«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2011-07-28 | #140, 2011-07-29 | #141, 2011-07-30


ԹԵՔԵՅԱՆՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ 10-ՕՐՅԱ ՀԱՆԳԻՍՏԸ ԼՈՌՎԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գեղեցիկ է Լոռվա բնությունը` անտառապատ լեռներ, աչք շոյող բուսականություն, ակնահաճո տեսարաններ: Հայոց աշխարհի այս հիասքանչ անկյունում` Վահագնաձոր գյուղում` Դեբեդ գետի ափին է գտնվում ,Գուգարքե մանկական ճամբարը, որը ս.թ. հուլիսի 15-ից 25-ը հյուրընկալեց թվով 85 թեքեյանցի աշակերտների եւ նրանց ուղեկցող ուսուցիչների:

Թեքեյանցիների տասնօրյա անմոռանալի հանգիստը հնարավոր դարձավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» ծրագրի շնորհիվ: 2010թ. համեմատությամբ` այս տարի ծրագիրը ընդլայնել է թե իր աշխարհագրությունը եւ թե մասնակիցների թիվը: Ծրագրում ընդգրկված էին ոչ միայն Երեւանի, Գյումրիի, Ստեփնավանի եւ Կարբիի, այլ նաեւ Բերձորի /Արցախ/` Վ. Թեքեյանի անվան դպրոցների 9-12-րդ դասարանների բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները: Հիմնադրամը կարեւորում է ուսումն ու գիտելիքը եւ միշտ խրախուսում լավագույններին:

Լոռվա մարզի այդ գողտրիկ անկյունում թեքեյանցիներն անցկացրին երանելի տասը օրեր: Ուրախ եւ բովանդակալից էր ճամբարային առօրյան: Յուրաքանչյուր այգ բացվում էր շեփորի կանչով եւ լիցքային վարժություններով: Առօրյայի անբաժան մասն էին կազմում տողաններն ու շքերթները, սպորտային տարաբնույթ խաղերն ու սպորտլանդիաները, որոնք անցնում էին երեխաների ակտիվ մասնակցությամբ եւ բարձր ոգեւորությամբ: Սպորտային միջոցառումներից հետո երեխաները լիցքաթափվում էին լողավազանում` լողի ու արեւի լոգանքների միջոցով:

Ճամբարում աշակերտները ոչ միայն վայելեցին անհոգ եւ ուրախ օրերի բերկրանքը, այլեւ ուսումնական պարապմունքների միջոցով, որոնք վարում էին թեքեյանցի ուսուցիչները, հարստացրին իրենց գիտելիքները պատմության, աշխարհագրության, հայոց լեզվի, գրականության, արվեստի, մշակույթի եւ այլ բնագավառներում: Ինտելեկտուալ խաղ-մրցույթներն ունեին ճանաչողական եւ դաստիարակչական նշանակություն: Կազմակերպվում էին զրույց-բանավեճեր, որոնք օգնում էին երեխաներին զարգացնել մտածելու եւ կարծիք արտահայտելու հմտությունները: Երեխաները քննարկումներ անցկացրին բազմաբնույթ թեմաներով` «Պահպանենք բնությունը», «Ընկերություն», «Դպրոցը եւ դպրոցականները», «Առաջին բուժ.օգնություն», «Առողջ ապրելակերպ», «Լոռու պատմական հուշարձանները» եւ այլն:

Կազմակերպվեցին գրական երեկոներ` նվիրված մեծն հայերի` Հովհ. Թումանյանի եւ Վ. Թեքեյանի կյանքին եւ ստեղծագործական գործունեությանը: Հիմնադրամը նաեւ հնարավորություն ընձեռեց թեքեյանցի աշակերտներին այցելել Դսեղ` Հովհ. Թումանյանի տուն-թանգարան, ուր երեխաները շնչեցին ու ապրեցին Թումանյանի ոգով. արտասանեցին մեծ բանաստեղծի քառյակներից եւ հատվածներ պոեմներից: Ուրախալի էր, որ նոր սերունդն այդքան հետաքրքրված էր Թումանյանի ստեղծագործություններով:

Երեխաները մեծ ոգեւորություն ապրեցին հետիոտն արշավներից դեպի լքված ճամբար, անտառ եւ գետափ: Նրանք ծանոթացան նաեւ Դեբեդ գետի հակառակ հոսելու պատճառին: Կազմակերպվեց նաեւ էքսկուրսիա դեպի Հաղպատ եկեղեցական համալիր, որտեղ 18-րդ դարում ապրել եւ ստեղծագործել է հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան:

Թեքեյանցի աշակերտները ծանոթացան նաեւ ճամբարի աշխարհագրական դիրքին եւ 50-ամյա պատմությանը, կարգ ու կանոնին, ռեժիմին, ինչպես նաեւ սովորեցին նրա երգերն ու պարերը: Մեծ էր ճամբարի ղեկավարության, ջոկատավարների, ինչպես նաեւ թեքեյանցի ուսուցիչների դերը տարբեր տեղերից ժամանած երեխաների միջեւ համերաշխ մթնոլորտ ստեղծելու հարցում:

Հանգստի վերջին օրն անցկացվեց հանդիսավոր տողան` նվիրված Հայաստանի երրորդ հանրապետության 20-ամյակին: Թեքեյանցիներն իրենց մասնակցությունն ունեցան այդ հրաշալի միջոցառմանը իրենց գեղեցիկ երգերով եւ հայրենասիրական երգերով, ինչպես նաեւ հարցազրույց տվեցին տարբեր հեռուստաալիքներ ներկայացնող լրագրող-երեխաներին: Իսկ ճամբարի տնօրեն տիկին Դանիելյանը պատվոգրեր հանձնեց բոլոր հինգ Թեքեյան դպրոցներին` օրինակելի վարքի, կազմակերպվածության եւ բարձր գիտելիքների համար:

Վերջում վառվեց ավանդական հրաժեշտի խարույկը, հնչեցին երախտիքի խոսքեր Տխուր էր բաժանման պահը: Իրար էին խառնվել ժպիտն ու լացը: Հուզված էին բոլորը: Դժվար էր բաժանվել մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Գուգարք» ճամբարից` մանկության հրաշք-մոլորակից, ուր իշխում են սերն ու բարությունը, երգն ու պարը, ժպիտն ու ծիծաղը: Թեքեյանցիները հեռացան ճամբարից անմոռանալի տպավորություններով եւ մեծ հավատով, որ ,Թեքեյան Կենտրոնե հիմնադրամը հաջորդ տարի եւս կպարգեւի նրանց անկրկնելի ամառային հանգիստ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4