Հարգելի «Ազգի» խմբագրություն:
Ես գիտեմ, որ մեր պես (ընտանիքի) միլիոնավոր հայեր կան, որ ցնծում են «մի բուռ» պետության բարոյական հաղթանակը աշխարհի ուժեղների դեմՙ մատ (շախմատային) հայտարարելով բոլորինՙ անկախ դրանիցՙ փող ունեն, թե նավթ...: Յուրաքանչյուրս այդ հաղթանակը տոնում է յուրովի, բայց վստահ եմ, որ բոլորը միակարծիք ենՙ այս հաղթանակը պիտի էլ ավելի համախմբի հայ ազգին դիմակայելու դեռ սպասվող մի շարք դժվարությունները եւ հաղթահարելու դրանք: Կուզեմ ասել, որ միայն հայերը չէ, որ այսօր ասում են իրենց շնորհավորանքի խոսքերը: Քիչ առաջ պապ ու թոռ վերադարձանք ծովից եւ տեսանք համակարգչում նամակ: Հեղինակն իմ Դավթի (շախմատիստ) մարզիչ Նավթալի Բեն Պինխասն էր: Թարգմանում եմ բառացիՙ «Չինաստանում, աշխարհի առաջնությունում առաջին մրցանակը շահելու համար մաղթում եմ փառք ու պատիվ: Կեցցե Հայաստանը»: Երբ գրում էի այս տողերը, զանգահարեց նաեւ Հայֆայի շախմատի ակումբի տնօրեն եւ մարզիչ Վլադիմիր Վայնշտեյնը, գովասանքի առատ խոսքեր պարգեւելով եւ մեր տղաներին, որոնց նա անվանեց «ընտանեկան թիմ» եւ նրանց ծնող ու սնող հայ ժողովրդինՙ եւ Հայաստանին:
Առա՜ջ, Հայաստան:
ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել