«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2011-07-29 | #141, 2011-07-30 | #142, 2011-08-17


ԷՍ ՄԻ ՌԱՈՒՆԴԸ ԿՈՒՏ ԳՆԱՑ, ԲԵՐԵՔ ՄԵԿԵԼԸ

Օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ` ոստիկանության եւ ՀԱԿ-ի ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպին հաջորդած իրադարձություններից հետո ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել էր, թե ձերբակալված ակտիվիստների կարգավիճակից է կախված ՀԱԿ-իշխանություն երկխոսության շարունակության հարցը: Սակայն երեկ Հայաստանի ոստիկանությունը մեղադրանք առաջադրեց ՀԱԿ-ի եւս երեք ակտիվիստի, որոնք ավելի վաղ (օգոստոսի 12-ին) ազատ էին արձակվել ժամանակավոր պահման մեկուսարանից. ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժինը մեղադրանք առաջադրեց Արեգ Գեւորգյանին, Սահակ Մուրադյանին եւ Դավիթ Քիրամիջյանին 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով (խուլիգանություն): Ավելի վաղ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի նկատմամբ երկամսյա կալանք-խափանման միջոցի կիրառման որոշում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ընդունել էր օգոստոսի 12-ին: «Ազգի» ընթերցողներին հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի 7 ակտիվիստ բերման է ենթարկվել, երբ, իրենց խոսքերով, փորձել են միջամտել պետական պահպանության ծառայության կողմից անցորդների խուզարկությանը` հիմնավորում պահանջելով այդպիսի գործողությունների համար, որից հետո էլ բռնությունների ենթարկվել ոստիկանների կողմից: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մամուլի ասուլիսում հերքել էր բռնության փաստերը` դրանք վերահասցեագրելով ՀԱԿ-ի ակտիվիստներին: Այսպես թե այնպես` շատ հարկավոր միջադեպ է դուրս գալիս օգոստոսի 9-ին տեղի ունեցածը` ՀԱԿ-իշխանություն փոխադարձ շանտաժի առումով, իսկ թե ո՞վ է ճիշտ, ով ոչ` այս հարցի պատասխանը մենք չէ, որ պիտի տանք:

Միայն կարող ենք ասել, որ իշխանություն-ՀԱԿ երկխոսության ֆոնին ե՛ւ իրավապահ մարմինները պետք է պրոֆեսիոնալ աշխատեին այնքան, որ այդպիսի գործողություններ թույլ չտային, ե՛ւ ՀԱԿ-ի ակտիվիստները, եթե իսկապես նրանց շեֆերը սպասելիք ունեին երկխոսությունից եւ ձեւ չէին անում, պետք է զգուշացված լինեին որեւէ սադրանքի մեջ չհայտնվելու առումով: Այսպես թե այնպես` ՀԱԿ-ը երկխոսության հերթական ռաունդից առաջ սպառնում էր, որ եթե ակտիվիստներին ազատ չարձակեն` երկխոսությունը կդադարեցվի, իսկ դրան ի պատասխան էլ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, թե հոռացումն այնպիսին է (ՀԱԿ-ին նկատի ունի), որ իրենց թվում է` բանը բանից անցել է... «ոչ մի բան էլ չի լինի, եւ չեմ կարծում, որ դրանով մեր պետության քաղաքական գործընթացները կխորտակվեն կամ կխառնվեն», եւ` «նման ինտրիգներ Կոնգրեսից ողջ ընթացքում սպասելի էր»: Սահակյանի կարծիքով երկխոսության դադարեցման պրոցեսը ավելի կապված կլինի իշխանական խմբի ներկայացրած հակափաստարկներին, մանավանդ իշխանական երկխոսող խումբն արդեն հակափաստարկները պատրաստել էր:

Մի խոսքով` ՀԱԿ-ի մյուս ակտիվիստներին մեղադրանքի առաջադրումը հայտնի դարձավ երեկ օրվա երկրորդ կեսին, երբ այս բոլոր իրադարձությունների ֆոնին, այնուամենայնիվ, երկխոսության երեկվա ռաունդին մասնակցելու վերաբերյալ որոշումը երեկ առավոտյան ՀԱԿ-ն արդեն կայացրել էր: Ավելի վաղ մի ծավալուն փաստաթղթով ՀԱԿ-ը հիմնավորել էր, թե ինչու պետք է Հայաստանում անցկացնել արտահերթ ընտրություններ: Իսկ ահա երեկ կոալիցիոն խումբն էր մի 100-էջանոց հակափաստարկների եւ առարկությունների փաստաթուղթ ներկայացնելու, թե ինչու չպետք է անցկացնել արտահերթ ընտրություններ: Երեկ երկխոսական հերթական ռաունդը տեւեց մոտ երկու ժամ (նախորդ ռաունդների չորս կամ հինգ ժամերի համեմատ դա ակնթարթ է), որից հետո ՀԱԿ-ի Լեւոն Զուրաբյանն ու իշխանական խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը միասին մոտեցան լրագրողներին, համատեղ հայտարարություն արեցին (Լեւոն Զուրաբյանի շուրթերով), թե այսպես ու այսպես, քննարկել ենք ոստիկանության աշխատակիցների եւ ՀԱԿ-ի ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպը` նախնական պայմանավորվածության հանգելով շարունակել քննարկումն ուրբաթՙ օգոստոսի 19-ին: Միաժամանակ երկխոսողները պայմանավորվածություն են ձեռք բերել ձեռնպահ մնալ միջադեպի մանրամասները մեկնաբանելուց, այնպես որ լրագրողների հարցերին երկխոսողները չպատասխանեցին: Իշխանական կողմն իր հակափաստարկները փաստորեն չի ներկայացրել, եւ միակ քննարկվող նյութը եղել է ՀԱԿ-ի ակտիվիստների ձերբակալությունը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4