հնչում ինչպես գողալեզու, այնպես էլ դասական երգերում այնպիսի բառեր, ինչպիսիք են «վիտալիեր», «կորսար», մանավանդՙ «ֆլիբուստիեր»: Մինչդեռ առաջինը լատիներենից թարմանվում է ընդամենը «պաշարներ ուտող», երկրորդըՙ պարզապես ավազակ, գող: Բայց հիրավի բառիս բուն իմաստով լեգենդներում երգված «ֆլիբուստիերը» մի ողջ թյուրիմացություն է: Դա հոլանդերեն «վրիպուիտեր» բառն» է, որը նույնպես վերջնական արդյունքում նշանակում է ծովահեն: Բայց մի ինչ-որ անգլիացի նախընտրել է բառի հիմքում միանգամից երկու անգլերեն բառարմատ տեսնելՙ «ազատ» եւ «կողոպտիչ»: Ասես խոսքը ազատ ստեղծագործողի մասին է: Մի խոսքով, տերմինները շա՜տ շա՜տ են: Ընդհանրապես ծովահենության ու ծովահենների մասին շատ բան կարելի է իմանալ մեծ Ժյուլ Վեռնից, Կիր Բուլիչեւի «Ծովահենության պատմություն» գրքիցՙ Մ. Ի. Դինոսոլովի նախաբանով, եւ իհարկե, ծովային իրավունքի եւ ծովահենության նախնական պատմության հարցերով ՄԱԿ-ի նախկին փորձագետ, իրավագետ, մեր հայրենակից Յու. Բարսեղովի բազմաթիվ փաստագրական հետազոտություններից, մասնավորապես Կիլիկյան հայկական թագավորությունում ծովահենության դեմ պայքարի մասին:

Այսինքն, խոսքը մեծ եւ շատ կարեւոր խնդրի մասին է, որն արդեն երկար հազարամյակներ մարդկությունը չի կարողանում լուծել, քանի դեռ ապացուցելի պատասխան տրված չէ փիլիսոփայական-իրավաբանական այն հարցին, թե «Ո՞ւմ է դա ձեռնտու»: Եվ մի՞թե ծովահեն չէր Իթակեի ճարպիկ ու խորամանկ արքա Ոդիսեւսը: Կարծես թե առասպելական հերոս է, բայց նախատիպը վերցված է կյանքից: Եվ բոլորովին էլ օդից չի վերցրել Հոմերոսն այն բառերը, որ հնչեցնում է իր հերոսի շուրթերից այն մասին, թե արգոնավորդները քաղաքն ավերեցին, կոտորեցին բոլոր բնակիչներին, իսկ կանանց ու գանձերը միմյանց միջեւ կիսեցին: Թող ների ինձ մեծն կույրը, բայց ինչո՞վ ավազակ չէ, ինչո՞վ պիրատ չէ այդ, ես կասեիՙ պարզապես տականքը: Նույնիսկ այսպես կոչված կիսաստվածներն էին պիրատներ, այդ թվում նաեւ մկանուտ Հերակլեսը: Այնպես որ, այդ ամենը հավանաբար ձեռնտու էր հենց աստվածներին, որոնք ծովահենությունը համարում էին ընդամենը արհեստ, զբաղմունք: Իսկ ծովային ավազակներին բոլորովին էլ պիրատներ չէին կոչում: Կիր Բուլիչեւը (Իգոր Մոժեյկո) նրանց մասին գիրքը վերնագրել է «Ծովապրուստի այրեր»: Ի՜նչ բարձրահունչ բնորոշում: Իսկ իմ կողմից հարգված հեղինակն այդ բառերը փոխառել է հենց Հոմերոսից: Բայց դա շատ ու շատ վաղուց էր: Առասպելը մնում է առասպել: Ինչ-որ բան հորինված է, ինչ-որ բան, որոշ լրացումներովՙ վերցված կյանքից: Դարերի խորքից բարձրանանք վեր, մոտենալով մեր ժամանակներին: Թեեւ 16-րդ դարը դեռեւս հեռու է մեզնից: Որեւէ մարդ, որը գոնե փոքր ինչ ծանոթ է ծովագնացության պատմությանը եւ ծովագնացների կենսագրություններին, չի կարող չիմանալ անգլիացի Ֆրենսիս Դրեյքի անունը: Իհարկե, նա մեծ ծովագնաց էր: Նաեւ հայտնագործող, գիտնական, քարտեզագիր, եւ երկրորդն էր, որ պտտվեց երկրի շուրջ, եւ կարտոֆիլ բերեց Եվրոպա (նման կարծիք էլ կա) եւ միաժամանակ... ավազակների ավազակն էր: Արյունարբու, դաժան, պրոֆեսիոնալ ծովային ավազակ, որը թալանում էր նույնիսկ իր հայրենակիցներին: Պատկերացնում եմ մի պահ. զոհերը նրան բերում են Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Առաջինի մոտ եւ բողոքում, որ Դրեյքը իրենց կողոպտել է մինչեւ վերջին շապիկը, քաղցած թողել երեխաներին: Իսկ թագուհին, պարզվում է, դեռ մեկ րոպե առաջ հրաման է ստորագրել պերի, սըրի, լորդի, ֆավորիտի աստիճան շնորհել մեծ ծովահենին, որը հերթական անգամ նորին մեծությանը մի ողջ նավախումբ է բերելՙ ամբարները լցված թալանված գանձերով: Չէ՞ որ այն ժամանակ ոչ ոք չգիտեր, որ թագուհին ծովահենին հրավիրում էր մասնակցելու Գաղտնի խորհուրդներին, ինչը նույնն է, թե հիմա նախագահին կից անվտանգության խորհուրդները:

Այնպես որ, դժվար չէ գուշակել, թե ում է ձեռնտու ծովահենությունը: Բայց դա նույնպես վաղուց էրՙ 16-րդ դարում: Իսկ հետո՞, իսկ հիմա՞: Վերջին երկու-երեք դարում (չեմ խոսում այսօրվա ամենազոր ՄԱԿ-ի եւ Անվտանգության խորհուրդ անունը կրող հզորագույն գործադիր մարմնի մասին) կարծես թե հայտնվել են ինչ-ինչ միջազգային օրենքներ: Թերեւս առաջին եւ գործուն ծովային օրենքներն ընդունվել են Կիլիկիայի հայկական թագավորությունում: Վենետիկի եւ Ջենովայի հանրապետություններն իրենց օրենքները (հիմնականում ծովահենության դեմ) ընդունել են հիմք ընդունելով եւ մեջբերելով Կիլիկյան հայտնի ծովային իրավական նորմերը: Այդ մասին մանրամասն կարելի է կարդալ Յուրի Բարսեղովի աշխատություններում:

Ստամբուլ վերանվանված Կոստանդնուպոլիսը իսկույն դարձավ այսպես կոչված «բարբարոսական ծովահենության» գլխավոր շտաբ, որին աջակցում եւ ոգեշնչում էր Օսմանյան կայսրությունը: Բայց ահա Եվրոպան, տեսնելով, որ աբորդաժի են վերցնում հիմնականում քրիստոնյաների նավերը, կարողացավ վերջ դնել ծովահենների նկատմամբ թուրքական իշխանությանը: Ոչ, Եվրոպան բոլորովին էլ ծովային վայրագությանը վերջ չտվեց, այլ պարզապես յուրացրեց օգուտը: Անգլիայում, օրինակ, ինչպես գրում է Բարսեղովը, ծովահենի արհեստը խրախուսելու համար ստեղծվում էին յուրօրինակ բաժնետիրական ընկերություններ, որոնց մասնատերերն էին ծովակալները, կանցլերները, նավատերերը եւ նույնիսկ թագակիր անձինք: Պարզապես օրինականացված պետական քաղաքականություն, որից ամենից շատ տուժում էին հայ վաճառականները: Չէ՞ որ կար ժամանակ, երբ համաշխարհային առեւտրաբեռների մեծ մասը ծովերով ու օվկիանոսներով փոխադրում էին հայ վաճառականները: Դա շատ հետաքրքիր թեմա է: Իսկ ավելի կոնկրետ լինելու համար ցանկանում եմ դարձյալ ու դարձյալ դիմել մեր մեծ բարեկամ Յուրի Բարսեղովի օգնությանը, որն, ի դեպ, առաջինը շնորհավորեց մեզ «Կիլիկիա»-ի նավարկության առաջին փուլի ավարտի կապակցությամբ: Դա Յուրի Գեորգիեւիչի մահից ոչ շատ առաջ էր: Ահա. «Հնդկական օվկիանոսի եւ Հարավարեւելյան Ասիայի օվկիանոսներում եւ ծովերում հայ վաճառական-ծովագնացների դեմ անգլիացիների կողմից ծովահենության խրախուսման մեթոդների օրինակ կարող են ծառայել հայտնի դեպքերը: Օրինակ 1685 թվականին հայկական երկու բարձրակարգ նավերիՙ «Սուրբ Խաչ» եւ «Նոր Երուսաղեմ», զավթումը, որոնք բեռնված էին այն ժամանակվա փոխարժեքով 565 հազար ֆունտ ստեռլինգ գնահատվող սուտակներով: Երկու նավերն էլ պատկանում էին հայտնի հայ նեգոցիանտների (կոմերսանտ, որը մեծ ծավալի առեւտուր է իրականացնում գլխավորապես այլ երկրների հետ.- Զ.Բ.), Հովհան եւ Հովսեփ Մարգարյան եղբայրներին, որոնք Արեւմուտքում հայտնի էին որպես Ջոն եւ Ջոզեֆ Դա-Մարկ կամ Դեմարկորա: Տվյալ դեպքում հայերի դեմ գործեց անգլիական ֆլիբուստիերների «Դոն Ռիչարդ Բարնեբի եւ Սեմյուել Ուայթ» կազմակերպությունը: Ավելացնեմ, որ դրանք ինչ-որ հասարակ մահկանացու ավազակներ չէին: Նրանք, կարելի է ասելՙ պաշտոնական պետական գործիչներ էին: Ծովահենությամբ նույնպես զբաղվում էին պաշտոնապես, Սիամի (ներկայիս Թայլանդի) թագավորի ռազմա-ծովային բարձր պաշտոնյաների անվան տակ քողարկված: Մի խոսքով, բոլորովին դժվար չէ հասկանալ, թե վերջիվերջո ում է ձեռնտու այդ չարաբաստիկ ծովահենությունը:

Պետրոս Մեծը այնքան էլ չէր սիրում այդ կեղտոտ արհեստը, բայց նա նույնպես ստիպած էր աղտոտել ձեռքերը:

Սակայն ծովահենության պատմության մասինՙ հաջորդ ռեպորտաժում: Այնտեղից ընթերցողը կիմանա, թե այսօր, ինչպես ասում ենՙ այստեղ եւ հիմա, ում է ձեռնտու այդ հիրավի ծովային ֆաշիզմը: Եվ ինչո՞ւ է «Արմենիա»-ի անձնակազմն ստիպված այսքան երկար մնալ Ցեյլոնում...

...Առաջին անգամ եմ երկումասանոց ռեպորտաժ գրում: Անկեղծ ասած, ծովահենության թեմայի համար ինձ տասն էլ չէր բավականացնի: Միշտ իմ առջեւ կանգնած է մի ամբողջ խնդիրՙ տեղավորվել չափսերի մեջ, որոնք, ինչպես հայտնի է, նշանակություն ունեն: Եթե իմանայի՜ն խմբագիրները, թե ինչ անխիղճ կերպով եմ ստիպված լինում կրճատել եւ այդպիսով դուրս թողնել շատ հետաքրքրական նյութեր: Չէ՞ որ դրանք տառապագին հավաքում եմ տոննաներով: Եվ այդ ամենն արվում է ահավոր պայմաններում: Մեր երիտասարդ չարաճճիները, մեր հավերժական փոքրավորները, երեքով միասին հաճախ թաքուն հետեւում են, թե ինչպես եմ փոթորկի ժամանակ, ուժգին ճոճքի պայմաններում մեքենագրում, եւ հաճույք են ստանում, որ մատս անհրաժեշտ տառին իջեցնելու փոխարեն թխկացնում եմ գրամեքենայի կողքին, սեղանին: Եվ նրանք, այդ անկարգները, նույնպես ճոճքից օրորվելով, ուրախ քրքջում են: Դե, ես էլՙ նրանց հետ: Պարզապես ափսոս է այն ժամանակը, որ ստիպված ծախսում եմ կրճատումների վրա: Չէ՞ որ ինձ համար ամեն րոպեն, ինչպես ասում ենՙ մի քաշ ոսկի է:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Հնդկական օվկիանոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4