«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2011-07-29 | #141, 2011-07-30 | #142, 2011-08-17


ԵՐԲ ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՆԵՐԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

Կամ ինչու «Աղվերան»-ը դարձավ «Golden Palace»

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում ՀՌԱԿ-ի մեջ եւ շուրջը, կարելի է զավեշտական համարել, եթե այդ կուսակցությունը չկրեր Ռամկավար անունը, այս դեպքում հասկանում ես, որ ավանդական կուսակցության գլուխ անցած ավանտյուրիստները իրենց հերթական ժուլիկություններն են կատարումՙ վարկաբեկելով ոչ միայն իրենց, այլեւ մի ամբողջ կուսակցության: Կատարվածին եւ դրա պատճառներին «Ազգը» հետագայում ավելի մանրամասն կանդրադառնա: Այս պահին միայն հայտնի է, որ տեղի ունեցած «հեղաշրջման» փորձը իրականացվել է մանր ստախոսների դասական եղանակով: Նախ տարածվել է հաղորդագրություն, որ «օգոստոսի 14-ին տեղի կունենա ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Պատգամավորական ժողովի 2-րդ նիստ «Աղվերան» հյուրանոցի մեծ սրահում ժամը 14:00-ին», եւ մասնակիցները պետք է հավաքվեն Երեւանի Շահումյան հրապարակում ավտոբուսներով մեկնելու համար, սակայն այնտեղ հավաքվածները, այդ թվում նաեւ լրագրողներ, ոչ ավտուբուս են տեսել եւ ոչ էլ հաղորդագրություն ստացել, թե ինչ է կատարվում: Ինչպես հետագայում հայտնի է դարձել, ժողովը իբր կայացել է Երեւանի «Golden Palace» հյուրանոցում, հավանաբար ավելի նեղ, ընկերական շրջապատում: Ի դեպ, մեր փորձըՙ «Golden Palace» հյուրանոցի ղեկավարությունից պարզել եղելությունը, ավարտվեց անհաջողությամբ, հյուրանոցի ադմինիստրացիան հրաժարվեց այդ հարցին պատասխանել, այնպես որ կարելի է նաեւ կասկածի տակ դնել, թե արդյոք այդ հյուրանոցում ընդհանրապես ինչ-որ բան տեղի՞ է ունեցել: Ինչեւէ, Անտինյանի ճակատագիրը չէ, որ մեզ տվյալ դեպքում հուզում է, այլ այն փաստը, որ ավանդական կուսակցության անունը ամեն օր վարկաբեկվում է մարդկանց կողմից, որոնց մտավոր ու բարոյական չափանիշները հայտնի են բոլորին: Պարզ է, որ ՀՌԱԿ նախկինների վերադարձը չէր կայանա առանցՙ այսպես կոչված ՌԱԿ կենտ. վարչության ատենապետ Մայք Խարապյանի համաձայնության, որն իր ժամանակին նման «դասական» եղանակով կեղծ համագումար իրականացրեց Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, իսկ այժմ իր աշակերտներըՙ «Golden Palace»-ում: Կարող ենք ավելացնել, որ կատարվածը կուսակցությունների մասին օրենքի տեսանկյունից հակաօրինական է, որը դեռ պետք է իր գնահատականին արժանանա:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4