«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2011-07-27 | #139, 2011-07-28 | #140, 2011-07-29


ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՎԵՑԻՆ

Ներկայացնելով կառավարության երեկ ընդունած որոշումըՙ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին հայտնեց, որ Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող նպաստի չափերը բարձրացել են: Նախկինում երեխաներ չունեցող նման ընտանիքներին տրվող 10000 դրամի փոխարեն նպաստի նոր չափը դարձել է 30 հազար դրամ: Երեխաներ ունեցող զոհված զինծառայողների ընտանիքներին նախկին 39 հազար դրամի դիմաց տրվելու է բազային 30 հազար դրամ եւ 20-ական հազար դրամ յուրաքանչյուր երեխայի համար: Այսինքն, ըստ սոցապ նախարարի, երկու երեխա ունեցող այդպիսի ընտանիքը կստանա 70 հազար դրամ: Արթուր Գրիգորյանը ընդգծեց, որ այդպիսով շուրջ 75 տոկոսով բարձրացվել է այս խավին տրամադրվող դրամական օգնության չափը: Միաժամանակ, Հայաստանի պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքներին տրվող դրամական օգնության գումարը նույնպես բարձրացվել է 30-35 տոկոսով:

Բացի վերոնշյալից, 5000 դրամով ավելացել է Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին տրվող դրամական օգնության գումարը եւ 5000 դրամով պատերազմի բոլոր մասնակիցներին տրվող պատվովճարներըՙ 20 հազար դրամից դառնալով 25 հազար դրամ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4