«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2011-07-29 | #141, 2011-07-30 | #142, 2011-08-17


«ԹՈՒՄՈ» ԵՎ ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անցած կիրակի երկու արժանահիշատակ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանում: Այնքան արժանահիշատակ, որ թեկուզ երկու օր անցել է այդ իրադարձություններից, սակայն արձակուրդից վերադարձած «Ազգը» չի կարող շրջանցել դրանց նշանակությունը: Այսպես` Երեւանում, Հալաբյան 16 հասցեում, սփյուռքահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները հիմնադրեցին ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը, որի կայացումը վառ օրինակ է Հայաստանի գործարար-բարերաների համար այն առումով, թե ինչպե՞ս պետք է Հայաստանի ու հայերի համար հեռանկարային բարեգործություն անել, որ այն Հայաստանի ապագային առնչվի եւ ոչ թե կերվի-վերջանա տեղում` պահի շահին սպասարկու եւ առանց հեռագնա նպատակի: Եվ նույն Սիմոնյանների նախաձեռնությամբ Երեւանում եւ «Թումոյի» տարածքի բացօթյա հրապարակում տեղի ունեցավ աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի համերգը, որին ներկա էին տասնյակ հազարավոր երեւանցիներ:

Նախ պատմենք «Թումո» նախաձեռնության եւ նրա հիմնադիրների մասին, որոնց վերաբերյալ հեռուստատեսային լրատվությունից զուտ տեղեկություններ ստանալը շատ դժվար էր: «Թումոն» հիմնադրած ամերիկահայ գործարար Սեմ Սիմոնյանի մանկությունն անցել է Բեյրութում, Բեյրութի ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է ԱՄՆ` Դալլաս: Արլինգթոնում հիմնել է հեռահաղորդակցության եւ համակարգչային տեխնիկայի կատարելագործմամբ զբաղվող ԻՆԵԹ ձեռնարկությունը: Այնուհետեւ ընդլայնել է բիզնեսը, ստեղծել է համակարգչային կատարելագործված «Տուրբո 6» եւ «Սփայզեր» ծրագրերը, բազմաթիվ հայանպաստ գործեր իրականացրել:

«Հուսով ենք, որ այստեղ, Թումանյանի այգում, մեղրի խոհեմ մի կաթիլը կարող է զինել այսօրվա պատանիներին տեխնիկական եւ ստեղծարար հմտություններով` վաղվա Հայաստանը կերտելու համար: Մի կաթիլ «Թումոն» կդառնա մի օղակ` դրական փոփոխությունների շղթայում»: Այսպիսի իղձ էր ձեւակերպված «Թումո» կենտրոնի բացմանը ներկա հյուրերին բաժանված մի կաթիլ «Թումոյի» (մեղրի) փայտե շրջանակի վրա. մեղրը, հայտնի է, կաթիլ-կաթիլ է դառնում շրջանակ:

Կենտրոնը հիմնադրվել է Կիեւյան կամրջին հարակից տարածքում, Հրազդանի կիրճի վրա է կախված, իսկ Հրազդանի կիրճի` մինչեւ Կիեւյան կամուրջ տարածքը բարեկարգվել, ենթակառուցվածքներով զինվել է այն աստիճան, որ այնտեղ կիրակի երեկոյան, գեղեցիկ ձեւավորված բեմում ելույթ ունեցավ հայազգի աշխարհահռչակ ռոք-երգիչը:

Ի՞նչ բան է «Թումո» կենտրոնը: Համակարգչային դրախտ, կարելի է ասել: Օգոստոսի տասնչորսը կարելի է անվանել այդ դրախտի դռների բացման օր բոլոր այն երիտասարդ եւ պատանի տարիքի մարդկանց համար, ովքեր ուզում են իրենց փնտրել նոր տեխնոլոգիաների ոլորտում, ապագան կապել հենց բարձր տեխնոլոգիական կրթվածության հետ: «Թումոյի» կայքէջում գրված է. «Հսկայական տարածք սովորելու եւ ստեղծագործելու համար: Չորս հեռանկարային ոլորտներ` բազմաթիվ հնարավորություններով` հմտությունները զարգացնելու եւ հաջողակ ապագա կերտելու համար: Բարի գալուստ մի վայր, որ յուրահատուկ է ողջ աշխարհում: Բարի գալուստ «Թումո»»: Կենտրոնը մեն-միակ նպատակով է ստեղծվել` իրոք խթանել տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում եւ հայ երիտասարդներին մատչելի եւ անվճար հնարավորություն ստեղծել մասնագիտական ուսումնական ծրագրերին ծանոթանալու:

Տիկին Սիլվա Սիմոնյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ գաղափարը տասը տարվա է, ավելի քան քսան միլիոն է ներդրված ծրագրում: Սեմ Սիմոնյանն ուզում է, որ սեպտեմբերից մեկնարկող այս ծրագրերը հետագայում ընդլայնվեն` ավելի փոքր տարիքից երեխաները գան, ավագ տարիքի մարդիկ եւս ընդգրկվեն: Կենտրոնի սպասարկման տարեկան ծախսերը եւս պետք է Սիմոնյանները հոգան: Կենտրոնը կաշխատի, ընթացքում կտեսնեն` ի՞նչը սրբագրեն, ի՞նչն ավելացնեն-պակասեցնեն: Տիկին Սիլվան եւ նրա ամուսին Սեմ Սիմոնյանը աչքի էին ընկնում պարզ եւ անպաճույճ պահվածքով, բարձր կրթվածությամբ` ոչ մի համեմատություն թիկնապահներին հետեւը գցած մեր օլիգարխների մեծ մասի հետ. ահա թե ուր պիտի եկած լինեին մեր օլիգարխները, եւ ումից օրինակելու բան ունեին` եւ պահվածքի, եւ բարեգործության բովանդակության առումով: Բայց մեր գործարարներից ոչ ոք ներկա չէր «Թումոյի» բացմանը` մի քանի նախարար, Երեւանի քաղաքապետը, Հայաստանի եւ Արցախի նախագահները: Նախագահ Սարգսյանը հատկապես գնահատեց «Թումոյի» ստեղծման նշանակությունը ռազմավարական առումով, քանի որ երիտասարդ եւ ժամանակակից տեխնոլոգիաներով կրթված երիտասարդների ներուժո՛վ երկրի մրցունակության բարձրացման խնդիր ունենք, քանի որ մեր բնական պաշարները սուղ են, դրանց պետք է խնայողաբար վերաբերվենք. եւ մանավանդ պետք է կարողանանք մտավոր ծառայություններ մատուցել ե՛ւ հասարակությանը, ե՛ւ տարածաշրջանին, ե՛ւ աշխարհին: Այդ իմաստով ` նախագահը շատ խրախուսելի էր համարում տեր եւ տիկին Սիմոնյանների արածը, լավ օրինակ ուրիշների համար, «ովքեր մեծ ջանքերի շնորհիվ կարողացել են հաջողությունների հասնել իրենց ոլորտներում, եւ հիմա ժամանակն է, որ հաջողությունների մի փոքրիկ մասնիկ փորձեն կիսել հայրենիքի հետ»:

«Թումո» կենտրոնում տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Սերժ Թանգյան հանդիպում, որի ընթացքում Թանգյանը, ըստ պաշտոնական լրատվության, նշել է, թե շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, խոստանալով, որ իր ռոք խմբի հետ կգա Հայաստան:

«Թումոյի» բացման օրը երեւանցիները կհիշեն նաեւ այն պատճառով, որ էլի Սիմոնյանների նախաձեռնությամբ եւ ծախսերով նրանց կախարդական գիշեր պարգեւեց հանրահայտ երգիչ Սերժ Թանգյանը, որի համերգին եկած բազմությունը լցրել էր կիրճի Թումանյան այգու հատվածը եւ կհասներ մի քանի տասնյակ հազարի: Թանգյանն ու հայ ժողովուրդը արժանի վերաբերմունք ցույց տվեցին իրար` առաջինը իր երգի աննման ոգին փոխանցելով, երկրորդը` աննախադեպ օվացիայով: Թանգյանը երգեց 16 երգ` ամեն մեկը սյուժե եւ բեմադրություն, բոլորը` ծանոթ ու սիրելի ողջ աշխարհում: Նվագակցում էր Հայաստանի օպերայի սիմֆոնիկ նվագախումբը, համերգի դիրիժորը Նոր Զելանդիայից ժամանած Համիշ Մքքեշն էր: Թանգյանի երգերի կախարդական հնչյունները տարածվում էին Հրազդանի կիրճում, միախառնվում երկրպագուների բուռն օվացիաներին. գեղեցիկ լույսեր եւ բարձրացված ձեռքեր Հրազդանի կիրճում, վերեւում լիալուսինը` հրաշալի գիշեր էր:

«Թումո» կենտրոնի բացման առիթով «Ազգ»-ին Նյու Յորքից հոդված է ուղարկել Հակոբ Վարդիվառյանը: Հոդվածից տեղեկանում ենք, որ Սեմ Սիմոնյանը սովորել է Բեյրութի Վահան Թեքեյան եւ ապա Հովակիմյան-Մանուկյան վարժարաններում: Երիտասարդ տարիքից անդամակցել է Ռամկավար Ազատական կուսակցությանը: Ներկայումս ՀԲԸՄիության կենտրոնական վարչական ժողովի անդամ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4