«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2011-07-29 | #141, 2011-07-30 | #142, 2011-08-17


ԵՐԿՈՒ ԴԵՍՊԱՆ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ` ՄԻ ՏՆԻՑ

Արտառոցությունը, ասում են, երբեմն հարիր է մառախլապատ Ալբիոնի բնակիչներին, որոնք շատ հարցերում են տարբերվում կամ առնվազն ձգտում տարբերվել մայրցամաքի ներկայացուցիչներից, ինչպես արտաքին իրողությունները կղզեբնակի մոտեցմամբ չափելու, այնպես էլ մայրցամաքը որպես առավել փոքր հողակտոր դիտարկելու առումով:

Երեւանում բրիտանական դեսպանատնից տեղեկացնում են, որ Հայաստանում Միացյալ Թագավորության նոր դեսպաններ են նշանակվել: Դիվանագիտական թեմաներով անեկդոտների կամ զվարճախոսությունների շարքից չէ վերը նշվածը, որ Մեծ Բրիտանիան Հայաստանում դեսպաններ, այլ ոչ թե դեսպան է նշանակել: Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ նրա տիկին Քեթրին Ջեյն Լիչը Հայաստանում համատեղ դեսպաններ են նշանակվել 2012 թ. հունվարին պաշտոնը ստանձնելու եւ 4-ամսյա հերթագայությամբ դեսպան լինելու պայմանով:

Այն, որ նշանակված դեսպանների պարագան որեւէ որոնմամբ այլ օրինակ ունենալու արդյունք չտվեց, առանձնակի անսպասելի չէր: Բայց երկու դեսպան մեկ պետությունում, այն էլ հերթագայությամբ, բնավ էլ դիվանագիտական տրամաբանության ու պրակտիկայի դրսեւորում չէ, այլ ուղղակի արտառոցություն, որը չի կարող բացատրելի ներկայացվել ողջամիտ դատողներին:

Օրինակ, հետաքրքրական է պատկերացնել երկու դեսպանների տարբերակով դեսպանատան հետ աշխատելու պարագան, երբ մեկի հետ ձեռք բերված պայմանավորվածության ժամկետները հայտնվեն մյուսի հերթագայության ժամանակահատվածում կամ ոչ այնքան բաց թեմաների քննարկումը անհրաժեշտ լինի շարունակել այն ժամանակ, երբ ամուսնուն փոխարինի կինը կամ հակառակը: Իսկ եթե այր ու տիկին հանդես պիտի գան մեկ անունից, ինչն էլ հենց տրամաբանական է, էլ ինչ կարիք կար նման անսովոր քայլով առաջնորդվելու, հատկապես, եթե հայաստանյան պրակտիկան էլ նման փորձ չունի:

Մյուս կողմից, հենց իրենց` դեսպանների կենսագրությանը ծանոթությունը համատեղ աշխատանքի մի քանի օրինակ է ի ցույց դնում ինչպես բրիտանական դեսպանատանը Ճապոնիայում, այնպես էլ Ռուսաստանում, բայց երկու պարագայում էլ դրանք չունեն ներկայացվածության այդքան բարձր աստիճան, որքանի փորձ արվում է Հայաստանում:

Առավել անգլիական կորակեի այն, ինչ դեսպանների անունից տարածվել է պաշտոնական հաղորդագրության մեջ: Մասնավորապես, ինչպես նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ, «համատեղ դեսպաններն իրենց նշանակման մասին ասել են. «Ուրախ ենք, որ նշանակվել ենք Հայաստանում համատեղ դեսպաններ...»: Տպավորիչ է, որ ոչ միայն նշանակողն է խոսում հոգնակիով, այլեւ նշանակվածները:

Ի դեպ, սեպտեմբերի վերջին իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը կանցնի նաեւ Բաքվում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանը, եւ նկատենք, որ Ադրբեջանի պարագայում Միացյալ Թագավորությունը բավարարվել է մեկ դեսպանով` Լյուքսեմբուրգում նախկին դեսպան Փիթեր Բեյթմանին տեղափոխելով Բաքու: Իսկ Հայաստանի պարագայում թեեւ նորանշանակ դեսպանները բավականին ծանոթ են հարավկովկասյան հարցերին վերլուծաբանական մակարդակով, այդուհանդերձ, դժվար թե նրանց նշանակողն առաջնորդվել է հայկական «շատ լինի, քիչ չլինի» տարբերակով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4