Տրապիզոնում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներն առաջին մեդալը նվաճեցին: Այդ պատվին արժանացավ մինչեւ 50 կգ քաշային ձյուդոյիստ Վահագն Հովսեփյանը: Հայ մարզիկն առաջին գոտեմարտում զիջեց իտալացի Մանցիին: Վերջինս հասավ մինչեւ եզրափակիչ, ուստի հայ ձյուդոյիստն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Հովսեփյանը հաջողությամբ հաղթահարեց արգելքները, իսկ վճռորոշ գոտեմարտում պարտության մատնելով ադրբեջանցի Մահտարամովին, արժանացավ բրոնզե մեդալի:
Մինչեւ 55 կգ քաշային ձյուդոյիստների մրցավեճում Լեւոն Կարապետյանը պարտվեց առաջին գոտեմարտում Լեհաստանի ներկայացուցիչ Ալիպիեւին եւ դուրս մնաց պայքարից:
Նախորդ օրը եռացատկի մրցումների եզրափակիչի ուղեգիր նվաճած Սաթենիկ Հովհաննիսյանը մեդալների համար մղված պայքարում 12,36 մետր արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Հեռացատկի մրցումներում Լեւոն Աղասյանը 6,57 մետր արդյունքով 21 մասնակիցների մեջ զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը:
Հեծանվային սպորտի անհատական մրցավազքում հայ մարզիկներից համեմատաբար հաջող էր Հովհաննես Հովհաննիսյանի ելույթը, որը 93 մասնակիցների մեջ գրավեց 34-րդ տեղը:
Մարմնամարզության թիմային մրցումներում Հայաստանի հավաքականը 31 ընտրանիների պայքարում գրավեց 14-րդ տեղըՙ իրենից հետ թողնելով Թուրքիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ այլ ուժեղ հավաքականների: Տրապիզոնում առայժմ բոլորից հաջող են հանդես գալիս Ռուսաստանի մարզիկները, որոնք նվաճել են 11 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: