Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որի պարգեւները վիճարկողների թվում են նաեւ Հայաստանի ըմբիշները:
Առաջինը մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցումների առաջին օրը շատ հաջող էր Հայաստանի հավաքականի համար: Մրցագորգ դուրս եկած 4 հայ ըմբիշներից երկուսը դարձան մրցանակակիր:
Գերազանց հանդես եկավ Ռաֆիկ Մանուկյանը, որը մինչեւ 74 կգ քաշային ըմբիշների մրցավեճում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ռաֆիկի առաջին մրցակիցն իտալացի Կիրո Ռուսոն էր, որին մեր ըմբիշը հաղթեց: Այնուհետեւ հայ ըմբիշի հետ գոտեմարտերում մրցագորգից պարտված հեռացան նաեւ ավստրիացի Մայքլ Վագները, թուրք Իսմայիլ Կոցասլանը եւ լեհ Արկադիուշ Կուլինիչը: Այս հաղթանակների շնորհիվ Ռաֆիկ Մանուկյանը մտավ եզրափակիչ, որտեղ նրան սպասում էր վրացի ըմբիշ Զուրաբ Դաթունաշվիլին: Հայ ըմբիշն այս գոտեմարտում էլ իրեն գերազանց դրսեւորեց ու ցուցադրելով իր վարպետությունը, դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն:
Հայաստանի հավաքականին 2-րդ մեդալը պարգեւեց Ռուդիկ Մկրտչյանըՙ դառնալով բրոնզե մեդալակիր: Ռուդիկն առաջին գոտեմարտում զիջեց ադրբեջանցի Վիլայաթ Գահրամանլիին, որն ի վերջո դարձավ մրցաշարի հաղթողՙ եզրափակիչում պարտության մատնելով Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսերիկ Սարսենբիեւին: Իսկ Ռուդիկ Մկրտչյանն իրավունք ստացավ շարունակելու պայքարը բրոնզե մեդալի համար: Այդ պայքարը հաջողությամբ պսակվեց: Հաջորդաբար պարտության մատնելով Նիկա Ցեցխալաձեին (Վրաստան) եւ Պավել Վասիլենկոյին (Ռուսաստան), Ռուդիկը նվաճեց բրոնզե մեդալ:
Բրոնզե մեդալակիր կարող էր դառնալ նաեւ Ասլան Պողոսյանը (60 կգ): Նա առաջին գոտեմարտում հաղթելով ճապոնացի Սուգուրու Յամագուչիին, հաջորդ փուլում պարտվեց լեհ Դավիթ Կարեցինսկուն, որը հասավ մինչեւ եզրափակիչ: 3-րդ տեղի համար պայքարում առաջին գոտեմարտում Պողոսյանը հաղթեց բուլղարացի Արտյոմ Վեսյալովին, սակայն 2-րդ գոտեմարտում զիջեց մոլդովացի Մաքսիմ Մամուլատին ու զրկվեց բրոնզե մեդալից:
Մինչեւ 96 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նախ հաղթեց իտալացի Լուկա Մինգուզիին, ապա պարտվեց թուրք Մետհան Բասարին ու դուրս մնաց հետագա պայքարից:
Մեր թիմի կազմում մրցագորգ դուրս կգան եւս 4 ըմբիշներՙ Նարեկ Խաչատրյանը (55 կգ), Հայկ Արշակյանը (66 կգ), Գեւորգ Մանուկյանն (84 կգ) ու Վաչիկ Եղիազարյանը (120 կգ):