Տեղեկատվական համակարգերի այս դարում, ինչ խոսք, ինտերնետն իր ուրույն տեղն ունի եւ այս օրերին էլ ավելի զգացի նրա դերի եւ նշանակության մասին:
Անմիջական մասնակցություն ունեցա մեր շախմատային հրաշալի թիմի բոլոր անցկացրած պարտիաներին: Թիմ, որը միայն վերջին պահին հասցրեց նստել շարժվող գնացքի վերջին վագոն (շնորհիվ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի Հայաստանի ընտրանին ներգրավվեց աշխարհի թիմային առաջնությանը): Ինչ խոսք, շնորհիվ ինտերներտի, հուզումնալից շատ պահեր ապրեցինք:
Ինտերնետն իր տեղն ունի, սակայն ես ամեն առավոտ անհամբեր շտապում էի կրպակՙ իմ համար շատ հարազատ դարձած «Ազգ»-ի նոր համար գնելու, քանզի ամենանոր շախմատային լուրեր եւ մեկնաբանություններ շախմատասեր հասարակությունը ստանում էր նրա սպորտային էջից: Անցնող տուրի մասին տեղեկությունից զատ այդ էջում կարդում էինք նաեւ գալիք տուրի կանխագուշակում:
Ինչեւէ, ետեւում մնացին հուզումնալից օրերը: Իրողություն էՙ մենք առաջինն ենք: Դժվար է այսօր կշեռքի նժարին դնել շախմատի օլիմպիական չեմպիոնի կամ աշխարհի թիմային առաջնության մեդալները: Երկուսն էլ պատվաբեր են, սակայն ըստ ինձՙ վերջին հաղթանակն է ավելի գերադասելի:
Հաղթանակը պատվաբեր էր, եւ մենք նախկինում աշխարհի թիմային հաղթանակներ տարած թիմերի շարքըՙ ԽՍՀՄ, ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, համալրեցինք:
Տղաների հետ էին աշխարհի գրեթե բոլոր հայերը: Շախմատ խաղի հայրենիք Հնդկաստանում գտնվող «Արմենիա» առագաստանավի անձնակազմն ամեն օր ստանում էր տեղեկություն շախմատի մեր հավաքականի խաղի մասին:
Մեծ ախորժակ ուներ Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի հավաքականնՙ ակնկալելով գրավել առաջին տեղ: Ետ գնալովՙ մտաբերեցի «Ազգ»-ի սպորտային լրագրողի կանխագուշակումը այն մասին, որ Ադրբեջան-Ռուսաստան խաղից հետո մերոնք հաստատ դուրս են գալու առաջին տեղ:
Այդպես էլ եղավ: Ստանձնելով առաջատարի դերը, չորրորդ տուրում մեր հրաշալի թիմն առաջատարի դիրքերը չզիջեց մինչեւ վերջ:
Մեկ անգամ եւս հիշենք մեր համար այժմ բախտորոշ Հայաստան-Ադրբեջան խաղը: Եղավ մի պահ, երբ մտածեցի, Աստված իմ, բացի աշխարհի առաջ խայտառակությունից նաեւ կորցնում ենք առաջատարի դիրքերը, դա հենց այն պահն էր, երբ Գաբին (Գաբրիել Սարգսյան) 10 րոպե շարունակ չէր համարձակվում հիրավի պարտված դիրքում հանձնվել:
Ինչեւիցե, փառք ու պատիվ Վլադիմիր Հակոբյանին, որի հաղթանակը ծանրակշիռ էր, թե այդ տուրի համար, թե ավարտական տուրիՙ Ուկրաինայի հետ խաղում: Օլիմպիական չեմպիոն Ուկրաինայի հետ արագ ոչ-ոքին հավասարազոր էր հաղթանակի:
Կանցնեն տարիներ: Հուլիսի 26-ը մեր հիշողության մեջ կմնա որպես ոգու, կամքի եւ հաղթանակի օր:
Այո, հաղթարշավը շարունակվում է, թիմը, որն ունի նախագահական աջակցություն, խթան կհանդիսանա հայ ժողովրդի համար, որպեսզի այսպիսի հաջողություններ ունենանք նաեւ այլ ոլորտներում:
Երկարամյա երկաթուղային ստաժ ունեցող ինժեներ եմ եւ համարում եմ, որ մեր պրոֆեսիոնալ տոնի նախօրեին (յուրաքանչյուր օգոստոսի առաջին կիրակին) մեր հավաքականը մեզ լավ նվեր մատուցեց:
Օգտվելով առիթից, բազմահազար երկաթուղայինների անունից մեկ անգամ եւս շնորհակալություն ենք հայտնում տղաներին, նրանց ծնողներին, վաղամեռիկ Կարեն Ասրյանի ծնողներինՙ հերթական մարզական սխրանքի կապակցությամբ:
ՆԻԿՈՂԱՅՈՍ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, 60-ականներից մոլի շախմատասեր, երկաթուղու համակարգի ինժեներ