ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը երեկ հաստատել է 2012 թ. ֆինանսական տարվա պետական արտաքին գործառնությունների հատկացումների օրինագիծը: Այն կոչ է անում, որպես տնտեսական աջակցություն, Հայաստանին հատկացնել 40 միլիոն դոլար: Օրինագիծը չի նախատեսում հումանիտար օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղին, թեպետ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ Ղարաբաղին հատկացվել էր մինչեւ 10 միլիոն դոլար:
Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ` թեպետ ենթահանձնաժողովի օրինագիծը չի նշել Լեռնային Ղարաբաղի համար հատկացվող ֆինանսավորման մակարդակը, սակայն Կոնգրեսը պարբերաբար կոչ է արել մինչեւ 10 միլիոն դոլարի ամենամյա օգնություն տրամադրել Ղարաբաղին:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահի վարչակազմն առաջարկել էր միջազգային ռազմական ֆինանսավորման նպատակով Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացնել 3-ական միլիոն դոլար եւ լրացուցիչ 450.000 դոլար Ադրբեջանին` ռազմական թրեյնինգներ անցկացնելուն: Սակայն ենթակոմիտեն չի հաստատել այդ գումարները` հորդորելով պահպանել հավասար ֆինանսավորում: Ենթակոմիտեն անփոփոխ է թողել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն ընդունվել է 1992 թ. եւ պահանջում է Ադրբեջանից դադարեցնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:
2012 թ. ֆինանսական տարում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը նամակով դիմել է կոնգրեսականներին: Նա կոչ էր արել 60 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին եւ 10 միլիոն` Լեռնային Ղարաբաղի զարգացմանը` միաժամանակ առաջարկելով պահպանել Ազատության ակտի 907-րդ ուղղումը եւ պահպանել ռազմական հավասար ֆինանսավորումը Հայաստանին ու Ադրբեջանին, չխոչընդոտել ԱՄՆ-ի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապերին եւ 10 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին:
Օգոստոսի 3-ին օրինագիծը կդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների կոմիտեի քննարկմանը:
Հ. Հ.