Այսօր Ռիո դե Ժանեյրոյում տեղի կունենա ֆուտբոլի 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Եվրոպական 53 հավաքականները ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում գրաված տեղերի համաձայն, նախապես բաշխվել են 6 զամբյուղներում: Վիճակահանությամբ կկազմավորվեն ընտրական 9 խմբեր, որոնցից 8-ում կընդգրկվեն 6-ական հավաքականներ, մեկումՙ 5:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, որը հուլիսի դրությամբ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 70-րդ տեղում է, ընդգրկվել է 5-րդ զամբյուղում: Իսկ դա նշանակում է, որ մեր հավաքականի մրցակիցների թվում չեն կարող լինել նույն զամբյուղում ընդգրկված Ֆինլանդիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լատվիայի, Մոլդովայի, Մակեդոնիայի, Ադրբեջանի եւ Ֆարերների հավաքականները: Իսկ ահա 6-րդ զամբյուղից կարող է մրցակից լինել նշված հավաքականներից որեւէ մեկըՙ Ուելսը, Լիխտենշտեյնը, Իսլանդիան, Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Անդորրան եւ Սան Մարինոն: Իհարկե, նշվածներից մեզ ձեռնտու տարբերակներն են Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Սան Մարինոն, Անդորրան եւ Մալթան:
Ընտրական 9 խմբերը կգլխավորեն 1-ին զամբյուղում ընդգրկված հավաքականները. Իսպանիան, Հոլանդիան, Գերմանիան, Անգլիան, Պորտուգալիան, Իտալիան, Խորվաթիան, Նորվեգիան եւ Հունաստանը: Նշվածներից մեր հավաքականն առայժմ ոչ մի անգամ չի հանդիպել Անգլիայի, Իտալիայի եւ Խորվաթիայի հետ:
Ընտրական մրցաշարի արդյունքներով խմբերի հաղթողները եզրափակիչի ուղեգիր կնվաճեն: Մնացած 4 ուղեգրերը կվիճարկեն 2-րդ տեղ զբաղեցրած հավաքականներից 8 լավագույնները, որոնք զույգեր կազմելով, անցումային խաղերում կմրցեն միմյանց հետ: 2014-ի ընտրական մրցաշարի մեկնարկը կտրվի 2012-ի սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի 2014-ի առաջնությունը կայանալու է Բրազիլիայում: Մեկնարկը կտրվի հունիսի 12-ին, իսկ եզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 13-ին: