Եթե Լեռնային Ղարաբաղի առնչությամբ որոշակի փոխզիջում չգտնվի, պատերազմի վերականգնման վտանգը իրական կդառնա: Այսպիսի դիրքորոշում է արտահայտել Եվրոպական ինտեգրման ուսումնասիրությունների վրացական կենտրոնի ղեկավար Վասիլ Չկոիձեն: «Գրուզիա օնլայն» կայքէջի փոխանցմամբ, վրացի փորձագետը հայտարարել է, որ զինված հակամարտության վերսկսման դեպքում սպառնալիքի տակ կհայտնվեն ինչպես Վրաստանի ազգային շահերը, այնպես էլ կայունությունը Հարավային Կովկասում:
Վրացի փորձագետը կանխատեսել է, որ եթե նման իրավիճակ ստեղծվի, «Ռուսաստանը, որպես Հայաստանի մերձավոր դաշնակից, Հայաստանին պաշտպանելու անհրաժեշտության պատրվակով կփորձի առանց թույլտվության օգտագործել Վրաստանի տարածքը իր զինուժի եւ ռազմական բեռների տարանցման համար»:
Նման հայտարարություն առաջին անգամ չէ, որ արվում է, բայց որեւէ կերպ մեկնաբանել վրացի փորձագետի դատողությունները առանձնակի իմաստ չունի այն պարզ պատճառով, որ, ինչպես ասում են, «ամեն մարդ իրա դարդին»:
Չկոիձեն նշել է, թե այդ սցենարի դեպքում դա չի նշանակի Վրաստանի անմիջական ներգրավում հակամարտության մեջ, բայց «շատ հնարավոր է, որ Ռուսաստանի գործողությունները դուրս գան տվյալ խնդրի շրջանակներից ու որոշակի անկայունություն կամ ռազմական հակազդեցություն առաջացնեն Վրաստանում»:
Լրիվ հակառուսական տրամաբանության, այլ ոչ քաղաքագիտական մտքի ընթացքով է պայմանավորված նաեւ Չկոիձեի այն դատողությունը, թե պատերազմ ղարաբաղյան հարցով չի ցանկանում ոչ մեկը, բայց «Ռուսաստանի ապակառուցողական դերը ղարաբաղյան հարցում ուղղված է ստատուս քվոյի պահպանմանը, ինչը մեծացնում է ռազմական բախման հավանականությունը»:
Ա. Հ.