«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2011-07-29 | #141, 2011-07-30 | #142, 2011-08-17


«ԱՆԿԱԽ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ ԿԱՄ «ՀՈՒՇԱԳԻՐ» ԷԼՆՈՒՐ ԱՍԼԱՆՈՎԻ ՀԱՄԱՐ

Վերջերս ստեփանակերտցի դպրոցական Ադելինա Ավագիմյանը նամակ էր գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Միակ հարցը, որ հուզել է աղջկան, այն է, թե ինչո՞ւ է Իլհամ Ալիեւը նորից արցախցիներին սպառնում պատերազմով: Այս շատ պարզ հարցին պատասխանելու փոխարեն Իլհամ Ալիեւի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը հեղինակել է մի հերթական «ագիտ-հուշագիր», որտեղ խոսք է գնում «այն ժամանակվա ադրբեջանցիների կողմից ստեղծված պետական կազմավորման» մասին, որի «ղեկավարները 18-րդ դարի վերջին հիմնադրել են Խանքենդին»:

Դիմելով Ադելինա Ավագիմյանին, Ասլանովը, փաստորեն, «ընդդիմախոսում է» բոլոր արցախցիներին, հայերին` առհասարակ. «Դու գրում ես, որ ծնվել եւ ապրում ես Ստեփանակերտում: Իրականում քաղաքը կոչվում է Խանքենդի... Այն առաջացել է որպես խանի ընտանիքի եւ մերձավորների համար հանգստի ավան: Խաների հարմարության համար խանության մայրաքաղաք Փանահաբադից, ներկայիս Շուշա քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, լեռնալանջերին հիմնադրվել են առաջին դղյակները: Գյուղը, որտեղ ժամանակ առ ժամանակ ապրել են միայն խանի ընտանիքի անդամները, ստացել է «Խանըն քենդի» անվանումը, որը, ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «Խանի գյուղ», իսկ ավելի ուշ նա վերջնականապես ստացել է «Խանքենդի» անվանումը: Միայն 1923թ., հիմնադրումից ավելի քան 100 տարի անց Խանքենդին վերանվանվել է Ստեփանակերտ` ի պատիվ բոլշեւիկ Ստեփան Շահումյանի» :

Ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի: Այս մի քանի տողում արտահայտված «մտքերը» մերկացնում են ադրբեջանական «էլիտա»-ի ողջ էությունը. այն առհասարակ պատմության, մասնավորապես Ղարաբաղի անցյալի մասին տարրական գիտելիքներից անգամ զուրկ է: Հարկավոր է կատարյալ պրոֆան լինել, որ մարդ գրի, թե «Շուշիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, լեռնալանջերին առաջին դղյակներն են հիմնադրվել, այստեղ ժամանակ առ ժամանակ ապրել է միայն խանի ընտանիքը, եւ գյուղն ստացել է Խանքենդի անվանումը»: Մի՞թե Էլնուր Ասլանովը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի քարտեզը չի նայել, նախքան կգրեր այդ միտքը: Չէ՞ որ Ստեփանակերտն, այո, Շուշիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, բայց տեղադրված է վերջինիս համեմատ ցածրադիր տարածքում, որտեղ ոչ մի լեռնալանջ էլ չկա: Այսինքն, տեղանքը չէր կարող Շուշիի «խան»-երի համար հանգստավայր լինել, քանի որ Շուշին հենց հանգստավայր էր: Իսկ եթե «խան»-երն, այնուամենայնիվ, նույնիսկ Շուշիում էին շոգում, ապա ամառանոցի համար տեղ պիտի ընտրած լինեին Քիրսի լեռնալանջերը: Իսկ այդ մասին լռում է անգամ ադրբեջանական պատմագրությունը:

Ի՞նչ իմաստ ունի այդ անգրագետ դիտարկումը: Որպեսզի «ապացուցվի», որ «Ղարաբաղի խաները ոչ միայն Շուշին են հիմնադրել, այլեւ Խանքենդին»: Փառք աստծո, ադրբեջանցի համարվող Միրզա Ադիգյոզալ-բեկը, որ եղել է Իբրահիմ «խանի վեզիրը» եւ գրել իր տրոջ ու նրա տոհմի պատմությունը, հստակ վկայություն է թողել այն «աշխարհաշեն» գործերի մասին, որ կատարել են Փանահը եւ նրա որդի Իբրահիմը: Ահա Փանահին վերագրված կառուցումների ցանկը. «Առաջին` Բայաթ ամրոցը (որի տեղորոշման հարցում գլուխ չեն հանում անգամ ադրբեջանցի «ոսկեխույզ»- ուսումնասիրողները- Վ. Ա.), շուկան, բաղնիքը, պատերը եւ շինությունները, որ կառուցվել են հրակայուն աղյուսով: Այժմ (19-րդ դարի կեսերին- Վ.Ա.) կարելի է միայն աննշան մնացորդներ տեսնել: Երկրորդ` Շահբուլաղի ամրոցը, աղբյուրի մոտ մզկիթը, բաղնիքը, քաղաքային շենքերը եւ շուկան, որ կառուցվել են քարից եւ կրից: (Այդ «կառույցներ»-ից ոչինչ չի պահպանվել գոնե մինչեւ 19-րդ դարավերջ): Երրորդ` Շուշիի նախկին ամրոցի պատերը (ադրբեջանցի հեղինակն այստեղ չի՞ ակնարկում, որ Շուշիում մինչեւ Փանահի հայտնվելը եղել է հին ամրոց, որի պատերն է միայն ամրացրել «խան»-ը) եւ մի շենք, որ ներկայումս (հեղինակի օրոք- Վ.Ա.) օգտագործվում է որպես զորքերի (արդեն` ռուսական- Վ.Ա.) ցորենի համար պահեստ»: Իսկ ինչո՞վ է «անմահացել» Փանահի որդի Իբրահիմը: Ահա. «Առաջին` մեծ մզկիթը, որ կառուցվել է 1868/69 թվականներին, երբ այն քայքայվել է, վերականգնվել է նրա պատվելի դստեր` Գովհար-աղայի կողմից եւ նախկինից ավելի լավ տեսք ստացել (այսպիսով, Շուշիի մզկիթը ոչ ավելի, քան մեկուկես դարի հնության կառույց է- Վ.Ա.), երկրորդ` Շուշիի ամրոցի պատերը` կառուցված 1783-84թ.թ.: Կառուցումը տեւել է երեք տարի: Այժմ (իր օրոք- Վ.Ա.) պետական (ցարական- Վ.Ա.) ծառայողները վերականգնել են դրանք: Որոշ տեղերում մնացել են խանական պատերի հետքերը, երրորդ` Ասկերանի զույգ բերդերը` կառուցված 1788/89թ.թ.` երկու սարերի միջեւ, որտեղով հոսում է Կարկառ գետը: Եթե պատերազմի ժամանակ այդ ամրոցներում լինի անգամ փոքրաթիվ հետեւակ, ապա թշնամին չի կարող դրանց կողքից անցնել դեպի Շուշի, չորրորդ` լեռներում` Խազինե կիրճում կառուցված շենքը եւ սենյակները, որ քարից եւ կրից կառուցված են քարայրում, այնտեղ միայն մի ճանապարհ է տանում, հինգերորդ` Խանբաղիի շենքը, որը Շուշիի ամրոցից մի փարսախ հեռավորության վրա է, վեցերորդ` Աղդամի այգու պատերը` Փանահ խանի եւ նրա երեխաների գերեզմանների վրա մեծ կամարներով եւ ջրանցքներ»: Ինչպես տեսնում ենք, իրադարձություններին ականատես եւ Իբրահիմի մոտ «վեզիր» ծառայած հեղինակն անգամ չգիտի «Խանքենդիում կառուցված դղյակների եւ այլ շինությունների» մասին: Եթե այդպիսիք եղած լինեին, նա անպայման կհիշատակեր: Քանի որ չի զլանում նույնիսկ «այգու պատերը» համարել «հիշատակության արժանի»: Միակը, որ ներկայիս Ստեփանակերտի տարածքում «խանի մասին հիշատակություն» կարելի է համարել, դա «Խանբաղի» անվանումն է, բայց նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դժվար է մեկ «շենքը» համարել «ամառանոցային դղյակներ», առավել եւս` «ավան» կամ «գյուղ»:

Իր «հուշագրում» Էլնուր Ասլանովը բնորոշ բթամտությամբ վերստին շահարկում է «Ղարաբաղի հայերի եկվոր լինելու» թեման: Նա, իհարկե, «մեծահոգաբար» չի ժխտում, որ «Ղարաբաղում հայեր նույնպես ապրել են, բայց նրանք կազմել են ընդհանուր բնակչության չնչին փոքրամասնությունը»:

Այժմ, դիմելով բացառապես միայն ադրբեջանցի վերոհիշյալ հեղինակի օգնությանը, փորձենք պարզել, թե ով երբ եւ ինչպես է հայտնվել Ղարաբաղում: Փանահի մասին նա գրում է, որ «Բայաթ ամրոցում է հավաքել իր ընտանիքը, հարազատներին, ավագներին: Շրջակայքում ապրող մարդիկ, անգամ Թավրիզի եւ Արդաբիլի մարզերի արհեստավորների եւ բնակչության մեծ մասը, լսելով Փանահ խանի հաջողությունների, մարդկանց հանդեպ նրա վերաբերմունքի եւ մարդկանց հանդեպ սիրո մասին, իրենց ընտանիքների հետ գալիս են Բայաթ»:

Պետք է հուսալ, որ Ասլանովը քարտեզի վրա գիտի գոնե իրանական Թավրիզ եւ Արդաբիլ քաղաքների տեղը: Հատկապես այդ մարդիկ են կազմել Փանահի «իլաթը», որը հետագայում նրա հետ տեղափոխվել է Տիգրանակերտ- Թառնակուտ, որին ադրբեջանցիները Շահբուլաղ են ասում, ապա եւ` Շուշի: Եվ դա եղել է Ղարաբաղում հայտնված առաջին «ադրբեջանցի» բնակչությունը: Փաստը, որ Շուշիի «ադրբեջանական» բնակչությունը տեղաբնիկ չէ, ընդունել են ծագումով շուշեցի ադրբեջանցի մտավորականներ նույնպես: Էլնուր Ասլանովը, ուզում եմ հավատալ, գոնե ադրբեջանցի դասականներին կարդացել է: Հիշեցնեմ նրան Յուսիֆ Վեզիր Չեմենզեմենլիի «Արյան մեջ» վեպը, որտեղ նկարագրված են Իբրահիմի արյունոտ կառավարման ժամանակաշրջանի դեպքերը: Խոսելով Իբրահիմի «վեզիր» մոլլա Փանահ Վագիֆի տոհմաբանությունից, Չեմենզեմենլին գրել է. «... Տանջահար ղազախցիները չգիտեին, թե որտեղ հանգիստ գտնեն: Ղարաբաղի խանության ստեղծումն ու Շուշի ամրոցի կառուցումը 1754թ. հույս էր տվել, որ քաղաք-ամրոցում, որ գտնվում էր բարձր լեռներում, մեծ ճանապարհներից մի կողմ քաշված, մարդիկ վերջապես հանգիստ կգտնեն, եւ ղազախցիներն սկսեցին Ղարաբաղ տեղափոխվել: Վագիֆը, Սաաթլի տոհմից ուրիշ տասնյոթ ընտանիքների հետ տեղափոխվել է Շուշի, հիմնել «մահալ», որն այդպես էլ կոչվել է` Սաաթլի»:

Մի քանի տարի առաջ այցելելով Արցախ, ԼՂՀ նախագահի մոտ ընդունելությանը պրոֆ. Ֆարհադ Բադալբեյլին, որի պապը ծնվել է Շուշիում, հպարտությամբ ասել է, որ ինքը «ղաջարներից է»: Իսկ թե ովքեր են «ղաջարները» եւ որն է նրանց հայրենիքը` գիտի, կարծում եմ, նույնիսկ Էլնուր Ասլանովը: Ցանկության դեպքում նման բազմաթիվ փաստեր եւս կարելի է վկայաբերել: Առայժմ, սակայն, բավարարվենք այսքանով:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4