Երեկ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մեկնարկեց Orange հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կայցելեն Շիրակի մարզի երկու քաղաքային եւ 44 գյուղական համայնքներ. օգոստոսի 16-ից 20-ը` Անիի շրջան, օգոստոսի 22-ից 31-ը` Արթիկի շրջան, սեպտեմբերի 1-ից 14-ը` Ախուրյանի շրջան, սեպտեմբերի 14-ին եւ 15-ին` Աշոցք եւ Ամասիա: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի սեպտեմբերի 6-ից 10` Մարալիկում, սեպտեմբերի 12-ից 17-ը` Արթիկում եւ սեպտեմբերի 19-ից 30-ը` Ախուրյանում:
Ծրագրի շրջանակում երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում ակնային զննումների հետ զուգահեռ կանցկացվեն նաեւ ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:
«Երջանիկ ենք միանալ այս գործին, քանի որ ունենք պրոֆեսիոնալ ու գործին նվիրված գործընկերներ, իսկ ծրագրի արդյունքում բազմաթիվ մարդկանց համար կյանքը նոր գույներ կստանա: Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլեւ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Ակնաբուժությունը նոր ոլորտ է Orange հիմնադրամի համար Հայաստանում, ու մենք ակնկալում ենք, որ այս ծրագրի հաջողության դեպքում մեր համագործակցությունը շարունակական կդառնա: Բոլորին կոչ ենք անում այցելել եւ ստուգել տեսողությունը, նույնիսկ եթե կոնկրետ խնդիրներ այս պահին չունեն. կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը, երբ տեսողությունն արդեն վատացած լինի», ասաց Orange Արմենիա Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը :
«Հայկական ակնաբուժության նախագիծն արդեն չորրորդ անգամ է այցելում Շիրակի մարզ: Նախորդ երեք այցելությունների ժամանակ մեզ հաջողվել է հետազոտել շուրջ 17 հազար բնակչի, իրականացնել շուրջ 1200 վիրահատություն, իսկ մոտ 4000 մարդ ակնոց է ստացել: Օrange հիմնադրամի հետ համատեղ այս ծրագրի շրջանակում այս անգամ նախատեսվում է իրականացնել շուրջ 3000 մեծահասակների եւ 1200 երեխաների ակնային զննումներ, կատարել մոտ 250 վիրահատություն եւ լազերային բուժումներ, ինչպես նաեւ տրամադրել շուրջ 1200 ակնոց: Անչափ կարեւոր է նշել, որ Orange հիմնադրամի աջակցությամբ այս անգամ նաեւ հնարավոր կլինի ակնային զննումներ իրականացնել դպրոցներում երեխաների համար, ինչը մեծ նշանակություն ունի ակնային խնդիրների կանխարգելման գործում»,- ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը :
Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange հիմնադրամը տրամադրել է 9 միլիոն դրամ: Շարժական հիվանդանոցը, որտեղ կիրականացվեն բուժումներն ու վիրահատությունները, զինված է ամենաժամանակակից տեխնիկական միջոցներովՙ ղեկավարում է Երեւանի Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկ Ասատուր Հովսեփյանը:
Բնակչության ակնային զննումների աշխատանքներում ՀԱՆ-ը նաեւ ակնկալում է տեղի ակնաբույժների ներգրավումը, ովքեր կաջակցեն բուժման եւ ակնոցների կարիք ունեցող մարդկանց հայտնաբերման գործում:
Լրացուցիչ տեղեկությունների համար Շիրակի մարզի բնակիչները պետք է հետեւեն իրենց համայնքներում փակցված հայտարարություններին եւ տեղի ԶԼՄ-ների հաղորդումներին, ինչպես նաեւ դիմեն տեղի բուժկետ կամ մարզպետարանի առողջապահության բաժին:
Աշխատանքների եւ այցերի ստույգ ժամանակացույցը կարելի է գտնել www.eyecareproject-armenia.com կայքում: