Անգործ քաղաքացիների թիվը գերազանցում է 3000-ը
Երբ մայրաքաղաքում սոցիալական ծանր իրավիճակ է, երբ գործազրկությունը հասել է բարձրակետի, երբ արտագաղթի չափերը արդեն սպառնում են ազգային անվտանգությանը, երկրի սոցիալական վիճակը մեղմելու փոխարեն, փակվում են աշխատատեղեր, մարդկանց ստիպում են դառնալ գործազուրկ: Մի քանի ամսվա ընթացքում քաղաքացիներին բազմաթիվ անհարմարություններ, խնդիրներ պատճառած քաղաքապետարանի հերթական որոշումը վերաբերում էր կրպակատերերին: Կարելի է ասելՙ քաղաքապետի Drive-ը հասավ կրպակատերերին:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ապամոնտաժվելու են մայրաքաղաքում գործող անօրինական, չգործող, ժամկետանց պայմանագրերով գործող եւ քաղաքաշինական չափորոշիչներին չհամապատասխանող կրպակները: Քաղաքապետարանի տվյալներովՙ ապամոնտաժվող կրպակների թիվը մի քանի հազար է: Արդեն ապամոտաժվել են 1200 «չգործող կամ իրավական թերի հիմքերի վրա գործող» կրպակներ:
Կարեն Կարապետյանի ցանկությունը` տեսնել մայրաքաղաքը բարեկարգ, կանաչապատ ու գեղեցիկ, գովելի եւ ողջունելի է, սակայն այդ նպատակին հասնելու համար քաղաքի գլխավոր կառավարիչը արդյո՞ք ճիշտ ճանապարհ է ընտրել:
Քաղաքապետի ընդունած մի շարք որոշումներից տուժում են քաղաքացիները: Նրա կացնի տակ են ընկնում հիմնականում անապահով խավի ներկայացուցիչները: Միայն վերջին որոշումից գործազուրկ է մնացել մի քանի հազար երեւանցի: Կարծես վատ ավանդույթ է դառնում, որ քաղաքապետը երեկոյան որոշում է կայացնում, առավոտյան իրականացնում: Մինչդեռ քաղաքի համար որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է լսել նաեւ քաղաքացու կարծիքը: Մինչ քաղաքացուն աշխատանքից, ապրուստի միակ միջոցից զրկելը նախ մտածել այլընտրանքային աշխատանք առաջարկելու ուղղությամբ, որպեսզի քաղաքացին չդառնա գործազուրկ: Առավել մարդկային որոշում կլիներ, եթե քաղաքապետը մեկ կամ երկու ամիս ժամանակ տար կրպակատերերինՙ հարցերը լուծելու համար, խորհրդակցեր նրանց հետ կամ քաղաքի վարդագույն տեսքը պահպանելու համար բոլոր կրպակները նույն ոճով վերանորոգելու համար մատչելի վարկեր գտներ:
Զարմանալի իրավիճակ է ստացվում` արդեն որերորդ անգամ քաղաքապետարանը նախ որոշում է կայացնում, հետո հանդիպում հասարակական քննադատության եւ միայն դժգոհությունների ալիքից հետո գլխի ընկնում, որ սխալ կետից է սկսել: Ու մինչ մի քանի հազար մարդ դառնում են անգործ, քաղաքապետարանում սկսում են նախագծեր մշակել նրանց աշխատանքի տեղավորելու ուղղությամբ: Մինչ նախագծերը մշակվում են, հաստատվում, կառուցվում` անցնում են ամիսներ: Այդ ընթացքում մարդիկ հիասթափվում են, բարկանում, վիրավորվում, կորցնում վստահություն եւ հույս իշխանությունների նկատմամբ:
Գլխավոր հարցը, որ այսօր պետք է անհանգստացնի քաղաքապետին` ինչպե՞ս անել, որ կանաչապատ, վարդագույն, բարեկարգ Երեւան կառուցելուն զուգահեռ մարդիկ սոված չմնան:
Կրպակների ապամոնտաժման վերաբերյալ քաղաքապետի որոշումն ու մի շարք բացատրությունները պետք է գրավեն իրավապահ մարմինների ուշադրությունը:
Եթե քաղաքապետարանից հայտարարում են, որ կան իրավական թերի հիմքերի վրա գործող կրպակներ, նշանակում էՙ նախկին քաղաքապետները ժամանակին անօրինական գործողություններ են կատարել, օրենք խախտել: Սա արդեն դառնում է իրավական հարց ու պահանջում, որ իրավապահ մարմինները նմանօրինակ կրպակների փաստաթղթերը ստուգեին, հետաքննություն անցկացնեին ու մեղավոր պաշտոնյաներին համապատասխան պատիժ տային: Բայց դա չի արվում: Դրա փոխարեն ոստիկանությունը աչքի է ընկնում մարդու իրավունքները խախտելով: Օգոստոսի 10-ին Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում կրպակների ապամոնտաժման ընթացքում քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցների գործունեությանը երեկ անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` հաստատելով, որ վերոնշյալ կառույցների աշխատակիցները մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են կատարել: «Կրպակների ապամոնտաժման մասին քաղաքապետարանից ապօրինի ծանուցումներ են ստացել օրինական հիմքերով եւ գործող պայմանագրերով տարածքը զբաղեցնող կրպակատերերը, մինչդեռ ծանուցումները պետք է ուղարկվեին միայն անօրինական տեղադրված կրպակների տերերին` փաստաթղթերը նախապես ուսումնասիրելուց հետո: Ապամոնտաժման պահին 13 կրպակներից 5-ի դեպքում կրպակատերերը ներկայացրել են սեփականության իրավունքի վկայականներ, որոնք հաշվի չեն առնվել», ասված է պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ: Անդրեասյանը փաստում է, որ ոստիկանության աշխատակիցները խախտել են կրպակատերերի գույքային եւ անձնական անձեռնմխելիության իրավունքն ու բռնություն գործադրել միջադեպին ներկա կանանց նկատմամբ:
Մարդու իրավունքների նման կոպիտ ոտնահարումները կանխելու նպատակով ՄԻՊ-ը քաղաքապետարանին առաջարկել է մինչ Երեւանի արտաքին տեսքի բարելավումն իրականացնելը իրավաբանորեն ապահովել առանձին անհատների իրավունքների եւ կենսապահովման խնդիրների պաշտպանությունը, գործել այն համոզմամբ, որ ի տարբերություն բիզնեսի կառավարման, որտեղ առաջին հերթին կարեւոր են արդյունքները, հանրային կառավարման դեպքում` հաճախ այդ արդյունքից առավել կարեւոր են գործընթացները եւ նպատակին հասնելու միջոցները: Առաջնորդվել սկզբունքով, որ մայրաքաղաքի ղեկավարությունը բոլորինն է` հարուստներին ու անապահովներինը: Մինչդեռ քաղաքի բարեկարգման մի շարք նախաձեռնություններ բացասաբար են ազդում սոցիալապես անապահով որոշ խավերի վրա եւ գոհացնում են միջին եւ բարձր կենսամակարդակ ունեցող անձանց: Տարբեր շահեր շոշափող համարձակ նախաձեռնություններում նախապես իրականացված լայն եւ հրապարակային քննարկման արդյունքում հաշվի առնել քաղաքացիական հասարակության տեսակետը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ