ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն էր ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը : Լրագրողներին հետաքրքրում էր, թե վերջին 2-3 օրերին դիտված բարձր ջերմաստիճանը որքա՞ն դեռ կշարունակվի եւ ինչպես պետք է պաշտպանվել տապից: «Այո, վերջին երկու օրերին օդի ջերմաստիճանը բարձրացել է, Արարատյան դաշտի երկու կայաններում գրանցվել է 39,5 աստիճան: Հուլիսի 29-ին ջերմաստիճանը մեկ աստիճանով կնվազի, իսկ 30-ին, 31-ին, օգոստոսի 1-ին եւ 2-ին սպասվում է մինչեւ 40 աստիճան, առանձին շրջաններում գուցե ավելին: Նվազագույն ջերմաստիճանը բարձր կլինի մայրաքաղաքում եւ գիշերային ժամերին կտատանվի 27-28 աստիճանի սահմաններում, որը գիշերվա համար բավականին բարձր է: Միայն երեկոյան ժամերին կթուլանա օդի ջերմաստիճանը թեթեւ քամուց: Չափազանց նվազել է օդի հարաբերական խոնավությունըՙ հասնելով 17-18 տոկոսի, որը մոտեցել է բացարձակ նվազագույն արժեքներին», ասաց մասնագետը: Օգոստոսի 4-ից միայն օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի 4-5 աստիճանով: Օգոստոս ամսվա համար նման ջերմաստիճանի բարձրացումը տկն Պետրոսյանը բնական համարեց, սակայն բարձր ջերմաստիճանի տեւական բնույթըՙ 8 օր 38-40 աստիճան, բավական բարձր է: Նա ասաց նաեւ, որ հանրապետության հովտային շրջաններումՙ Սյունիքի հովիտներում եւ հատկապես Արարատյան դաշտավայրում, ստեղծվել է հրդեհավտանգության ամենաբարձր աստիճանըՙ 5, որը շատ վտանգավոր է եւ ամենափոքր վրիպումը, անուշադրությունը կարող է բերել վատ հետեւանքների: Պետք է խուսափել կրակ վառելուց, վառած կրակները մարելուց: Ապակու կտորներ ու ծխախոտի մնացորդներ չգցել ուր պատահի:
«Ազգ»-ի հարցին պատասխանելովՙ տկն Պետրոսյանը տեղեկացրեց, որ երկու օր առաջ Հայպետհիդրոմետ ծառայությունը «Ուշադրություն» խորագրով նախազգուշացում է ուղարկել համապատասխան մարմիններին սպասվելիք բարձր ջերմաստիճանի եւ հրդեհավտանգ իրավիճակի վերաբերյալ, իսկ թե համապատասխան կառույցներն ու նախարարությունները ինչ միջոցառումներ կձեռնարկենՙ դեռ պարզ չէ: Կարծում ենք, հեռուստաեթերներով գովազդների փոխարեն պետք է ազգաբնակչությանը անընդհատ տեղեկացնել ու խորհուրդներ տալ, թե նման իրավիճակում տարեցներն ու երեխաները ինչպես պետք է պաշտպանվեն այդ օրերին:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչության բաժնի պետ Նունե Բակունցից «Ազգ» -ը փորձեց տեղեկանալ, թե ինչ մասնագիտական խորհուրդ կտա մեր համաքաղաքացիներին այս օրերին: Նա նշեց, որ անհրաժեշտ է կրել սպիտակ եւ բաց գույների բամբակյա հագուստներ, խուսափել սինթետիկ հագուստներից, սնվել առավելապես բանջարեղենով, մրգերով եւ շատ հեղուկներ օգտագործել, հատկապես ոչ գազավորված քաղցր ջրեր, խուսափել մսեղենից ու կուշտ ուտելուց: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից նույնպես խուսափել ու շատ լոգանք ընդունել: Ցերեկվա ժամը 12-18-ը գլխաբաց արեւի ճառագայթների տակ չմնալ, դուրս գալ փողոց միայն խիստ անհրաժեշտ դեպքում եւ քայլել ստվերոտ տեղերով: Հղիներին, ծերերին ու երեխաներին խորհուրդ տվեց տնից ընդհանրապես դուրս չգալ եւ առաջարկեց օրվա տապն անցկացնել պառկած վիճակում, մշտապես օդափոխվող սենյակում: Սիրտ-անոթային հիվանդներին հատկապես խորհուրդ տվեց խստագույնս պահպանել բժշկի նշանակած դեղաչափերի ընդունումը եւ զբոսնել միայն երեկոյանՙ հովն ընկնելուց:
Այս օրերին Արարատյան դաշտում հողի ջերմաստիճանը հասել է բարձրակետինՙ 75 աստիճան, որն իր հետեւանքներն անշուշտ կունենա: Սեւանա լճի ջրի ջերմաստիճանն արդեն հասել է 22-23 աստիճանի, եւ հանգստյան օրերին կարելի է երեւանյան տապից զովանալ Սեւանում, որտեղ օդի ջերմաստիճանը կլինի 350: Առաջիկա 5 օրերին Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկվա ջերմաստիճանը կլինի 39-40 եւ գուցե ավելին, գիշերըՙ 25-280 տաքություն: Եղանակների այսպիսի կտրուկ փոփոխությունները, հատկապես վերջին 10 տարիներին, կապված են երկրագնդի գլոբալ տաքացման հետ, պարզաբանում են մասնագետները ու հիշեցնում, որ Հայաստանում 440 է գրանցվել 1986 եւ 2002 թթ., իսկ Երեւանի կենտրոնում ասֆալտապատ հատվածներում ջերմաստիճանը, բնականաբար, ավելի բարձր կլինի 40-ից, քան կանաչապատ տարածքներում, պուրակներում եւ այգիներում: