«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2011-07-27 | #139, 2011-07-28 | #140, 2011-07-29


ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

Աստանայում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացան քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանի հավաքականից պայքարը շարունակող 4 բռնցքամարտիկներից երկուսը հաջողությամբ հաղթահարեցին հերթական փուլի արգելքը եւ մտնելով կիսաեզրափակիչ, իրենց համար նվազագույնն ապահովեցին բրոնզե մեդալները:

Աստանայում հաղթարշավն է շարունակում գերծանրքաշային Սերյոժա Հակոբյանը, որը 10-8 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Մահամադալի Թահիրովին ու մտավ կիսաեզրափակիչ: Այս փուլում հայ բռնցքամարտիկի մրցակիցն այսօր կլինի ղազախստանցի Դիդար Տոլեգենը: Վերջինս քառորդ եզրափակիչում պարտության է մատնել հունգարացի Լասլո Կոմորին (17-1):

Մեր հավաքականին 2-րդ մեդալը պարգեւեց մինչեւ 66 կգ քաշային Գոռ Ջեւելիկյանը, որի առավելությունն ակնհայտ էր բուլղարացի Ալեքսանդր Կոստովի հետ մենամարտում: Այժմ Գոռը եզրափակիչի ուղեգրի համար այսօր պետք է ռինգ դուրս գա մենամարտելու թուրք Օսման Այդինի հետ: Վերջինս 17-9 հաշվով առավելության էր հասել Գերմանիան ներկայացնող Ահմադ Սեմոյի նկատմամբ:

Ցավոք, մեր մյուս երկու բռնցքամարտիկներին չհաջողվեց կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել: Մինչեւ 70 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը միավորների չնչին տարբերությամբ (14-15) պարտվեց կորեացի Ին Գի Հոնգին: Վերջինս կիսաեզրափակիչում կմրցի ռուսաստանցի Լենդրուշ Հակոբյանի հետ, որը պարտության էր մատնել բուլղարացի Բլագոյ Նայդյոնովին (17-6):

Պայքարից դուրս մնաց նաեւ Հայրիկ Նազարյանը (46 կգ), որը զիջեց ռումինացի Ցեզար Տուդորին (14-15): Վերջինս աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը կշարունակի ավստրիացի Գլեյ Վատերմանի հետ մրցավեճում:

Ռուսաստանի հավաքականի կազմում եւս մեկ հայ բռնցքամարտիկՙ Արտյոմ Մելքոնյանը (54 կգ) հասել է մինչեւ կիսաեզրափակիչ: Հերթական մենամարտում Արտյոմը հաղթել է իռլանդացի Ջոն Ստոկեսին (10-6) ու հաջորդ հանդիպումը կանցկացնի ղազախստանցի Բեգզան Կիբիտկալի հետ: Վերջինս պայքարից դուրս էր մղել Ռումինիայի ներկայացուցիչ Արսեն Մուստաֆային (13-6):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4