«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2011-07-26 | #138, 2011-07-27 | #139, 2011-07-28


«ԿՈՄԻՏԱՍ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Օգոստոսի 5-7-ը Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի Պրոյցել դղյակում կազմակերպվում է հայ մեծանուն երաժիշտ, երգահան Կոմիտասի անվան գիտաերաժշտական միջազգային փառատոն: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց դղյակի սեփականատերերից գործարար Վահրամ Եկավյանը , իրենց հիմնական նպատակն է կոմիտասյան եւ հայ դասական ու ժամանակակից երաժշտության միջոցով եվրոպական եւ հատկապես գերմանական երաժշտասեր հասարակությանը ներկայացնել հայ երաժշտաարվեստի գանձերը: Իսկ Կոմիտասը ոչ միայն իր թողած ժառանգությամբ, եւ Բեռլինում ուսանած լինելու հանգամանքով մշակութային երկխոսության ամենաուժեղ կապը կստեղծի: Փառատոնին այս տարի հրավիրվել են հանրահայտ երաժիշտներ, որոնք կգնահատեն երիտասարդ ստեղծագործողների կատարումները: Մասնակիցները տարբեր երաժշտական գործիքների վրա պետք է կատարեն մեկական գործ Կոմիտասից, մեկական գործ որեւէ ժամանակակից հայ կոմպոզիտորից, եւ մեկական գործ էլ համաշխարհային դասականներից: Փառատոնի մրցանակային հիմնադրամը 20 հազար եվրո է:

Պրոյցել դղյակը գտնվում է Բեռլինից ոչ շատ հեռուՙ համանուն փոքրիկ գյուղում, իսկ հարակից տարածքը զբաղեցնում է 123 հեկտար տարածք: Գեղատեսիլ բնության մեջ պետք է կառուցվի բեմահարթակ, եւ մի քանի օր շարունակ պետք է ելույթ ունենան ամենատարբեր երաժշտական խմբեր ու անհատ երաժիշտ կատարողներ: Միայն Հայաստանից փառատոնին կմասնակցեն հարյուր քսան հոգի, այդ թվում մաեստրո Հովհ. Չեքիջյանի ակադեմիական երգչախումբը, հայտնի դաշնակահար Մարինե Աբրահամյանը, երգչուհի Աննա Մայիլյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը եւ ուրիշներ: Նրանք էլ կլինեն նաեւ ժյուրիի կազմում: Փառատոնի կազմակերպիչները մտադիր են այն դարձնել ամենամյա, ինչը հնարավորություն կտա Գերմանիայում եւ Եվրոպայում ճանաչելի դարձնել հայկական երգարվեստը: Պրոյցել դղյակի արդեն վերանորոգված դահլիճը նույնպես հետագայում կտրամադրվի տաղանդավոր երաժիշտներին: Փառատոնի օրերին դղյակի երկրորդ հարկում կբացվի եվրոպահայ եւ օտար նկարիչների ցուցահանդես: Փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին:

«Օրեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4